Ո՞վ է պատասխանատվություն կրելու ԵՊՀ-ի համար

Ո՞վ է պատասխանատվություն կրելու ԵՊՀ-ի համար

Երկար տարիներ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Սերժ Սարգսյանը: Խորհրդի անդամները վերջինիս նախագահության օրոք բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք եւ պատգամավորներ էին: ԵՊՀ խորհրդին անդամակցելն ի՞նչ էր տալիս ՀՀ նախագահին կամ մնացած բարձրաստիճան պաշտոնյաներին: Եվ ինչո՞վ էր դա օգուտ ԵՊՀ-ին: Ուսումնական գործընթացի վրա Սերժ Սարգսյանի կամ Արմեն Աշոտյանի ներկայությունը որեւէ կերպ չէր ազդում: Չկա որեւէ տվյալ, վկայություն կամ վիճակագրություն առ այն, որ ՀՀԿ-ական վերնախավի ներկայությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ուսանողների գիտելիքների բարձրացման հիմք է հանդիսացել: Այդ առումով ԵՊՀ-ն միշտ կայուն է եղել: Իսկ եթե ՀՀ նախագահի եւ մյուսների ներկայությունը ԵՊՀ ուսանողների գիտելիքների վրա ազդեցություն չունի, ապա տրամաբանական է այն վարկածը, որ ոչ թե ՀՀ քաղաքական վերնախավն էր պետք ԵՊՀ-ին, այլ հակառակը՝ ԵՊՀ-ն էր պետք ՀՀ քաղաքական վերնախավին: Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ, Սերժ Սարգսյանով պայմանավորված, ԵՊՀ-ն կարող էր երբեմն օգտվել, օրինակ, հարկային արտոնություններից կամ պետության բարեհաճ վերաբերմունքից, սակայն դա կոռուպցիոն ռիսկ պարունակող հանգամանք է: 

Իսկ ի՞նչ օգուտ կարող էր ստանալ քաղաքական վերնախավը ԵՊՀ-ից: Անշուշտ, ԵՊՀ-ի հետ ասոցացվելը հեղինակության լրացուցիչ պաշար կբերեր Սերժ Սարգսյանին եւ մյուսներին, սակայն խնդիրն այլ էր: Բոլոր ուսումնական հաստատությունները, այդ թվում նաեւ՝ ԵՊՀ-ն, գումար աշխատելու տեսանկյունից անփոխարինելի են: Այստեղ ամեն ինչ հնարավոր է, սկսած ատկատներից, վերջացրած տնտեսական գործունեության լայն սպեկտրով: Հենց դա էր հետաքրքրում քաղաքական վերնախավին ԵՊՀ-ում:
2018թ․ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները եւս սկսեցին հետաքրքրվել ԵՊՀ-ով: Հետաքրքրությունների շրջանակը փոխվել չէր կարող, որովհետեւ իրավական առումով ԵՊՀ-ում ոչինչ չի փոխվել՝ այն գործում է նույն իրավական կարգավիճակում: Փոփոխություն չկա նաեւ ուսումնական հաստատությունների գործունեությունը կարգավորող իրավական ոլորտում: Դա նշանակում է, որ օրվա իշխանության հետաքրքրությունը ԵՊՀ-ի հանդեպ չի տարբերվում նախորդ իշխանության հետաքրքրությունից: Դա ապացուցում են նաեւ փաստերը:
Վերջերս կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ նոր կազմով: Այնպես, ինչպես նախկինում, հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված էր օրվա իշխանության քաղաքական վերնախավը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, մի շարք նախարարությունների փոխնախարարներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ մեկ այլ հիմնադրամի նախագահներ: Ի՞նչ կտա վերջիններիս ներկայությունը ԵՊՀ-ին: Ինչպե՞ս է ազդելու ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի ներկայությունն ուսումնական գործընթացի բարելավման վրա: Կարծում եմ, որեւէ կերպ չի ազդելու: Դրա վերաբերյալ վիճակագրական տվյալները կստանանք մոտ ապագայում: Իսկ, այ, Կենտրոնական բանկին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ԵՊՀ-ն, կարծում եմ, անհրաժեշտ է: Ընդ որում, նույն հիմնավորմամբ, որով այն անհրաժեշտ է եղել Սերժ Սարգսյանին: 
Այսպիսով, ԵՊՀ-ի կառավարման ձեւաչափի մեջ փոփոխություն չկա: Սակայն կա մեկ տարբերություն: Եթե ժամանակին քաղաքական իշխանությունը ԵՊՀ-ի համար անձամբ եւ իշխանության առաջին դեմքի՝ ՀՀ նախագահով էր կրում ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում նաեւ բացասական ռիսկերը, ապա օրվա իշխանությունը ցանկանում է ընդհանրապես պատասխանատվություն չկրել: Խնդիրն այն է, որ այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորություններն է ստանձնել հասարակությանն անհայտ Մուրադյան Գեւորգը: Նրա կյանքի ամենախոշոր ձեռքբերումներից է հասարակությանը կրկին անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի տնօրեն լինելը: Ըստ ԵՊՀ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է դառնալ կրթության, մշակույթի կամ տնտեսության ոլորտի ճանաչված անձ: Մուրադյան Գեւորգն ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ որպես «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն: 
Ստացվում է, որ ՀՀ օրվա իշխանությունների համար, օրինակ, 2018թ․ հարկային տարվա արդյունքներով վնասներ հայտարարագրած «Մետրիկա» ՍՊԸ-ն ՀՀ տնտեսության ճանաչված կազմակերպություն է, որը ղեկավարում է նույնքան ճանաչված Մուրադյան Գեւորգը: Վստահ եմ, որ իշխանությունը գիտակցելով է կատարում նման քայլը: Սա հետագայում իրավական եւ բարոյական պատասխանատվությունից խուսափելու միջոց կհանդիսանա: Այսինքն, ԵՊՀ-ն բոլոր առումներով կլինի այնպիսին, ինչպիսին էր նախկինում, սակայն դրա պատասխանատվությունը կկրի մեկը, ում հասարակությունը չի ճանաչում, եւ, հետեւաբար, լայն արձագանք չի լինի: Իսկ այս պատմության մեջ տուժողն ուսանողն է:


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