Պարտությունը առաջ բերեց նույնականության ճգնաժամ
Հարցազրույց ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանի հետ:
– Ամենևին ոչ գրական մեր ժամանակներում լույս է տեսել Ձեր «Հայոց ինքնության հիմնահարցեր» գիրքը։ Ավարտված պատերազմն իր սրբագրումները չի՞ մտցնելու նրանում։ Կատարվածի ողբերգականության համազգային գիտակցումը չի՞ «հարվածել» հայոց ինքնությանը։
– Պիտի խոստովանեմ, որ գիրքս լույս էր տեսել մինչև պատերազմը։ Պատեհ չէի համարում պատերազմի պայմաններում ներկայացնել, որովհետև սպասումների մեջ էի, ամաչում էի համընդհանուր հերոսության ու ազգային միասնության աննախադեպ վերելքի համապատկերում շեղել մեր ուշադրությունը։ Սպասում էի դեպքերի ընթացքին նաև այն առումով, որ տեսնեմ իմ կանխադրույթները կամ դիտարկումները որքանով են հիմնավոր և այլն։ Մեր դարավոր պատմության մեջ այնքան էլ շատ չեն ճակատագրական իրադարձությունները, որոնցում այս կամ այն ձևով դրսևորվում են ազգային ինքնության, հոգեկերտվածքի և նկարագրի հիմնական գծերը։ Ինքնությունը փոփոխական մեծություն է. կան հիմնասյուներ, որոնք «հավերժական» են, այսինքն՝ ազգային ինքնությունը առանց դրանց գրեթե հնարավոր չէ պատկերացնել։ Կան նաև ինքնութենական գծեր, որոնք ունեն իրադրային բնույթ․ փոխվում կամ կերպարանափոխվում են՝ կախված պատմամշակութային տեքստի ձևափոխություններից։ Պարտությունը, որը առաջ բերեց նույնականության ճգնաժամ, ցույց տվեց մեր ինքնության մեջ դեռևս առկա հնացած ու անարդյունավետ որոշ կարծրատիպերի, դիրքորոշումների, վերագրումների, իմաստավորումների կենսունակությունը։ Պարտությունը ցույց տվեց, որ մենք մեր ստեղծած միֆերի զոհերն ենք, որ մենք սրբացնում ենք այն, ինչից պիտի խուսափենք, որ անինքնաճանաչ լինելով՝ չգիտենք ընտրել մեր էությանը ներհատուկ վարքագիծ, որ հարյուր տարում ոչինչ չենք անում, սակայն ուզում ենք մի օրում անցել հարյուր տարվա ճանապարհ, որ թշնամին պատրաստ է մեզ հոշոտել, բզկտել, ոչնչացնել, իսկ մենք նրան վերագրում ենք դրական գծեր, որ շփոթում ենք իրականության իմաստավորման բարոյական և իրավաքաղաքական կողմերը, որ նախապատվությունը տալիս ենք զգացմունքներին, երազանքներին և ոչ թե տրամաբանական հաշվարկին, սթափ վերլուծությանը, և այլն, և այլն։
– Յուրաքանչյուր իշխանություն, անկախ տեսակից և նույնիսկ բովանդակությունից, իր ժողովրդի ինքնության ապահովման երաշխավորը պետք է լինի, ինչպես սահմանադրությունը՝ պետականության։ Այդ տեսանկյունից ինչպե՞ս կբնորոշեք այս իշխանությանը։
– Առհասարակ ազգային ինքնությունը կառուցարկում են ազգի մտավոր/ինտելեկտուալ ուժերը, իսկ պետականություն ունենալու դեպքում իշխանությունը պետք է ունենա ինքնության պահպանման ու արդիականացման ծրագիր։ Պետության մեջ մենք ունենք երկու ինքնություն՝ քաղաքացիական/պետական և էթնիկական/ազգային։ Քաղաքացիական ինքնության շրջանակները սահմանվում են Սահմանադրությամբ (որը, ի դեպ, հիմնականում չի կարող լինել ազգային, որովհետև ենթադրվում է, որ պետության մեջ ապրում են տարբեր ազգերի պատկանող քաղաքացիներ), և էթնիկական/ազգային՝ ազգային ինքնությունը խարսխվում է պատմականորեն ձևավորված արժեհամակարգի վրա։ Հրաշալի կլիներ, որ ՀՀ քաղաքացու և հայի ինքնությունները լինեին ներդաշնակ, ինչի պատասխանատուն էլ հենց իշխանությունն է։ Քաղաքացու ինքնությունը գտնվում է գլոբալ ուժերի հարձակման տակ։ Այդ ուժերը և նրանց տեղական գործակալները հարձակվում են ազգային ինքնության հիմնասյուների, առհասարակ ազգային արժեհամակարգի դեմ՝ նպատակ ունենալով փլուզել ամենայն ազգայինը, ազգը վերածել ամբոխի, ջնջել նրա պատմական հիշողությունը, նրա մեջ ներարկել ազգուրացության բացիլներ։
