Քավորի համար ճանապարհ են հարթում

Քավորի համար ճանապարհ են հարթում

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Իջեւանի համայնքապետարանում կատարված չարաշահումների մասին․ «Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին եւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջեւան համայնքի ղեկավարը, 2011թ․-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով  ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ եւ չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երեւան քաղաք: Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով եւ աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջեւանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝  Իջեւանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս»: Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նա բացատրություններ է տվել քննչականին եւ պահանջել է կարճել քրեական գործը․ «Եթե չկարճվի քրգործը, բողոք կգրենք դատախազին, եթե դատախազը չվերացնի, դատական կարգով կվիճարկենք»։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քաղաքապետը նաեւ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն է նշանակել իր ընկերոջ կնոջը, որն աշխատանքի չի հաճախել, սակայն աշխատավարձ է ստացել։ «Եկել է աշխատանքի, ես ինչքան հաճախել եմ կազմակերպություն, ինքն աշխատանքի է եղել, ինչ իրականությունն ա, ես դա եմ ասում։ Ցանկացած մարդ կարա ցուցմունք տա, բայց ես իրականությունից եմ խոսում։ Ավելացնեմ նաեւ, որ եթե աշխատանքի չի եղել, ապա ես վերահսկողություն չունեմ՝ լինի աշխատանքի, թե ոչ։ Ամեն մի հիմնարկի տնօրեն ինքն ա գործառույթները իրականացնողը։ Ես իմ գործառույթները ճիշտ եմ օգտագործել»,- նշեց Ղալումյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերին Իջեւանում քաղաքապետի ընտրություններ են կայանալու, եւ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնին տեսնում է իր մանկության ընկերոջը եւ քավորին՝ Հայկ Ղալումյանին։