Հայրեր-որդիներ

Հայրեր-որդիներ

Մեկ տարի առաջ կատարվածը, մեծ հաշվով, պետք է դիտել բնական սերնդափոխության շրջանակներում՝ «հայրերին» փոխարինեցին «որդիները»։ Եվ քանի որ հայրեր-որդիներ կոնֆլիկտը հավերժ է, ապա իշխանափոխության սուբյեկտներն էլ կոնֆլիկտ ունեին միմյանց հետ, եւ այդ կոնֆլիկտը շարունակվում է նաեւ այսօր։

Բայց ինչպես ցանկացած «հոր եւ որդու» միջեւ կա հայացքների, ճաշակի, գաղափարների տարբերություն, այնպես էլ՝ հին ու նոր իշխանությունների միջեւ։ Որդիները, որպես կանոն, ավելի առաջադեմ են, ավելի ժամանակակից, ավելի ճարպիկ, ավելի խիզախ, ավելի մարտնչող։ Հայրերն ավելի պահպանողական են, ավանդապաշտ, հետ նայելու հակված։

Երբ այս տեսանկյունից նայենք վերջին տարվա իրադարձություններին, միանգամայն հասկանալի կդառնա, թե ինչու է հանկարծ տրանսգենդերը հայտնվել պառլամենտում, ինչու են թմրանյութերի ազատականացում քարոզում, ինչու է խաղաղության թեման եկել առաջին պլան։ Իսկ երբ «որդիները» եկել են իշխանության, միանգամայն բնական է, որ Ազգային ժողովում եւ Երեւանի ավագանիում պատանեկան տրամադրություններ են տիրում, «ռազբիրատի» մթնոլորտ, իսկ օրինաստեղծ աշխատանքն ու կարեւոր որոշումների ընդունումն ուշանում են։

Բնական է նաեւ, որ երիտասարդ իշխանավորները չափից դուրս շատ են տարված PR-ով ու Ֆեյսբուքով եւ հաճախ աշխատելու փոխարեն շոուներ են բեմականացնում։ Չէ՞ որ երիտասարդ տարիքին բնորոշ են անլուրջ պահվածքը, պատասխանատվության ցածր գիտակցումն ու զվարճություններին հակվածությունը։ Նրանք նաեւ ինքնահաստատվելու պահանջ ունեն, իրենց ուժը, իրենց հանկարծահաս հաջողությունը, հեղափոխությամբ ստացած իշխանությունը ցուցադրելու ձգտում։ Երիտասարդական ավյունն է նաեւ նրանց մղում ազատվել դեռեւս իրենց աթոռներին մնացած պաշտոնյաներից, պատժել ու կուլակաթափ անել նրանց։