Իրականում ինչո՞ւ են իջել ձվի գները

Իրականում ինչո՞ւ են իջել ձվի գները

Երեկ գրել էինք, որ սուպերմարկետներում ձվի արժեքը 1․5-3 անգամ էժանացել է։ Այսօր, օրինակ, խանութներում ձուն վաճառվում էր 17, 27 և 37 դրամով։ Սա ավելի ցածր գին է, քան ձվի ինքնարժեքն է։ Թեպետ մեզ հետ զրույցում «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը  նշել էր,  ձվի էժանացումը պայմանավորված չէ  ինչ-որ տնտեսվարողի դեմպինգով, այլ նրանով, որ Հայաստանում այս տարի ձվի գերարտադրություն է, և առաջարկը գերազանցում է պահանջարկը, մենք տեղեկացանք, որ փորձ է արվում նորից գների դեմպինգ կազմակերպել։ Հիշեցնենք, որ 2010 թվականին ձվի շուկայում հերթական սկանդալն էր հասունացել, երբ  «Ջրաշխարհի» և «Վալենսիայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հաստատվեց ձվի արտադրության շուկայում, գների դեմպինգ կազմակերպեց, որից հետո տասնյակ մանր տնտեսություններ սնանկացան։ 

Մեզ փոխանցեցին, որ այս պահին խոշոր թռչնաֆաբրիկաներում ձվի կուտակումներ են, և այսկերպ՝ ձվի արժեքը իջեցնելով, փորձ է արվում ազատվել հին ձվերից։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայայանալ, նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: 

««Արաքսում», ուրիշ խոշոր ֆաբրիկաներում կուտակումներ են, ՍԱՏՄ-ից մտել են «Արաքս» ստուգումներ կատարելու համար, բայց ոչ մի ստուգում էլ չի եղել, ընդհանուր հայտարարի են եկել, լսել եմ, որ դաժե կոնյակ են խմել իրար հետ, գնացել են»,- ասաց մեր զրուցակիցը։

«Արաքս թռչնաֆաբրիկայից» մեզ հետ զրույցում նշեցին, որ այո, ստուգումներ եղել են, բայց որևէ հին ձու չի հայտաբերվել։

«Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, բոլոր անհրաժեշտ ստուգումները եղել են, ոչ մի վտանգավոր կամ ոչ համապատասխան բան չի հայտնաբերվել։ Մեր կողմից թարմ ձվեր են իրացվում։ Տնօրենի պատասխանն եմ փոխանցում ձեզ»,- նշեց թռչնաֆաբրիկայի աշխատակիցներից մեկը։

Մենք նաև փորձեցինք կապվել ՍԱՏՄ-ի հետ, սակայն չստացվեց։

Քիչ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ,  ժամկետանց  ձու, որը տեղում ոչնչացվել է:
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը:
Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ: