Հայ-ռուսական հարաբերությունների սրացման նոր փուլ

Հայ-ռուսական հարաբերությունների սրացման նոր փուլ

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ հայաստանյան պատվիրակության այցն ուկրաինական Բուչա քաղաք, ինչպես նաեւ հայկական կողմից այդ այցի առնչությամբ տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից հնչեցված հայտարարությունները եւ դրանց որպես արձագանք Ռուսաստանի պաշտոնական հայտարարություններն ու դիվանագիտական նոտա հղելը՝ հայ-ռուսական հարաբերություններում սրացման նոր փուլ են ազդարարել։ Ռուսական կողմն արդեն չի թաքցնում, որ պաշտոնական Երեւանը փորձում է ստուգել Մոսկվայի համբերությունը եւ նոր մարտահրավեր է նետում։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ԶԼՄ-ներին տված մեկնաբանությունում ասել է, որ Հայաստանի այս գործողությունը պետք է դիտարկել ուկրաինական ուղղությամբ ձեռնարկված մի շարք այլ՝ հակառուսական գործողությունների հետ նույն շարքում, ինչպիսիք են՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ուկրաինական հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, Աննա Հակոբյանի՝ Կիեւ կատարած այցը, Դուբլինում Ալեն Սիմոնյանի եւ իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպումը, Գրանադայում Փաշինյանի եւ Զելենսկու շփումները։ Տարասովը թվարկել է նաեւ հայկական կողմի ուղարկած մի քանի խմբաքանակ հումանիտար օգնությունն Ուկրաինա։

Նա, հիշեցնելով ամերիկյան The Wall Street Journal-ին տված Փաշինյանի հարցազրույցը, նկատում է, որ Հայաստանը հակառուսական համակարգված քաղաքական գիծ է որդեգրել եւ գիտակցաբար գնում է Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների սրացման, ինչը նաեւ նշանակում է, որ Ռուսաստանի զսպվածության սահմանն էլ է փոխվում։ Տարասովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանը դեպի ԵՄ եւ Միացյալ Նահանգներ է ընթանում ուկրաինական սցենարով, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ կորցնի իր ազգային պետականությունը, ինչը հնարավոր կդառնա, եթե Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն ներդրող է ու խոշոր առեւտրային գործընկեր, Ռուսաստանում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում։ Եթե հարաբերությունները Երեւանի եւ Մոսկվայի միջեւ շարունակվեն վատանալ, ապա հարցականի տակ կարող է դրվել Հայաստանի՝ որպես պետություն լինելիության հարցը, եւ Երեւանը չի կարողանա ռուսական գործոնը փոխարինել ԵՄ-ԱՄՆ երաշխիքային գործոնով, քանի Արեւմուտքը, որպես կանոն, միայն խոսքով է երաշխիքներ տալիս։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, սակայն Տարասովը Հարավային Կովկասում անկայունության նոր փուլ է կանխատեսել։