Ի՞նչ է ասում վարչապետից օգնություն խնդրողն իրեն վիրավորողներին․․․

Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանի պատմությունը շատերին է հուզել։ Համացանցում հանդիպում եմ գրառումների, սրտառուչ խոսքերի, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում, խնդրում, որ օգնություն կազմակերպեն՝ հիվանդ մարդուն ու իր բազմանդամ ընտանիքին սատարելու համար։ Ա՜յ սա իմ ժողովուրդն է, որին ճանաչում եմ՝ պատրաստակամ ու բարի, նեղության մեջ գտնվողին օգնող, հասնող։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր Կուրթանի բնակչին այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։ Վարչապետն ասել է՝ «Առողջ տղամարդը կգա, առողջ տղամարդուն կասի՝ տանս հարցը լուծի՞»։
Վարչապետի բարոյախրատական խոսքից հետո Կուրթանի բնակչին մարդկանց մի խումբ սկսեց գրառումների տեսքով վիրավորել, ծաղրել։ Չեմ հասկանում, այդ մարդիկ, որոնք հայհոյում էին առողջական ծանր վիճակում գտնվող մարդուն, թե ինչու է վարչապետից բան խնդրում, վիրավորանքներ հասցնում, կներեք՝ որտեղի՞ց նրանք ներմուծվեցին մեր մեջ։ Կարելի՞ է մտածել, որ դրանք հենց վարչապետի շրջապատն են, շեփորահարները, որոնք պատրաստ սպասում են, թե ինչ կասի վարչապետը, որ «վրա տան»։ Այդ մարդկանց մասին Կուրթանի բնակիչն արտահայտվել է առանց վիրավորելու․
«Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց... Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, խի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ։ Էսօր իմ վերաբերյալ շատ վատ բաներ են գրում, մեկը գրել ա՝ բոմժ ես, մեկը գրել ա՝ եսիմինչ ես, ասել եմ՝ ոչինչ, վերեւը Աստված կա, թող ասեն»։
Հիմա ձեր խիղճը չի տանջու՞մ, որ մարդը 32 տարի ապրում է իր ընտանիքով երկու սենյականոց վագոն տնակում․ 10 հոգով։ Երեխաները հիվանդ, ընտանիքը թշվառության մեջ։ Վարչապետին դիմող մարդը ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես ինքն է ասում․
Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»։
Վերև Աստված կա, շատ ճիշտ է ասված։ Դա նեղության մեջ գտնվող մարդու ճիչ է, որն անպատասխան չի մնա։
Կարծիքներ