Դժբախտաբար, մեզ պարտության հասցրած իշխանությունը, լինելով տգետ, ապիկար, ստախոս, ամեն ինչ անում էր հարվածներ հասցնելու մեր ինքնության սյուներին, մեր ինքնության մեջ մտցնելու մեզ անհարիր արժեքներ։
– Ի՞նչ ասել է՝ հայոց ինքնություն․ դրանք մեր՝ որպես էթնոսի, առանձնահատկություննե՞րն են, այլություննե՞րը։ Մենք ինչո՞վ ենք «այլ»։
– Ազգային ինքնությունը պատասխանում է հետևյալ հարցերին՝ ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ ենք մեզնից ներկայացնում և ինչ ենք ուզում դառնալ։ Ազգային ինքնությունը նույնականացումների արդյունք է, իսկ դա վերաբերում է բազում բաների՝ մարմնական-կենսաբանական հատկություններ, լեզու, մշակույթ, կրոն, հոգեկերտվածք, վարքաձևեր, պատմական հիշողություն, իրականության իմաստավորման եղանակներ, վերաբերմունք կենսական արժեքների նկատմամբ և այլն։ Մենք պատմական ազգ ենք և ժամանակի ընթացքում ստեղծել ենք ինքնության տարբեր հարացույցներ (հեթանոսական, քրիստոնեական, լուսավորական, խորհրդային և այլն)։ Խնդիրն այն է, որ այդ հարացույցների մեջ գտնենք նույնականը, ինչը պիտի դառնա մեր ինքնության շարունակականության ցուցիչը։
– Ինքնության առումով ո՞ր ազգը կարող է դիտվել մեր «հարազատը», մենք ունե՞նք «եղբայրակիցներ»։
– Գոյություն ունեն ինքնության տարատեսակներ՝ քաղաքակրթական, մշակութային, սոցիալական, էթնիկական և այլն։ Ըստ այդմ մենք մեր ինքնությունը կարող ենք համեմատել։ Մենք պատկանում են եվրոպական քաղաքակրթությանը և մշակույթին (եվրոպականը խարսխվում է հունահռոմեական և քրիստոնեական արժեքների վրա), ուստի կարող ենք համեմատվել եվրոպական ազգերի հետ։ Ապրելով դրկից ազգերի հետ՝ մենք նրանց նմանվում ենք մարդաբանական, ֆիզիկական, կենցաղային շատ բաներով (հագուստ, ուտելիք, բարքեր և այլն)։ Ինքնությունը նույնության ու այլության ամբողջությունն է։ Ուրիշը սահմանագծում է մեր ինքնության սահմանները և տարբերակիչ գծերը։ Ինքնության ինքնատիպությունը կախված է մեր մտածելակերպի, զգացակերպի ու ապրելակերպի ինքնատիպությունից։ Ինքնությունների համեմատությունը անհրաժեշտություն է, որպեսզի հասկանանք մեր ինքնատիպությունը։
– Դրկից ազգերին կենցաղային «շատ բաներով նմանվելով»՝ մենք նաև մշակութային ինքնության կորուստներ ենք տալիս։ Օրինակ՝ ունենք համարյա մոռացված ազգային երգարվեստ՝ բարգավաճող ռաբիսի պայմաններում։ Մինչդեռ, օրինակ, դրկից վրացիներն այդօրինակ կորստի խնդիր կարծես չունեն։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք սա չի խոսում մեր մշակութային (այս դեպքում՝ երաժշտական) ինքնության երերուն, խոցելի վիճակի մասին։
