Ադրբեջանական կայքը «փողե՞ր է յուրացրել» օտարերկրյա դեսպանատների միջոցով․ Բաքվում վրդովված են

Ադրբեջանական կայքը «փողե՞ր է յուրացրել» օտարերկրյա դեսպանատների միջոցով․ Բաքվում վրդովված են

2023 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն առանձին ժամանակացույցով կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ 

Այս մասին հայտնել է գերատեսչությունը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպումների ժամանակ նշվել է, որ «AbzasMedia» լրատվական պորտալը, (տնօրենն ու գլխավոր խմբագիրը օրերս են կալանավորվել-խմբ․) այս երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ, իրականացրել է անօրինական ֆինանսական գործարքներ, և այդ երկրների դեսպանատները ներգրավվել են այդ գործունեության մեջ, ինչը լուրջ վրդովմունք է առաջացրել։

Ընդգծվել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, անօրինական կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք և անօրինական ներդրում են կատարել AbzasMedia-ի գործունեության մեջ։

«Մեր երկրի տարածքում այդ երկրների դեսպանատների և կազմակերպությունների գործողություններն Ադրբեջանում գործող օրենսդրության ու դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են։ Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է մեր երկրի օրենսդրությանը հակասող և երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված այս գործողությունները և հայտնում, որ այդ փաստերի կապակցությամբ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համարժեք միջոցներ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան»,- նշվում է հաղորդագրության մեջ։