Մոսկվան ի՞նչ է առաջարկում Ալիեւին

Մոսկվան ի՞նչ է առաջարկում Ալիեւին

«Սեւ հունվարի» 30-րդ տարելիցին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հիշատակման միջոցառում է կազմակերպել: Բացման խոսքում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլ-բյուլօղլուն ասել է, որ ադրբեջանական ժողովուրդը ներկայիս Ռուսաստանը չի նույնացնում Խորհրդային Միության հետ:

Կարծես թե՝ նման քաղաքական ձեւակերպում Ադրբեջանից առաջին անգամ է հնչում: Ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներ, հանրային գործիչներ եւ լրագրողներ: Չափազանց ուշագրավ միտք է արտահայտել պետդումայի պատգամավոր Սլուցկին: Նրա գնահատմամբ՝ Բաքու զորքեր մտցնելու եւ մարդկային զոհերի փաստերով ժամանակին հարուցված քրեական գործով լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել, մեղավորներն ի հայտ չեն բերվել: Ռուսաստանցի խորհրդարանականը զարմանք է արտահայտել, որ զոհվածների թվում չի եղել ոչ մի քաղաքական դեմք, հանգամանք, որ նրան մղում է ամենատարբեր ենթադրությունների: Այդ իսկ պատճառով, ինչպես Սլուցկին է կարծում, թերեւս կա նոր հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն: Որքան էլ պետական մակարդակով քողարկվի, իրողություն է, որ ադրբեջանական հանրության գերակշիռ մեծամասնությունը տարրական համակրանք Ռուսաստանի հանդեպ չունի: Ադրբեջանցիների արդեն երկու սերունդ դաստիարակվել է այն ոգով, որ ռուսները հաշվեհարդար են տեսել Բաքվի խաղաղ ցուցարարների դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում՝ «զինված օժանդակություն ցուցաբերել հայերին»: Ադրբեջանական մտավորականությունը հետխորհրդային տասնամյակներին լիովին ազգայնականացել է եւ ռուսներին մեղադրում է «միասնական Ադրբեջանը մասնատելու, 1920թ. ապրիլի  28-ին Դեմոկրատական հանրապետությունը տապալելու» մեջ: Մոսկվայում, ինչպես պետդումայի պատգամավոր Սլուցկիի ասածից է հասկացվում, քաջատեղյակ են Ադրբեջանում իշխող հանրային տրամադրություններին: Եւ, հավանաբար, քննարկվում է պատմությունը վերագնահատելու միջոցով «մեծ հաշտության» հասնելու հնարավորությունը: Ռուսաստանն առաջարկում է Բաքվի 1990թ. հունվարի 20-ի դեպքերի վրայից հանել գաղտնիության արգելքը, անցկացնել նոր հետաքննություն: Բայց դա առաջարկությու՞ն է, թե սպառնալի՞ք:

Ըստ երեւույթին, Ռուսաստանն Ալիեւի հետ շատ սկզբունքային հարց քննարկելու նախաշեմին է: Եւ որպեսզի վերջինս ավելի բանակցունակ գտնվի, Մոսկվան արձակում է նախազգուշական կրակոցը՝ Բաքվի երեսնամյա վաղեմության դեպքերը կարող են բացահայտվել ամբողջ ծավալով: Այդ դեպքում Ադրբեջանը կփոթորկվի, երբ գաղտնազերծվի, որ «սարսափ ֆիլմի սցենարիստը» Հեյդար Ալիեւն է:

Օրերս Ժիրինովսկին, որ Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակի համարում ունի, հայտարարել է, որ Ադրբեջանի սահմաններն անվտանգ կլինեն միայն այն դեպքում, երբ այնտեղ կտեղաբաշխվեն ռուսական ռազմահենակայաններ: Վերլուծաբան Տարասովն ասում է, որ ԼՂ կարգավորման բանալին դեռեւս Մոսկվայում չէ, բայց մոտ ժամանակներս կարող է այնտեղ լինել: Տարածաշրջանում ի՞նչ սցենարներ են հասունանում: