Նոր մարդիկ այլ հայացքով են նայում քաղաքականությանը

Նոր մարդիկ այլ հայացքով են նայում քաղաքականությանը
Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր, ԵԱՏՄ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի նախօրեին, կարծիք հայտնեց, որ մեր երկրի քաղաքականությունը կտրուկ չի փոխվի այդ բազմանդամ կազմակերպությունում։ Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ում դինամիկ պրոցեսներ կան, կան հնարավորություններ, կա նաեւ ճգնաժամ։ Տնտեսական ոլորտում, ըստ նրա, կան խնդիրներ, եւ դրանք կապված են նավթարտադրության ընդհանուր շուկայի հետ, նավթը բոլոր երկրներին հասանելի դարձնելու հետ։

Քաղաքագետն ասաց, որ Հայաստանն այնտեղ կարող է խաղալ իր դերը եւ կարգավորել փոխհամագործակցությունը։ Ինչ վերաբերում է Դավոսում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ապա Իսկանդարյանը նշեց, որ այն ոչնչով առանձնահատուկ չէր, պետք չէ դրանից մամուլում, սոցցանցերում խուճապ ստեղծել։ Իսկ տեղեկատվության առիթը, ըստ նրա, հիմնականում վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին։ Նա հիշեց, որ նախկին իշխանությունների օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո կար ինչ-որ ձեւաչափ։ «Սերժ Սարգսյանը, որն այդ բանակցություններում որպես նախագահ ներգրավված էր տաս տարի, դրանից էլ ավելի վաղ, ուներ որոշակի փորձ, տիրապետում էր ինչ-որ ձեւաչափի, տեխնիկայի, մարդկանց հետ համագործակցության։ Դա վերաբերում էր ոչ միայն Ալիեւի, այլեւ Պուտինի, Արեւմուտքի առաջնորդների հետ հանդիպումներին։ Ես չեմ ասում՝ դա լավ էր, թե վատ, պարզապես կար ինչ-որ ձեւաչափ»,- ասաց քաղաքագետը։

Իսկ իշխանափոխությունից հետո եկան նոր մարդիկ, որոնք, քաղաքագետի կարծիքով, պետք է գտնեն համագործակցության նոր ձեւեր։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը տարեկան երկու անգամ էր մեկնում Լեռնային Ղարաբաղ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ամիսը մեկ։ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ կան բարդություններ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս, Հայաստան-Ղազախսատան հարաբերություններում։ Նրա կարծիքով՝ Հայաստանում իշխանության եկած նոր մարդիկ այլ հայացքով են նայում քաղաքականությանը։