Համառ ու ցինիկ

Համառ ու ցինիկ

Եթե ինձ հարցնեն, թե որն է ներկա եւ նախկին իշխանությունների տարբերությունը՝ աշխատաոճի առումով, թերեւս, կդժվարանամ կոնկրետ առանձնահատկություններ նշել՝ նման են որպես երկվորյակ եղբայրներ։ Բայց մի բանում նորերը հաստատ գերազանցել են նախկիններին՝ դա ապօրինություններ իրականացնելու լկտիությունն է, ցինիզմը, անամոթությունը, որով քայլում են օրենքների, օրինականության, արդարության վրայով։ Թվում էր՝ մի քանի օր առաջ հրապարակված խոսակցության ձայնագրությունը, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի, այսինքն՝ դատարաների նկատմամբ դատարանի, դատարանների անկախությունն ու բնականոն գործունեությունը երաշխավորող մարմնի ղեկավարն ակնհայտ անօրինական ու էթիկային դեմ հայտարարություններ էր անում, իր կատարած հանցանքները խոստովանում, պետք է սթափեցներ ԲԴԽ անդամներին եւ իշխանություններին։

Պետք է ստիպեր, որ քայլեր ձեռնարկեին եւ հանցագործին հեռացնեին այդ բարձր պաշտոնից ու ապօրինաբար հալածվող նախկին նախագահի լիազորությունները վերականգնեին։ Բայց ցինիզմն այսօր ներթափանցել է բոլոր ոլորտները, անօրինականությունների կամայականության մեջ համառությունը հասել է գագաթնակետին, եւ հանցագործին պատժելու փոխարեն երեկ ԲԴԽ-ն պատժեց հանցագործության թիրախին՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Սրա նպատակը նաեւ պայքարող մարդկանց պատժելն է, իշխանությունների դեմ ելած մարդկանց ցույց տալը, որ անիմաստ գործով եք զբաղված՝ կպայքարեք Նիկոլ Փաշինյանի նշանակած ԲԴԽ նախագահի դեմ, անգամ եթե նա հանցանք է կատարել, ինքներդ կպատժվեք։ Կհայհոյեք Փաշինյանին՝ կդատվեք կամ կզոհվեք։ Կքննադատեք նրան, կհալածվեք, եւ ձեր առջեւ կփակվեն բոլոր ճանապարհները։ Կփորձեք գալ իշխանության, կզրկվեք մանդատներից, ձեզ կծաղրեն ու կհեգնեն, կվիրավորեն ու կծեծեն։