Ադրբեջանի հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ մտնել պետք չէ

Ադրբեջանի հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ մտնել պետք չէ

Այսօր Սումգայիթյան ջարդերից տուժածներն ու նրանց հարազատներն այցելել են Ծիծեռնակաբերդ:

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքացի Էնգել Գրիգորյանը, որը նույնպես այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու,  նշեց, որ անձամբ է ականատես եղել Սումգայիթյան ջարդերին։

«Ամեն տարի գալիս ենք, 32 տարի շարունակ։ Թուրքերը հայերից շատ խելոք են, նրանք Խոջալուի դեպքերը գցում են իրենց դպրոցների պատմության դասագրքերի մեջ։ Նրանք շատ խելոք են, թանգարան են սարքել Խոջալուի համար, տուրիստներին ավտոբուսով անվճար տանում են այնտեղ ու իրենց ոնց պետք է ներկայացնում են պատմությունը։ Իսկ Հայաստանը ի՞նչ է անում, ոչինչ, մենք ոչ մի բան չենք անում։ Թող մենք էլ նման բաներ սարքենք, մարդկանց ցույց տանք ասենք՝ էս Սումգայիթն է, էս Կիրովաբադը, էս Բաքուն։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը ուղղակի դրանով չի էլ ուզում զբաղվի»,-նշեց Գրիգորյանը։

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ Սումգայիթյան ջարդերը կազմակերպված էին բարձր մակարդակով և իրականացվել են Խորհրդային իշխանությունների թողտվությամբ:

Նրա խոսքով՝ 32 տարի առաջ կատարված դաժան ոճրագործությունը պետք է հստակ որակվի որպես ցեղասպանություն։


«Մեր երկրի ղեկավարները ուղղակի պարտավոր էին Ազգային ժողովում Սումգայիթի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն և դիմել միջազգային դատարան։ Երբեք էլ ուշ չէ դիմելու համար, քանի որ Ադրբեջանն էլ այս պահին գոյություն ունի, Թուրքիան էլ։ Եթե մեր երկրի ղեկավարները մի քիչ խելացի գտնվեն, կարծում եմ՝ կկարողանանք գործընթաց սկսել և գործը վեր հանել։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, տասնյակ տարիներ շարունակ մեր երկրի ղեկավարները ուրախանում են, երբ ինչ-որ երկիր դատապարտում է ցեղասպանությունը, բայց դա, իհարկի, գործին ոչ մի օգուտ տալ չի կարող»,-ասաց Ուլուբաբյանը։

Ուլուբաբյանը պնդում է, որ որևէ դեպքում չպետք է Ադրբեջանի հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ մտնել։

«Ադրբեջանը ինչպես հիմա, այնպես էլ միշտ, իր գոյության ողջ ընթացքում եղել է կեղծարար, իր համար նոր պատմություն է ստեղծել։ Եվ դա իրենց մոտ պետական մակարդակով ֆինանսավորվում է, պետության կողմից հատուկ առաջադրանք է տրվել ստեղծել Ադրբեջանի պատմություն։ Հիմա իրենց այդ պատմությունը ստեղծում են հարևան՝ երկրների, մեր պատմությունը աղավաղել։ Եթե հիմա մենք ընկնենք ու նրանց արարքներին պատասխան տալու մասին մտածենք, սկսենք ինֆորմացիոն դաշտում նրանց հետ մրցել, մենք կպարտվենք, չեն կարողանա։ Մեր խնդիրը նրանց հետ ինֆորմացիոն դաշտում կռվելը չէ։ Իհարկե, կարելի է մեկ-մեկ ինչ-որ բանով պատասխանել, հակադարձել, բայց հիմնական գործը պետք է լինի նրանց հետ միջազգային դատարանում հարցերը լուծելը։ Իրականացվել է ցեղասպանություն, այդ գործը պետք է քննվի միջազգային դատարանում։ Պետք է սկսել Մինսկի խմբից, պետք է վերաբերմունք լինի Մինսկի խմբի նկատմամբ։ Մինսկի խումբը 28 տարվա իր գործունեության ընթացքում մեզ այնպիսի պայմաններ է պարտադրել, որ հարցը մտցրել է փակուղի, այսինքն՝ Մինսկի խումբը մեր երեք նախկին ղեկավարներին ապուշի տեղ դրած ժողովուրդների հակամարտության պատմության սկիզբը ընդունում է 1991 թվականից, բայս սա սխալ է, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է 1918 թվականին՝ Ադրբեջանի ստեղծումով։ Այնպես որ, կարծում եմ, Մինսկի խմբի պետք է ասի՝ այդ պայմանները չեմ ընդունում, ինչից հետո նոր իր այդ թավշյա հեղափոխությանը կարող շարունակություն հաղորդվել»,- նշեց Հրայր Ուլուբաբյանը։