Ռեպլիկ

Ռեպլիկ

«ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գեւորգյանի ներկայացուցիչը կառավարության աշխատակից էր և չէր ներկայացրել լիազորագիր պաշտոնյաներին դատարանում ներկայացնելու համար։Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 10-ին»։ 

Սա մեջբերում է մամուլից քաղած մի տեղեկատվությունից, և դա զարմանալի տեղեկատվություն է։ Փաստորեն Ն․ Փաշինյանի և Մ․ Գևորգյանի ներկայացուցիչը, կառավարության իրավաբանական վարչության աշխատակից լինելով, չգիտի մի բան, ինչը հստակ գիտեին նիստը նախագահող դատավոր Լ․ Սարգսյանը և Ա․ Վանեցյանի ներկայացուցիչ, փաստաբան Ա․ Կիվիրյանը, եթե վերջինիս միջնորդությամբ նիստը հետաձգվում է։
 

Հարց է առաջանում՝ իրավական այդպիսի գիտելիքների տեր անձն ինչպե՞ս է հայտնվել կառավարության իրավաբանական վարչությունում։ Այդ վարչության համար մասնագիտական առումով վիրավորական չէ՞ նման «խոր» գիտելիքներով աշխատակից ունենալ և նրան գործուղել դատարան, առավել ևս՝ եթե այդ անձը իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար է, ինչպես ենթադրել է փաստաբանը։ 

Չի բացառվում, անշուշտ, որ սույն ներկայացուցիչը համապատասխան լիազորագիր չի ունեցել ոչ թե չիմացության պատճառով, այլ կանխամտածված կերպով՝ որպեսզի այդ «հիմքով» նիստը հետաձգվի։

Բայց այս դեպքում էլ ուրիշ հարց է ծագում՝ այդպիսի «սկզբունքներո՛վ» մարդն ինչ գործ ունի կառավարությունում։