ԵՄ-ում համաձայն են Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է, երբ ասում է, որ Եվրամիությունը չափազանց քիչ է ծախսում իր պաշտպանության վրա։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ Նա մանրամասնել է, որ հետախուզական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը կարող է փորձել Եվրամիության պատրաստականությունը երեքից հինգ տարի հետո, դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրամիությունը ավելացնի իր ռազմական հնարավորությունները։ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ։
Ըստ այդմ, 2024 թվականին ԵՄ ռազմական ծախսերը կազմել են ԵՄ ՀՆԱ 1,9 տոկոսը։ Ռուսաստանի դեպքում այդ ծախսերը կազմել է ՌԴ ՀՆԱ 9 տոկոսը։ «Մենք միլիարդներ ենք ծախսում առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտի վրա, սակայն եթե ռազմական ծախսերը չավելացնենք, ապա մնացած ամեն ինչը կարող է հայտնվել սպառնալիքի տակ»,- ասել է Կայա Կալասը։ Նա նաեւ հավելել է, որ ավելացնելով ռազմական ծախսերը, Եվրամիությունը հստակ ազդակներ է ուղարկում ագրեսորներին։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը պահանջում է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամները, որոնց շարքում նաեւ եվրոպական երկրները, իրենց ՀՆԱ—ի 5 տոկոսը հատկացնեն պաշտպանական ոլորտին։
Կարծիքներ