Համարյա թե ժանտախտային խրախճանք
Ոնց հասկանում եմ, Արցախի խնդիրը ռուսական խաղաղապահների գրպանը գցող հայաստանյան «փրկիչը» հասկացել է, որ դա չի ստացվում: Որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ռուսները չեն ցանկանում խնդիրներ ունենալ ադրբեջանաթուրքական տանդեմի հետ: Եվ երկրորդ ճակատը բացել Հարավային Կովկասում: Եվ այդ պատճառով էլ ինքը դիմում է արևմտյան երկրների կամ ԵՄ ղեկավարներին, բայց նրանք էլ հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Ինչպիսին էլ դրանք լինեն. չեզոք կամ թեկուզ կոշտ՝ ինչպես ֆրանսիացիների դեպքում է: Կամ էլ, օրինակ, հոլանդացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական միության առաջնորդ Գերտ-Յան Սեղերսի դեպքում, ով անբարոյականություն է անվանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Բայց նույնիսկ նման հայտարարությամբ, եթե դրան չեն հետևում պետական կամ միջպետական կառույցների կողմից սահմանվող պատժամիջոցներ, փակված տարածք չի բացվում: Իսկ պատժամիջոցներ, բնականաբար, չեն հետևելու. չէ՞ որ ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձի երբեմնի «կիրթ և կառուցողական» գործընկերն արդեն վերածվել է Եվրոպական Միության չինովնիկների «հուսալի» գործընկերոջ: Իսկ ո՞վ է տեսել, որ հուսալի գործընկերոջ նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն՝ թեկուզ նա լինի մեր թշնամի երկրի կոռումպացված բռնակալի պես մեկը:
Իսկ ի՞նչ է անում Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձն այն դեպքում, երբ հոլանդացի քաղաքական գործիչը նշում է, որ 1923 թվականին ավարտվել է Հայոց ցեղասպանությունը և կոչ է անում 100 տարի անց չսկսել մեկ ուրիշը: Իսկ Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում ռուսերենով, անգլերենով, պարսկերենով, վրացերենով, ֆրանսերենով, արաբերենով, գերմաներենով, իսպաներենով, ինչպես նաև չինարեն և հինդի լեզուներով շնորհավորում է Հայաստանում տոնական օրերն անցկացնող օտարերկրացիներին։ Հասկանո՞ւմ եք, օտարերկրյա քաղաքական գործիչն անհանգստանում է արցախցիների ճակատագրով, իսկ Հայաստանի վարչապետը շնորհավորանքներն է ուղղում Հայաստանում գտնվող օտարերկրացիներին: Ի՞նչ է սա՝ եթե ոչ ծուռ հայելիների թագավորություն, իսկ հայաստանցիներս էլ՝ դրա բնակիչներ: Եվ այդ բնակիչների ահռելի մեծամասնությունն էլ, դժբախտաբար, արժե իր երկրի վարչապետին: Արժե, քանի որ վերջին երեք տարում համարյա թե նույն ուրախությամբ նշում են Ամանորը՝ ինչպես դա անում էին նախկինների օրոք՝ երբ մենք հզոր էինք մեր բանակով և գլուխներս բարձր՝ մեր արժանապատվությամբ: Եվ ինչպես չհիշես ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի (1799-1837) «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգությունը: Միայն այն տարբերությամբ, որ շոտլանդական ոչ մեծ այդ քաղաքում քեֆ անողները գիտեին, թե ինչ իրավիճակում են գտնվում: Եվ փորձում էին իրականությունը մոռացության մատնել խրախճանք անելով: Իսկ վերջին երեք տարում Ամանորն ինքնամոռաց տոնող հայաստանյան զանգվածը, տեսնելով հանդերձ, չի ցանկանում պատկերացնել, թե ինչ կարող է իր հետ բերել ամեն հաջորդ օրը:
Հ. Գ. Ինձ ճիշտ հասկացեք՝ այլ պայմաններում ես կողմ կլինեի ոչ միայն Հայաստանում գտնվող օտարերկրացիներին, այլև ողջ աշխարհի բնակիչներին շնորհավորելուն: Համենայն դեպս նրանց, ում համար հունվարի մեկը Ամանորի առաջին օրն է և ըստ այդմ՝ տոնականր: Բայց ոչ այն երեք Ամանորերը, որ հետևել են 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությանը:
Կարծիքներ