Ինչպե՞ս Երեւանն ընկալեց Պոմպեոյին

Ինչպե՞ս Երեւանն ընկալեց Պոմպեոյին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններն ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում են, հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից։ Այս հայտարարությունը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ու հասարակական շրջանակներում երկակի արձագանք է առաջացրել։ Շատերը սա նմանեցնում են այն հայտնի անեկդոտի իրավիճակին, երբ մարդը գալիս է ու ասում՝ «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք», իսկ ոմանք էլ այն զավեշտալի ու անգամ ցինիկ են որակում։ «Մեր բանակը, վստահաբար, դա անում է: Խնդիրն այլ տեղ է։ Այսինքն՝ դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ո՞ւ։ Ու ի՞նչ։ Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել»,- գրել է Արմեն Աշտոյանը։

Պոմպեոն նաեւ ասել է․ «Տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, տեսնում ենք նաեւ, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին՝ հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ՝ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որպեսզի կարողանանք հասնել հրադադարի եւ խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա»։

Պաշտոնական Երեւանը հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չի արել։ Թեեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր էջում ողջունելով պետքարտուղարի  հայտարարությունը (Բաքուն, հակառակը՝ ափոսոսանք է հայտնել)՝ գրել է, թե դրանում շեշտվում են ԼՂ-ի դեմ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքները, ու գիտակցում են, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից։ Վարչապետի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էլ վստահ է, որ «Պոմպեոն սկսեց խոսել այս մասին, որովհետեւ նաեւ ամերիկահայությանը հաջողվեց ղարաբաղյան հակամարտության թեման դարձնել ամերիկյան ներքաղաքական օրակարգի մաս, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի պաշտոնական հայտարարությունը, որտեղ շատ հստակ եւ կոնկրետ քննադատում էր Թրամփի վարած քաղաքականությունը, ինչին երեկ մամուլի ասուլիսին պետքարտուղարը ստիպված եղավ արձագանքել, իսկ այսօր էլ՝ այս հարցազրույցի ընթացքում»։ 

Ջո Բայդենն ասել է․ «Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր եւ չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, անգամ այն դեպքում, երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու եւ երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտության ռազմական լուծում պարտադրելու ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, եւ որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցություններ հակամարտության տեւական լուծման շուրջ: Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային եւ ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Պոմպեոյի հայտարարությունը զգուշացում էր Թուրքիային։ «Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ ռեալ պատկերը գիտեն։ Եվ երկրորդ․ հնարավորություն է բացվում, որ պաշտոնական Երեւանը տարբեր հարցերով սկսի խոսել Ամերիկայի հետ։ Դա նշանակում է, որ հարձակվելու դեպքում կարող ենք սկսել խոսել տարբեր հարցերի մասին ԱՄՆ-ի հետ»,- մեկնաբանում է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է Բայդենին, ապա արդյոք այս հայտարարությունները հայ ընտրողների ձայներն իրենով անելու քայլեր չե՞ն՝ ընտրություններից հետո դրանք մոռացության մատնելու հեռանկարով։ Գրիգորյանն ասաց․ «Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները մեղավոր է, որ պատերազմը սկսվեց իր նախընտրականի ժամանակ։ Իրենց ընտրություններն ամեն 4 տարին մեկ լինում են։ Եվ ավելին՝ կարծում եմ, որ այս պատերազմը սկսելու իմաստը հատուկ այն է եղել, որ պատերազմը համընկնի այդ շրջանին։ Եվ պարզ է, որ նախընտրական շրջանում դժվար է սպասել սրանից ավելիին»։ Անդրադառնալով Բայդենի հայտարարությանը, նա ասաց, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ն ավելի հստակ կանդրադառնա այդ հարցին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, ի պատասխան դիտարկմանը, թե Պոմպեոյի հայտարարությունից կա նաեւ հիասթափություն, նշեց․ «Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է հասկանալու, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Իսկ դիվանագիտական աշխատանք, իհարկե, տարվում է, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, բայց վճռականը մեր բանակի գործողություններն են»։ Թեկնածուների մասին իշխանական պատգամավորն ասում է՝ լավ է, որ թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընտրություններին մասնակցող ընդդիմությունը խոսում է այդ մասին։ Ավելի մանրամասն՝ արդեն հենց ամերիկացիների գործն է, այստեղ, իհարկե, ԱՄՆ հայկական համայնքը պետք է որոշի իր գործողությունները։ Ամեն դեպքում, չկա՞ որոշակի պասիվություն, ի տարբերություն ՌԴ-ի, որը գոնե, լավ, թե վատ, այս «հրադադար» կոչվածին հասավ։ ԻՔ պատգամավորն առաջարկում է հարցն ուղղել ամերիկյան կառավարության որեւէ պաշտոնյայի, իսկ իր կողմից ասում է, որ Երեւանն աշխատում է «միջազգային բոլոր գործընկերների հետ, նրանց ներկայացնում է տեղեկատվություն տեղի ունեցողի վերաբերյալ եւ, բնականաբար, առաջնահերթ՝ աշխատանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի»։ Միքայել Զոլյանի կարծիքով՝ հասկանալի է, որ Ռուսաստանը տարածաշրջանում, նաեւ որպես ՀԱՊԿ անդամ, ավելի ակտիվ է ներգրավված գործընթացներում։