Մոսկվա-Կիև բանակցություններն ԱՄՆ-ն է «տապալե՞լ». Նուլանդի խոստովանությունը

Մոսկվա-Կիև բանակցություններն ԱՄՆ-ն է «տապալե՞լ». Նուլանդի խոստովանությունը

Ուկրաինան ամերիկացիների հետ խորհրդակցություններից հետո դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության հետ Ստամբուլյան համաձայնագրերից, ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները և Արևմուտքի մնացած երկրները ներգրավված չէին այդ բանակցություններում և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սակայն որոշակի փուլում Կիևը «խորհուրդ ստանալու համար» դիմել է իր արևմտյան դաշնակիցներին:

Նուլանդն ուղղակիորեն չի ասում, որ իրենք չեն հաստատել գործարքը։ Բայց, դատելով նրա խոսքերից, ԱՄՆ-ի կարծիքով՝ դա ձեռնտու չէր Ուկրաինային, քանի որ այն ռազմական առումով կթուլացներ Կիևին։

«Թուրքերը հարթակ առաջարկեցին, իսկ մենք նույնիսկ սենյակում չէինք։ Փաստորեն, մենք այնքան էլ տեղյակ չէինք գործարքի մանրամասներին։ Բայց բանակցությունների վերջում ուկրաինացիները ցանկանում էին խորհրդակցել, թե ուր է գնում ամեն ինչ»,- ասել է Նուլանդը։

Այս խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ին, բրիտանացիներին «և բոլորին» պարզ դարձավ, որ համաձայնագիրը արգելում է Ուկրաինային ունենալ որոշակի սպառազինության համակարգեր, ինչը, ըստ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյայի, Պուտինի հիմնական պայմանն էր։

«Ուկրաինան, ըստ էության, կթուլանա որպես ռազմական ուժ։ Ընդ որում, Ռուսաստանի համար նմանատիպ սահմանափակումներ չեն եղել։ Ռուսաստանից չէր պահանջվում նահանջել: Պարտադիր չէր Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ունենալ։ Նրան արգելված չէր զենք պահել սահմանին։ Ուստի ուկրաինական պատվիրակության ներսում և դրսում սկսեցին հարցեր տալ, թե արդյո՞ք այս գործարքը լավն է։ Եվ հենց այդ պահին այն տապալվեց»,- հավելել է նա։