Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում

Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում

Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն արդեն երկու օր է՝ գնում են աշխատանքի, անգամ ԲԴԽ նիստերին են մասնակցել։ Սակայն Ջհանգիրյանին, ինչպես նա ակնկալում էր ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ում աղ ու հացով չեն դիմավորել։ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը, ով, ի դեպ, ժամանակին Ջհանգիրյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է եղել, մեր հարցին՝ ինչպե՞ս դիմավորեցիք նոր անդամներին, ասաց՝ ոնց որ բոլոր նոր անդամներին։ «Եկել են, ասել ենք՝ բարով եք եկել, նորմալ, անփորձանք աշխատանք ենք ցանկանում»,- ասաց Չիչոյանը։

- Աղ ու հաց չկա՞ր «դիմավորման արարողության» մեջ, Ջհանգիրյանն ակնարկում էր, որ երբ ինքը գնա ԲԴԽ, իրեն պետք է աղ ու հա դցովիմավորեն։

- Իհարկե, ոչ, որեւէ մեկին մենք աղ ու հացով չենք դիմավորել, բնականաբար, նաեւ Ջհանգիրյանին չէինք կարող աղ ու հացով դիմավորել։ Կամ՝ էդ ի՞նչ դիմավորելու ձեւ ա, աղ ու հացով հիմա ո՞ւմ են դիմավորում Բարձրագույն դատական խորհրդում։

- Ի դեպ, ասում են՝ Ջհանգիրյանը հավակնում է ԲԴԽ նախագահի պաշտոնին, կամ իշխանություններն են ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում։

- Ես տեղյակ չեմ Ջհանգիրյանի հավակնություններից, ինչպես նաեւ իշխանության հավակնություններից։ Մենք ունենք ընտրված ԲԴԽ նախագահ՝ Ռուբեն Վարդազարյանը, որն ընտրվել է հինգ տարով, կարծում եմ, եթե ինքն անձամբ հրաժարական չտա, ապա պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել նշված ժամկետում։

- Ջհանգիրյանի հայտարարություններին՝ ԱԺ ամբիոնից, ԲԴԽ-ի ու դատական համակարգի հետ կապված որոշ գնահատականներին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Որոշ հարցերին՝ նորմալ, որոշ հարցերի մասով էլ կարող է իմ կարծիքը ես ունենամ։

- Ո՞ր հարցերի դեպքում, օրինակ։

- Դե, հիմա էս պահին չեմ ուզում բարձրաձայնել։

- Տպավորություն էր, որ նա կանխակալ վերաբերմունքով է գալիս դատական համակարգ, ԲԴԽ։ Օրինակ, առանց գործի նյութերին ծանոթանալու, ասում էր՝ դատավոր կա, որ զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողին ազատ է արձակում։

- ԲԴԽ որեւէ անդամ իրավունք չունի առանց վարույթն ունենալու որեւէ դիրքորոշում հայտնել դատավորի ցանկացած որոշման հետ կապված։ Քանի դեռ այդ հարցը չի եկել ԲԴԽ, ԲԴԽ որեւէ անդամ իրավունք չունի դիրքորոշում հայտնել էդ ակտի հետ կապված։

- Գագիկ Ջհանգիրյանն այդ պահին, երբ նման կարծիք հայտնեց, դեռեւս ԲԴԽ անդամի թեկնածու էր, ոչ՝ անդամ։

- Դե, թեկնածու էր, դա արդեն չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, բայց էս պահին, ասում եմ, խորհրդի որեւէ անդամ իրավունք չունի ակտի հետ կապված դիրքորոշում հայտնել։

- Մամուլում գրվեց, որ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գալիս են, որպեսզի ԲԴԽ-ում հավասարակշռությունը թեքեն հօգուտ իշխանության եւ քաղաքական առումով իրավիճակ փոխեն։

- Չկա նման խոսակցություն մեզ մոտ, դա մամուլի կամ ինչ-որ ուժերի դիրքորոշումը կամ մտածողությունն է։

- Հաշվի առնելով, որ Ջհանգիրյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից է եւ առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցությունից, Դավիթ Խաչատուրյանին նույնպես իշխանական խմբակցությունն է առաջադրել, կարելի՞ է ասել, որ նրանք իշխանության սրտի թեկնածուներն են, եւ պատահական չէ նրանց այստեղ գործուղելը։

- Ես էդպես չեմ մտածում, նրանք գիտնական անդամներ են, եւ օրենքով է դա՝ ինչ-որ մի խմբակցություն պետք է առաջադրեր։ Հիմա էս պահին, եթե Ջհանգիրյանին կամ Խաչատուրյանին «Իմ քայլն» է առաջադրել, դա չի նշանակում, որ նրանք իշխանահաճո թեկնածուներ են։ Դրանից առաջ էլ մենք ունեցել ենք «Իմ քայլից» առաջադրված թեկնածուներ, օրինակ՝ Գրիգոր Բեքմեզյանը․ մարդը շատ օբյեկտիվ աշխատում է։ Ու ես չեմ կարող ասել, որ Բեքմեզյանը, առաջադրված լինելով «Իմ քայլից», իշխանության թելն է մանում։

- Բայց ասում են՝ նրանք գալիս են դատական համակարգն իրենց բռի մեջ հավաքելու։

- Խորհուրդը տասը անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի, որովհետեւ մեծամասնություն չեն։

- Վստա՞հ եք, որ հենց այս երկու անդամն են, այլ մարդիկ չեն միանա իշխանական թեւին։

- Ապագայի մասին կանխատեսումներ չանենք։

- Ի դեպ, Դավիթ Խաչատուրյանի հետ կապված խնդիր կա՝ շահերի բախում․ նա, լինելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը, որպես ԲԴԽ անդամ՝ ինչպե՞ս է գործելու։ Դուք ի՞նչ եք մտածում այս մասով։

- Ես մտածում եմ, որ ՀՔԾ-ում եղբայր ունենալը էստեղ շահերի բախման հետ կապված որեւէ խնդիր չի կարող լինել, քանի որ ՀՔԾ-ն Բարձրագույն դտական խորհրդում որևէ միջնորդություն չի կարող հարուցել, միջնորդություն կարող է հարուցել միայն գլխավոր դատախազությունը, և բայց էս պահին պրակտիկայում էլ չի եղել մի դեպք, որ ՀՔԾ-ի հետ կապված՝ մենք խնդիր ունենանք, եթե ունենանք էլ, ինքնաբացարկով այդ հարցը կլուծվի։

- Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված էլ խնդրահարույց էր նրա տարիքի հարցը, որ 65 տարեկան անձն օրենքով չէր կարող դառնալ ԲԴԽ անդամ։ Ըստ Ձեզ՝ այդտեղ կա՞ր տարիքի հետ կապված խնդիր։

- Էս պահին չեմ ուզում իմ կարծիքը հայտնել, որպես ԲԴԽ անդամ՝ իրավունք էլ չունեմ իմ կարծիքն արտահայտել այդ հարցում, միգուցե հնարավոր է նման խնդիր առաջանա խորհրդում քննարկելու, արդեն իմ կարծիքը կանխակալ կդիտվի հետագայում։

- Այսինքն՝ չի բացառվում, որ խորհրդում քննարկվի այդ հարցը։

- Չեմ ասում՝ բացառվում է կամ չի բացառվում, հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Բայց այս պահին չկա նման խոսակցություն։