Ինչո՞ւ է ադրբեջանական մամուլը հիշել Սաշիկ Սարգսյանին

Ինչո՞ւ է ադրբեջանական մամուլը հիշել Սաշիկ Սարգսյանին

Երեկ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներից մեկը ծավալուն հոդված էր «նվիրել» Սերժ Սարգսյանի եղբայրներին, մասնավորապես՝ Սաշիկ Սարգսյանին կամ, ինչպես գրում են՝ «Սաշիկ 50 տոկոսին»: «Օլիգարխ և նարկոբարոն Ալեքսանդր Սարգսյանը (հայտնի է նաև «Սաշիկ 50 տոկոս» մականունով) 27,5 մլն դոլար է ծախսել Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը «փակելու» համար։ Նա պետությանը վճարել է 7 մլն դոլար։ Այդպիսով նա հատուցել է իր կողմից պետությանը պատճառված վնասը, որն առաջացել է հարկերի ու տուգանքների չվճարման արդյունքում։ Հակառակ դեպքում Սաշիկին սպառնում էր քրեական պատասխանատվություն։ 

Բացի այդ, նախկին նախագահի եղբայրը՝ կամավոր, մոտ 20,5 մլն դոլար է նվիրաբերել, այսպես կոչված, «ԼՂՀ պաշտպանության բանակին»։ Այս «մեղմացուցիչ հանգամանքները» նկատի ունենալով՝ գլխավոր դատախազությունը «Սաշիկ 50%-ին» չի կալանավորել, և չնայած նրան, որ նրա դեմ հարուցված քրեական գործերն արդեն ուղարկվել են դատարան, նախկին օլիգարխին ձեռք չեն տվել…. Ընդդիմադիր շրջանակներում և հայ բնակչության լայն զանգվածների շրջանում կարծիք կար, որ մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» Սերժ Սարգսյանի «ամենակարող» եղբայրն ապօրինի մուտք է գործել Հայաստանի տարբեր ձեռնարկությունների բաժնետոմսերի մեջ՝ վերցնելով 50 տոկոսը: Սրա շնորհիվ նա, փաստորեն, ստացել է իր մականունը»,- գրել է ադրբեջանական կայքը։ 

Ադրբեջանական մեդիան էլ է զարմացած, թե ուր կորան Փաշինյանի խոստումները՝ Սաշիկի փողերի հետ կապված. «Իշխանության գալուց մի քանի ամիս անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սաշիկի գումարը, որը պահվում էր բանկային հաշիվներից մեկում, կալանավորված է։ Սակայն այժմ գլխավոր դատախազությունը մատնանշում է միայն երկու քրեական գործ՝ կապված Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Իսկ տարբեր ձեռնարկություններում ապօրինի բաժնետոմսերի մասին, չգիտես ինչու, չեն խոսում։ Այսինքն` այն ամենը, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, հանկարծ մոռացության մատնվեց»։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Փաշինյանի թիմն այս հարցում չարդարացրեց հասարակության սպասելիքները.

«Իրականում շատ հաճախ նման ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ոչ մի բանով չեն աջակցվում, առաջընթաց չեն ունենում ո՛չ իրավապահ ոլորտում, ո՛չ քրեական գործերում։ Որոշակի դրամական փոխհատուցում վճարելուց հետո մարդիկ ազատ են արձակվում, և կարծես թե նախկին հայտարարություններն ուղղակի ապօրինի էին, ավելին, որ իրավապահ համակարգը պատշաճ քննություն չի իրականացրել կամ բավարար փաստեր չի հավաքել։ Համենայնդեպս, գործ ունենք կա՛մ իշխանության մեջ գտնվողների ուռճացված հայտարարությունների, կա՛մ մեծ թվով թերությունների հետ»,- ասում է իրավապաշտպանը։ 

Ադրբեջանական մամուլը գրել է, որ, ըստ հայկական աղբյուրների, 2019 թվականի մարտին Ալեքսանդր Սարգսյանը 19 միլիոն 600 հազար դոլար է վճարել, այսպես կոչված, «ԼՂՀ պաշտպանության բանակին», ևս 900 հազար դոլար է փոխանցել հայ զինծառայողների սոցիալական պաշտպանության հիմնադրամին։ Մինչ պատգամավոր ու օլիգարխ դառնալը Ալեքսանդր Սարգսյանը եղել է ավտոբուսի վարորդ, գազի տեխնիկ։ Հայկական լրատվամիջոցները նշում էին, որ փողն ու իշխանությունը շրջել են նրա գլուխը. թերթերը գրեթե ամեն շաբաթ գրում էին Երևանի լավագույն ռեստորաններում նրա վայրի զվարճությունների մասին»։ 

Անդրադարձ է կատարվել նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, ով հայ հասարակության մեջ այդքան էլ ճանաչում ունի. «Նշենք, որ Սերժ Սարգսյանը եւս մեկ եղբայր ունի՝ Լեւոնը։ Մտնելով հայաստանյան քաղաքական վերնախավ՝ նախկին նախագահն իր հետ քաշեց երկու եղբայրներին, որպեսզի տարբեր ժամանակներում Սարգսյանի հարազատները Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ լինեն։ Ալեքսանդր Սարգսյանն ավելի լավ գործեց, քան Լեւոնը, իսկ հետո դարձավ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ունի գազալցակայանների ցանց, շքեղ անշարժ գույք Եվրոպայում և ԱՄՆ-ում, շինարարական ընկերություններ»,- հայկական մամուլից մեջբերում է անում ադրբեջանական մամուլը։ 

Այն, ինչ գրել է ադրբեջանական իշխանական լրատվամիջոցը, իրականությունից ամենեւին էլ հեռու չէ եւ քաջ հայտնի է հայաստանյան հասարակությանը: 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության, ժողովրդի ցասման այդ ալիքի հիմնական մեղավորներից մեկն էլ Սաշիկ Սարգսյանն էր, ում անունը «թափահարելով»՝ իշխանության եկած Փաշինյանը, արագ մոռացավ Սաշիկին էլ, Սաշիկի փողերի «վերադարձման» խոստումերն էլ: Սաշիկի մասին մոռացել է նաեւ հայաստանյան հասարակությունը, քանի որ երկիրը կանգնած է մեծ փորձությունների առաջ, հիմա Սաշիկին հիշելու ժամանակը չէ: 

Հետաքրքիրն այն է, թե ինչու հենց հիմա ադրբեջանական մամուլը հիշեց «Սաշիկ 50 տոկոսին»: Ադրբեջանական մեդիան հիմանականում իրենց քարոզչությունն ուղղում էր «գիշատիչ», «ագրեսոր» Ռոբերտ Քոչարյանի դեմ, ում վերադարձը նրանց համար մղձավանջ է թվում: Հայաստանի խորհրդարանում ծավալվող իրադարձությունները, «Հայաստան» դաշինքից որոշ պատգամավորների մանդատները վայր դնելը, կարծես թե, թուլացնում է Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին, որը երկրորդն է մեր ԱԺ-ում: Ու հենց հիմա ադրբեջանական մեդիան սկսում է թիրախավորել խորհրդարանական ընդդիմության մյուս թեւի առաջնորդին՝ Սերժ Սարգսյանին: Հավանաբար, նրանք սարսափում են Հայաստանում նոր իշխանափոխության որեւէ սցենարից…