Հեղինակության ուժը

Հեղինակության ուժը

Լուսանկարը՝ Հերբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Մարզական լրագրողի հուշերից

Վերջերս ռուսական մամուլում տպագրվեց լրագրող Յուրի Գոլշակի ծավալուն հարցազրույցը հայ ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանի հետ, որի համբավը լայնորեն տարածվեց հատկապես այն հիշարժան 1973 թվականին, երբ Երեւանի  «Արարատը» հասավ կրկնակի բարձր նվաճման՝ արժանացավ նախ ԽՍՀՄ գավաթակրի կոչման, ապա չեմպիոնի տիտղոսին, ու դրանում իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ հենց նա։ Այս անունը սկսեց շեփորվել տարբեր առիթներով, իր տեղը գտավ նաեւ Գեորգի Դանելիայի հայտնի «Միմինո» ֆիլմում, երբ Ռուբիկը (Ֆրունզե Մկրտչյան) ասում է․ «Լսի՛ր, ի՞նչ ես ուզում, եթե կինն ամեն օր դերասանների է տեսնում, ակադեմիկոսների ու տիեզերագնացների է տեսնում, տեսնում է Իշտոյանին, դու պե՞տք ես նրան»։

Ոչ պակաս հնչեղ է եւ այս անեկդոտը, որ հիշատակվեց նույն հարցազրույցում․ Գյումրի (այն ժամանակ Լենինական) է ժամանում մեծանուն Պելեն, այստեղ նրան ոչ ոք չի ճանաչում։ Նա մոտենում է տեղացիներից մեկին եւ հպարտորեն ներկայանում է․ «Ես աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստն եմ...»։ Գյումրեցին անակնկալի է գալիս, այլայլվում է, ապա չի թաքցնում հիացմունքը․ «Վայ, Լեւոն ջան, դո՞ւ ես, էս ինչ ուժգին զագառ ես ընդունել...»։

Այո, Լեւոն Իշտոյանի հեղինակությունը մեծ էր, նա պատիվ է ունեցել դառնալու Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական՝ Իսպանիայի թիմի հետ պաշտոնական խաղին (Եվրոպայի առաջնության) մասնակցելու։ Այսօր էլ նրան հարգում ու գովաբանում են, ընդ որում՝ նաեւ ԱՄՆ-ում, որտեղ ապրում է արդեն ավելի քան 30 տարի, ունի 2 դուստր եւ 6 թոռ, հաճախ այցելում է Երեւան, դե, իսկ ամերիկյան Գլենդելում տնօրինում է «Արարատ» անվամբ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը, որտեղ 16 մարզիչների ղեկավարությամբ պարապում է 270 երեխա։ Մի խոսքով, իր ճակատագրից դժգոհ չէ։ 

Իսկ այժմ՝ մի փոքր այլ պատմություն։ Գործի բերումով, տարիներ շարունակ ես կանոնավոր կերպով պատրաստում էի ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության երեւանյան խաղերի ծրագրեր, որ լույս էին տեսնում այդ հանդիպումների նախօրյակին։ Դրանցում կարճ մեկնաբանվում էր համամիութենական առաջնության ընթացքը, ներկայացվում էին մրցաշարային աղյուսակը, հակառակորդ թիմերի կազմերը, նշվում խաղացողների տարիքը, խփած գոլերի քանակը եւ այլ վիճակագրական տեղեկություններ։ Հասկանալի է, ինքս հետաքրքրվում էի տարբեր քաղաքներում այլ լեզուներով լույս տեսնող նման ծրագրերով։

