Թագուհի Թովմասյանը պետք է հեռացվի խմբակցությունից և զրկվի հանձնաժողովի նախագահությունից

Թագուհի Թովմասյանը պետք է հեռացվի խմբակցությունից և զրկվի հանձնաժողովի նախագահությունից

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Անկուսակցական» Թագուհի Թովմասյանի՝ միջազգային հարթակներում իշխանությանն աջակցելու և հակասահմանադրական կացութաձևի մասին

•  խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն, որն ընթացիկ շահեր է հետապնդում և փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում, անհամատեղելի է ժողովրդաիշխանության հիմնարար սկզբունքների հետ և իրավաչափ համարվել չի կարող,

• քաղաքական ուժն է ժողովրդի կողմից պատվիրակված քաղաքական իշխանության կրողը` առանձին կամ քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով: Նման ընտրակարգում ժողովրդի վստահությունը ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի ու նրա կողմից ներկայացված ծրագրային մոտեցումների նկատմամբ է,

•   սահմանադրական կարգավորումները հիմք են ստեղծում կուսակցության նախընտրական ծրագրերին և քաղաքական գծին հակառակ դիրքորոշում դրսևորող համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորներին կուսակցությունից և խմբակցությունից հեռացնելու համար,

•  պատգամավորն ով շեղվել է այն քաղաքական ուղեգծից, որի իրացման համար ժողովուրդը պատվիրակել էր նրան պետաիշխանական իր իրավունքի իրացումը ունի քաղաքական պատասխանատվություն ժողովրդի առջև:

•  Վերոգրյալի համադրմամբ ստացվում է, որ Թագուհի Թովմասյանը «անկախ» գործելու պարագայում պետք է հեռացվի խմբակցությունից, ինչի արդյունքում էլ սահմանադրական օրենքի ուժով կզրկվի հանձնաժողովի նախագահությունից: Արդյունքում իշխանական թևը չի ունենա միջազգային հանրությանը հրամցնող խաղաքարտ, թե իբր ոչ բոլոր ընդդիմադիրներն են բոյկոտում վարչական պաշտոններում աշխատանքը:

Հ.Գ Հայաստանում մինչև 1997թ. մայիս ամիսը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում էր նորմ, համաձայն որի պատգամավորը կարող էր դուրս գալ խմբակցությունից, եթե նա կամովին հրաժարվում է պատգամավորական լիազորություններից (հոդվ. 29): 1997թ. մայիսի 27-ի օրենսդրական փոփոխության արդյունքում այդ նորմը փոխարինվեց հետևյալ դրույթով. «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»: Նման փոփոխությունն սկիզբ դրեց մամուլում լայն արձագանք ստացած, այսպես կոչված, «առնետավազքին»: 1997-2007թթ. ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի թվով 85 պատգամավոր փոխել է պատգամավորական խմբակցությունը»: