Մեր պետական հիմնը խղճուկ անվանո՛ղն է խղճուկ ու ողորմելի․․․
Օրհներգը քննադատող, վարկաբեկող ՔՊ պատգամավորները կամ ՔՊ-ական այլ պաշտոնյաներ, մի բան պիտի հիշեն՝ օրհներգը պետական հիմն է, պետական խորհրդանիշերից մեկը։ Եթե այդքանը գոնե ի մի բերեն, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նման լցված բերանով չեմ ցփնի հանրության երեսին։ Տեսեք ուր է հասել այս ՔՊ-ականի բերանի մնացորդային կտորները՝ «Ես որպես հայ չեմ ուզում լսել այդ օրհներգը»։ Սույն անձը պատկառելի տարիք ունի և ուզում եմ հարցնել նրան՝ քանի՞ անգամ է մեր պետական օրհներգի ժամանակ որպես հայ ոտքի կանգնել և հանել գլխարկը։ Քանի՜ տասնյակ տարիներ։ Եթե նրա մոտ հարգանք չի հարուցում մեր պետական օրհներգը, հարգանք թող հարուցի իր անցած ճանապարհը։ Նա ասում է, որ այդ օրհներգը մարդուն տանում է խեղճություն, իջեցում։ Իսկ ես ասում եմ՝ այդ օրհներգի ներքո մեր հաղթանակներն ենք տոնել, մենք հպարտ ենք եղել։ Այսօ՛ր ենք խեղճ, իջեցված, նսեմացված, ստորացված, պարտված։ Մեր պետական հիմնը խղճուկ անվանողը ինքն է խղճուկ ու ողորմելի։ Եվ այս խղճուկ մարդը մեր պետական հիմնը խղճուկ անվանելու համար չի դատվում, որովհետև պետական ամենաբարձր պաշտոնյայի ցուցումով են ավերում մեր Սահմանադրությունը, պետական խորհրդանիշերը։ Օրհներգը պետական հիմն է և ոչ թե ընդդիմադիր պատգամավոր, որին պիտի գզզես, վիրավորես, անպատվես։ Այդ արարքի համար, եթե իշխանություն լինի, կպատժի «լցոնած բերանով խոսողին»։
Մինչդեռ այսօր իշխանությունը պատժում է միայն իրեն որակավորում տվողին։ Այս մարդը կողմ է օրհներգի ամբողջական փոփոխության։ Եղբայր, չես ուզում այս օրհներգը, ինչու՞ ես վարկաբեկում, նվաստացնում, վիրավորում մի ողջ ազգի, որն այս օրհներգի ներքո իր հաղթանակաները, պետական արարողություններն է իրականացրել։ Ինչու՞ ես ասում․ «Ես որպես հայ չեմ ուզում լսել այդ օրհներգը, որովհետև այդ օրհներգը մարդուն տանում է դեպի խեղճություն, իջեցում»։ Մեր օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Այն նվիրված է հայրենիքի ազատության համար պայքարողին ու զոհվողին։
Այսօր նման հերոսները ձեզ համար ոչի՜նչ են և դուք ուզում եք ստեղծել հանձնվողների օրհներգ, որոնք ողջ գնդով հանձնվում են թշնամուն։ Երբ դա արվում է խայտառակ ձևով պարտված ու մեր երկիրը թշնամուն հանձնած իշխանության կողմից, դա՜ է ցնցում հանրությանը։ Դուք ուզում եք ստեղծել ոչ թե ոգեշնչող օրհներգ, այլ ձեր պարտությանը ու լռությանը համապատասխան օրհներգ։ Եվ զուր չփորձեք հազարերորդ անգամ խաբել հանրությանը, Ասլանյանի բերանով բարբառելով․ «Ես կողմ եմ օրհներգի ամբողջական փոփոխման , Մարսելյեզի նման մի բան պիտի ունենանք»։ Մարսելյեզը Ֆրանսիայի ազգային հիմնն է։ Մարսելեզցիները այդ երգը երգելով Ֆրանսիական Մեծ Հեղափոխության ժամանակ օգնության հասան Փարիզին։ Պատերազմական հիմն է, որ կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։
Իսկ դուք, դու՛ք ի՞նչ եք կոչ անում։ Հանձնվել, հանձնել, հանձնվել։ Հայրենիքի համար զոհվելը ոչի՜նչ է։ Լռի՛ր, լռե՛ք․․․
Կարծիքներ