– Հարցն ավելի ընդհանրական բնույթ ունի։ Երբ մենք գլուխ ենք գովում, թե մենք նախանձախնդիր ենք մեր ինքնության պահպանմամբ, հաճախ մոռանում ենք, որ անհոգ ու անտարբեր ենք այն ամենի նկատմամբ, ինչ կոչվում է ազգային։ Վրացիները մեզնից ավելի հետևողական են իրենց ինքնության պահպանման, ավանդույթների վերարտադրման գործում։ Օրինակ, վրացի բոլշևիկը ազգայնական էր, մեր բոլշևիկը՝ միջազգայնական։ Ինչպես դարերի ընթացքում կորցրել ենք մեր հայրենիքի մեծագույն մասը, այնպես էլ մեր ինքնության բազում շերտեր։ Վրացիները Շոթա Ռուսթավելուն այնքան են մեծարում, որ նույնիսկ ունեն առանձին հետազոտական ինստիտուտ։ Իսկ մենք հանճարեղ Նարեկացու համար կենտրոն էլ չունենք։ Մեր ազգային արժեքները մենք պահում ենք մատենադարանում, որը աշխատում է 9-ից 6-ը։ Դրանից հետո մեր մեջ լցնում ենք օտարածին թափոնը։ Մենք չենք ապրում ազգային արժեքներով, այդ արժեքները մեր կողքին են և ոչ թե մեր մեջ։ Եթե մեր մեջ չեն, հետևաբար մեզ չեն կրթում, մենք դրանցով չենք դաստիարակվում։ Մենք ցույց ենք տալիս, որ ազգայնական ենք, սակայն բավարարվում ենք ընդամենը ցույց տալով։ Այս կապակցությամբ շատ բան կա ասելու, ավելի լավ է հիմա լռեմ։
– Նոր իշխանության որդեգրած կրթական քաղաքականությունը, «իզմ»-եր բացառող նրա ընդհանուր քաղաքականությանը համահունչ, ակնհայտ նպատակասլացությամբ գնում է դեպի ապազգայնացում․ նրան սկսել է նույնիսկ «հայ» բառը խանգարել։ Մեզ ո՞ւր է տանում այդ քաղաքականությունը, եթե, անշուշտ, նրան հնարավորություն տրվի գործը մինչև վերջ հասցնել։
– Ազգային ինքնությունը պետք է գտնվի մշտական շարժի մեջ, պետք է արդիականանա և հարստանա նորանոր գաղափարներով։ Սակայն արդիականացումը չպետք է բացառի ավանդականը, այլ պետք է հենվի դրա վրա։ Ներկա իշխանավորները գործակալներ են, որոնք ինքնությունը արդիիականացնելու քողի տակ ձգտում են քարուքանդ անել մեր ինքնության կառույցը։ Իսկ ինքնության քաղաքականության մեջ առաջնային տեղ է զբաղեցնում կրթությունը. կրթական համակարգն է ձևավորում ազգային մտածողություն, ազգի համար պատասխանատու սերունդ։ Բարեբախտաբար, մենք ունենք ինքնությունը ոչնչացնող մորեխների դեմ պայքարի փորձ, ինչը չի նշանակում, թե պիտի բավարարվենք այդ պաշարով։ Իսպանացի փիլիսոփա Օրտեգա Ի-Գասեթն ասում է, որ կյանքը պայքար է և ինքնությունը գտնելու հավերժական ջանք։ Բոլոր դեպքերում՝ մենք ոչ թե մեզ պիտի կորցնենք, այլև՝ միայն գտնենք և հզորացնենք մեր ինքնությունը, այն դարձնենք ավելի մրցունակ։
– Ձեր գրքի գլուխներից մեկը կոչվում է «Դրվագներ հայոց ինքնության քրիստոնեական հարացույցի կառուցարկման»։ Քրիստոնեական․ դա ավարտվա՞ծ գործընթաց է, թե՞ արցախյան վերջին պատերազմը փոփոխություններ է պարտադրում այդ «կառուցարկմանը» ևս, և այն վերածվում է շարունակական գործընթացի։
– Քանի որ ինքնությունը ինքդ քեզ գտնելու անվերջ գործընթաց է, նշանակում է՝ այն մշտապես պետք է կառուցարկվի։ Օրինակ, հիմա հայտնվել ենք վիրտուալ աշխարհում, մտածում ու հաղորդակցվում են նոր գործիքներով ու եղանակներով, ուրեմն պիտի կառուցենք վիրտուալ իրականության բնորոշ ինքնության հարացույցներ՝ չհրաժարվելով նախկին հարացույցների որոշ տարրերից։ Օրինակ, միջնադարում մեր ինքնությունը կրոնական էր, ազգությունը նույնացվում էր կրոնի և դավանանքի հետ, ներկայումս ունենք ֆեյսբուքյան հարացույց, որում կրոնականը ընդամենը մի շերտ է։
Կարծիքներ