Եվ ի՞նչ նկատեցի՝ երբեմն աղավաղվում էին հայ ֆուտբոլիստների անուն-ազգանունները, ավելի հաճախ՝ «Լեւոն» անունը, այն, ասես միտումնավոր, այսպես ասած, վրացականացվում էր. տպագրվում էր՝ Լեւան, Լեւան Հովսեփյան, Լեւան Իշտոյան... Սակայն շուտով հասկացա, որ սա ուներ իր տրամաբանությունը։ Բանն այն է, որ ԽՍՀՄ չեմպիոնի կոչման մշտական հավակնորդներ համարվող մոսկովյան թիմերի ամենասկզբունքային մրցակիցը երկար ժամանակ համարվում էր Թբիլիսիի «Դինամոն», երկրի հավաքականի կազմում էլ գրեթե միշտ տեղ էին գրավում վրացի ֆուտբոլիստներ, ասենք՝ Միխայիլ Մեսխին, Սլավա Մետրեւելին, Մուրթազ Խուրցիլավան, Ալեքսանդր Չիվաձեն, բնականաբար, նրանց կողքին ոչ պակաս հաճախ հիշատակվում էին Լեւան Նոդիայի, Լեւան Ժորդանիայի անունները։ Հավանաբար, հենց սա այլազգիներին առիթ դարձավ պնդելու, որ ճիշտը հենց «Լեւան» անունն է։

Սակայն ժամանակը հետագայում ստիպեց փոխել նման մոտեցումները։ 60-ականներից սկսեցին հաճախ գովեստի խոսքեր շռայլել Կիեւի «Դինամո»-ի եւ Երեւանի «Արարատի» հասցեին։ 1965 թվականին մեր թիմը նվաճեց ԽՍՀՄ երկրորդ խմբի հաղթողի կոչումը՝ վերադառնալով ուժեղագույնների խումբ, իսկ մի քանի տարի անց սկսվեց հայ ֆուտբոլիստների իսկական հաղթարշավը։ Հատկանշական է, որ մրցաշրջան 71-ի ընթացքում երեւանցիները ոչ միայն գրավեցին երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների (նրանք զիջեցին միայն կիեւցիներին), այլեւ, չտեսնված բան, առավելության հասան մոսկովյան բոլոր 5 հռչակավոր թիմերի նկատմամբ։ Էլ չեմ ասում մրցաշրջան 73-ի մասին, երբ «Արարատը» բոլոր մրցակիցների նկատմամբ գերազանցության հասավ, Արկադի Անդրեասյանն ու Հովհաննես Զանազանյանն էլ հռչակվեցին մյունխենյան օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրներ (ցավոք, երկուսն էլ հրաժեշտ են տվել կյանքին)։ Նրանց կողքին շարունակում էր փայլել Լեւոն Իշտոյանը։ Հասկանալի է, որ վերջինիս անունն այլեւս անկարելի էր սխալ տպագրել, տարբեր լեզուներով լույս տեսնող ծրագրերում էլ, վերջապես, սխալը շտկվեց, արդեն գրվում էր՝ Լեւոն Իշտոյան։ Սակայն, դարձյալ ինչը հետաքրքիր էր, դրան զուգահեռ, աչքի զարնեց մի նոր բան՝ նույն, ասենք, ռուսական եւ ուկրաինական ծրագրերում հիմա էլ ճանաչված վրացի ֆուտբոլիստների՝ Ժորդանիայի եւ Նոդիայի անուններն էին գրվում... Լեւոն։

Ահա թե ինչպիսին է հեղինակության զորությունը։

ՀԳ․ Այս բացառիկ լուսանկարն արվել է 1971-ին, ԽՍՀՄ-Ֆրանսիա օլիմպիական հավաքականների երեւանյան հանդիպման ժամանակ, առաջին խաղակեսից հետո հաշիվը 4-0 է (վերջնական արդյունքը՝ 5-1), եւ ինչն է հատկանշական՝ բոլոր չորս գոլերը խփել էին հայ ֆուտբոլիստները: Ահա եւ հավաքականի կազմում հանդես եկած արարատցիները․ (ձախից՝ աջ) Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Նորայր Մեսրոպյանը, Հովհաննես Զանազանյանը եւ Արկադի Անդրեասյանը։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