Արգելքը վերաբերում է 16 ընկերության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օրերս հաստատեց, որ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» ընկերությունը հայկական 16 ընկերության արգելել է միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա, եւ այդ որոշումն ուժի մեջ է հուլիսի 15-ից։ ՍԱՏՄ-ն պատասխան նամակով տեղեկացրել էր, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայության հարցը կարգավորելու ուղղությամբ։ Տեսչական մարմինը նշում է, որ, բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսում է պարբերական լաբորատոր հսկողություն իրականացնել՝ նման խնդիրները բացառելու նպատակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») տեղեկացրել էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ։ Իհարկե, նման որոշումները, որպես կանոն, քաղաքական որոշումներ են` պայմանավորված ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությամբ, բայց ամեն դեպքում ուշագրավ է, թե ինչպես է ՍԱՏՄ-ն կարգավորելու այս հարցը:
Ըստ ռուսական կողմի՝ նրանք մեկ ամիս առաջ են տեղեկացրել խնդրի մասին եւ հորդորել՝ ծառայողական քննություն նշանակել եւ իրենց տեղեկացնել, թե ինչ է արվում հարցը կարգավորելու համար։ Իսկ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նշում է, որ նման նամակ ստացել է հուլիսի 17-ին, այսինքն` արգելքը կիրառվելու մեկնարկից 2 օր անց: Ասում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, եւ իրենք վերահսկողական միջոցառումներ են սկսել, մասնավորապես հայ-ռուսական կառույցների միջեւ բանակցություններ եւ այլն։
Ի վերջո` ի՞նչ տեսակի պտուղ-բանջարեղեն են արգելել արտահանել Ռուսաստան, ի՞նչ քայլեր են արվում իրավիճակը կարգավորելու համար, որ գյուղացին, արտահանողները չտուժեն, եւ որքա՞ն կարող է տեւել ռուսական կողմի արգելքը: ՍԱՏՄ մամուլի խոսնակը «Հրապարակին» հայտնեց. «Մենք այդ 16 տնտեսվարողների մոտ վերահսկողություն ենք իրականացնում` հասկանալու համար, թե որտեղ է խնդիրը: Ինչ վերաբերում է, թե որ տեսակի ապրանքներին է վերաբերում արգելքը, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին արտահանվել են տարբեր պտուղ-բանջարեղեններ, իսկ արգելքը վերաբերում է կոնկրետ այդ ընկերություններին` բոլոր պտուղ-բանջարեղեններին: Այլ ընկերություններից ցանկացած պտուղ-բանջարեղեն կարող է շատ հանգիստ արտահանվել, որեւէ խնդիր չկա: Այդ արգելքը վերաբերում է միայն այդ ընկերություններին, ստուգումներ ենք իրականացնում, ապրանքը կրկնակի ստուգման էլ կուղարկենք, արդյունքները կուղարկենք Մոսկվա, եւ խնդիրը կկարգավորվի»:
Կարծիքներ