Քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները․ Դ․ Խաժակյան

Քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները․ Դ․ Խաժակյան

Աբսուրդ է, որ քաղաքապետարանի ավագանին ընդունում է որոշում, իսկ քաղաքապետարանի աշխատակազմը այդ որոշումն անտեսում է և խզում է որոշման հիմքով կնքված պայմանագրերը։ Սա անընդունելի է և նշանակում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը վերազանցում է իր լիազորությունները․ եթե կայացվել է ավագանու որոշում, քաղաքապետարանի աշխատակազմն այն ի կատար չածելու իրավասություն չունի։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Բյուզանդի 1/3 և այլ հասցեներում տարբեր իրավաբանական անձանց անհատույց տրամադրված տարածքներին։ Նա հիշեցրեց, որ 2 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի ավագանին հաստատել էր Բյուզանդի 1/3 հասցեում մի շարք տարածքներին անհատույց տրամադրման վերաբերյալ որոշում, որոնք վերաբերել են լրատավամիջոցներին և որոշմանը ավագանու անդամները հոժարակամ կողմ են քվեարկել՝ գտնելով, որ լրատվական, հասարակական կազմակերպությունները կարող են քաղաքապետարանից ստանալ աջակցություն»։

«Չանդրադառնալով էդ բանավեճին, թե ինչ սկզբունքներով են տրամադրվել, որ կազմակերպություններին, որովհետև, ի վերջո, դրանք քննարկելի հարցեր են, և բանը հասել է նրան, որ քաղաքապետարանը ի դեմս քաղաքապետի և քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի հանդիսանում է այդ աճուրդների կազմակերպման ղեկավարը, կայացնում է որոշում, որը, ըստ էության, շրջանցում է ավագանուն։ Դավիթ Խաժակյանը դիտարկմանը, թե միգուցե իրենց չեն համարում նախկին ահագանու իրավահաջորդ, նկատեց, որ նման խնդիր չկա, և որ որևէ մեկը չի կարող չեղարկել ավագանու որոշումը՝ առանց ավագանու նոր որոշման։ Այնպես որ, ըստ Խաժակյանի, քաղաքապետը պետք է սպասեր, որ որոշման ժամկետները լրանային և կրկին ավագանին հարցը քննարկեր՝ հատկացնե՞լ, թե ոչ։

Դավիթ Խաժակյանը հայտնեց, թե ամեն դեպքում, ոչ թե լրատվամիջոցներին դուրս վռնդելու մասին է կամ տարածքներն այլ լրատվամիջոցներին տրամադրելու մասին է, այլ այդ տարածքներից մի քանի դրամ ավել ստանալու։ Մոտեցում, որը, ըստ Խաժակյանի, ընդունելի չէ, քանի որ խոսք չի կարող լինել շատ մեծ գումարների մասին մեկ և երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ Բյուզանդի 1/3 հասցեի շենքային պայմանները այն չեն, որ մեկնաբանվի, թե լրատվամիջոցներին ինչ-որ մի մեծ լավություն է արվում։

Նշենք, որ անհատույց օգտագործման իրավունք ստացած խմբագրությունները իրենց միջոցով են վերականգնել նախկինում ախոռի նմանվող տարածքները, և պարզ է, եթե իմանային, որ 2 տարով չի տրվում, նման փողեր չէին ծախսի։

Հիշեցնենք, որ աշխատակազմի մեկնաբանությամբ՝ դա արվում է քաղաքապետարանի կողմից իր տիրապետության տակ գտնվող շենքերի կառավարման արդյունավետության նպատակով։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ ասելով, որ ոչ ոք խմբագրություններին վտարելու խնդիր չի դրել, որ ծանուցումները բոլոր իրավաբանական անձանց ուղարկվել են տիպային ձևաթղթերով ու տեքստերով։ Ավելին, ըստ Անի Խաչատրյանի, աշխատակազմը թերևս չի իմացել, որ խոսքը կոնկրետ խմբագրությունների մասին է։ Ինչին առարկեց իր խմբակցության ղեկավարն՝ ասելով, որ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը հազիվ թե չիմանային, թե խոսքը կոնկրետ խմբագրությունների մասին է։

Անի Խաչատրյանն էլ նշեց, թե նման քայլ պետք էր, որովհետև շենքում, մեղմ ասած, անհասկանալի վիճակ է, և կան տարածքներ, որոնք վարձակալության են տրվել քառակուսի մետրը 500 դրամով ու դրանք վերավարձակալության են տրվել ինչ-որ մարդկանց կողմից 2000 դրամով։ «Սա էր պատճառը, ես կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը բարձրացավ և կոպիտ ասած, ռասկլադին ճիշտ չէին տիրապետում։ Էս ծանուցումները, ինձ թվում է, չեմ ուզում արդարացնել, ուղղակի սխալ ձևակերպումներով»,- ասաց ավագանու անդամը։

«Փնթի կառավարում»,- տեղից նկատեց «Ելլք» խմբակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ Անի Խաչատրյանը շարունակեց՝ պնդելով, թե քաղաքի հին իշխանությունները խնամի-ծանոթ-բարեկամ-փող սկզբունքով շենքում բազում տարածքներ էին տվել և դա «նայել է պետք»։

Նաև Անի Խաչատրյանը ասում էր, կոպիտ ասած, լրատվամիջոցները լուր են վաճառում, բայց կոշիկ վաճառողն էլ վաճառում է կոշիկ, ուրեմն, ինչու՞ կոշիկ վաճառողին չտալ արտոնություն, լրատվամիջոցներին տալ։ Ապա խոսեց Անահիտ Բախշյանը՝ շարունակելով պնդել, որ քաղաքի իշխանությունները գրագետ չեն կառավարման հմտություններում։ «Երեկ լսեցինք թատրոնների ՊՈԱԿ-ների հետ կապված հարցը, հետո պարզվեց, որ սևագիր թուղթ է, դա նախագիծ է և այլն, և նման բաներ վերջերս շատ են լինում։ Հրապարակ է նետվում ինչ-որ նախագիծ, հետո պարզվում է՝ սևագիր է, նախագիծ է»,- ասաց տիկին Բախշյանը։