Միշտ չէ, որ լռությունը ոսկի է. «Մայլեռ» ներդրումային ծրագրի առիթով

Միշտ չէ, որ լռությունը ոսկի է. «Մայլեռ» ներդրումային ծրագրի առիթով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծ: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտարի վրա կառուցել լեռնային համալիր (այդ թվում՝ ճոպանուղի)՝ շինարարության վրա կաշխատի 250 մարդ, համալիրում կլինի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 000 դրամ աշխատավարձով։ Միայն ճոպանուղու եւ դահուկային սահուղիների կառուցման համար կծախսվի 15 միլիարդ դրամ: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» խոստանում է նոր ներդրողներ ներգրավել, որոնք եւս 15 միլիարդ դրամ կներդնեն հյուրանոցային հատվածում։

ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը գրանցվել է մոտ 4 տարի առաջ՝ 2017 թվականի դեկտեմբերին: Համացանցում այս ընկերության մասին ոչ մի հիշատակում չկա: Ընկերությունը չորս տարի ոչինչ չի արել ու հիմա միանգամից 15 միլիարդ ներդնելու եւ 15 միլիարդ ներդելու ունակ ընկերություն գտնելու խոստում է տալիս: Էկոնոմիկայի նախարարությունն էլ հավատացել է: Բայց հանրային քննարկման ներկայացված ծրագրում անգամ մեկ նախադասություն չկա «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության անցած ճանապարհի, հաջողությունների, ձեռբերումների, դավանած արժեքների, սեփականատերերի մասին: Սա, առնվազն կասկածելի է: Իսկ եթե հետո պարզվի, որ սեփականատերը, ասենք, Ուկրաինայի քաղաքացի թուրք է կամ Էստոնիայի քաղաքացի ազերի: Նման բացահայտումներ Հայաստանում շատ են եղել: Վերջինը՝ օրեր առաջ Երեւանում՝ երբ պարզվեց, որ Բաղրամյան պողոտայի բակերից մեկը վաճառվել է Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու:

Կամ ավելի վատ իրողություն. երբ կառավարությունը ոսկե սարեր ներդնելու մասնավոր ծրագրի մասին է խոսում ու…հուսախաբ անում քաղաքացիներին: Հիշենք Արարատում կոկորդիլոսաբուծության ծրագիրը, կամ Գյումրում օդային տրամվայներ կառուցելու խոստումը: Երկուսն էլ չեն արվել:

Ու այսքանից հետո Հայաստանի թավշյա իշխանությունը չի փորձում պարզել, թե ով է Ապարանը զարգացնելու ծրագրի հեղինակը: Կամ էլ շատ լավ գիտի, նաեւ գիտի, որ գործը գլուխ չի գալու ու լռում է, այն հույսով, որ ընտրությունում պարտվելու է, հեռանալու եւ եկող իշխանությանն է մեղադրելու 15+15 միլիարդ դրամի ներդրումային ծրագիրը տապալելու մեղքը:
Միշտ չի, որ լռությունը ոսկի է, երբեմն լռությունը ապաշնորհության ապացույց է: Ինչպես այս դեպքում:

Արեգ Մարգարյան