Գյումրեցին Վազգեն Սարգսյանի ֆիլմը դիտելու համար հասնում է Երևան, կինոթատրոնը վերածվել է ՔՊ շտաբի

«Հարգելի լրատվամիջոցներ, քանի որ Հայաստանում չկա խոսքի ազատություն և ազատ շարժի իրավունք և ամեն ինչ սահմանափակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, ուստի պայքարս սկսել եմ «Հոկտեմբեր» կինոթատրոնի փրկության համար, դրա համար էլ ակցիաս որոշել եմ անցկացնել կինոհոկտեմբերի շրջակայքում, ինչը ՔՊ-ն արգելում է։ Դրա համար դիմում եմ Ձեզ, որ մոտենաք և նկարահանեք, որ թույլ չեն տալիս՝ իմ ակցիան կազմակերպեմ, ելնելով այն բանից, որ Հոկտեմբեր Կինոթատրոնը դարձրել են Սարիկ Մինասյանի անձնական շտաբ։ Խնդրում եմ եկեք և ցույց տվեք, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն»,-գրել է գյումրեցի հայտնի բլոգեր Արթուր Ադամյանը` խնդրելով լրատվամիջոցներին աջակցել իրեն։
Անդրադառնալով Գյումրու սրտում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնին՝ նշենք, որ այն ուղիղ մեկ տարի առաջ վերանորոգման նպատակով փակվեց ։ «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրենի խոսքով՝ այն փակվելու էր մեկ ամսով, բացառապես վերանորոգման աշխատանքների համար։ Սակայն արձանագրենք, որ մինչ օրս շենքում վերանորոգման ոչ մի աշխատանքներ չեն տարվել, իսկ կինոթատրոնի մի հատվածը վերածվել է հագուստի սրահի, որտեղ մանկական հագուստներ են վաճառում։ Կինոթատրոնի դռները բացվել են ընդամենը 10 օր առաջ՝ քարոզչության շրջանակում, իշխող ՔՊ կուսակցությունն այն դարձրել է իրենց թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբը եւ ՔՊ-ականներն առավոտից երեկո այնտեղ են , անգամ նրանցից շատերը մինչև ուշ գիշեր այս օրերին կինոթատրոնում են անցկացնում։ Այն, որ մշակույթային արժեք հանդիսացող, գյումրեցիների համար չափազանց թանկ կառույցներից մեկն է վերածվել ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի , պատահական չէ։
Անցած տարի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի օտարման մասին աղմուկ բարձրացավ։ Տեղեկություն տարածվեց, որ շենքը ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ով Գյումրիի պատմական միջուկում տարբեր շինություններ ունի։ Բայց Գյումրիում գրեթե բոլորն են վստահ, որ գործարար, նախկին ՀՀԿ -ական պատգամավոր Արման Սահակյանի անվան հետ է կապվում «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը։ Շենքը «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ից գնել է հենց նա ։ Խոսակցություններ կան, որ կինոթատրոնի շենքը վերածվելու է առևտրի կենտրոնի, իսկ շենքի տանիքում ուզում են լողավազան և սրճարան սարքել։
Hraparak.am-ի տեղեկություններով, այս ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին սատարում է ընկերը՝ Արման Սահակյանը եւ Գյումրու կենտրոնում գտնվող իրեն պատկանող կառույցում հսկա տարածք է տրամադրել ընկերոջը՝ քարոզչություն իրականացնելու համար։
Hraparak.am-ը զրուցեց նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճակատագրով անհանգստացած Արթուր Ադամյանի հետ։ Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով, բոլոր համապատասխան թղթերը պատրաստ են, որ մշակույթային այդ կառույցի վրա երրորդ հարկ կառուցվի, շենքը մշակույթային արժեքից կվերածվի ժամանցի կենտրոնի։ «Մեկ տարի առաջ բոլոր աշխատողներին վերանորոգման պատրվակով ազատեցին, տուն ուղարկեցին, հիմա էլ բացել են որպես շտաբ։ Ինձ քաղաքական պահը չի հետաքրքրում, ես պայքարելու եմ , որ շենքը պահպանվի որպես պատմամշակույթային արժեք։ Ինչու պիտի գյումրեցին հիմա Վազգեն Սարգսյանի ֆիլմը դիտելու համար հասնի Երևան, այդ շենքը երբեք այլ նպատակի չի ծառայել։ Վարդան Ղուկասյանը, երբ որ այդ շենքը վաճառեց, փաստաթղթով պարտադրեց, որ կինոթատրոնը պետք է օգտագործվի միայն կինո դիտելու նպատակով։Բայց հետո, երբ նորից են վաճառել, այդ կետը հանել են փաստորեն։ Ես նորից եմ ասում՝ իմ պայքարը քաղաքական չէ, ես պահանջում եմ կինոթատրոնը վերադարձնել գյումրեցուն՝ որպես պատմամշակույթային արժեք։ Ես նաև «Վառեմ-մարեմի» համար եմ պայքարել, բոլորն են հիշում․ 11 օր նստել եմ այնտեղ, հացադուլ արել »,-ասաց Ադամյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր) ավագանու որոշմամբ՝ շենքը վաճառվել է ընդամենը 25 միլիոն դրամով, մինչդեռ շենքի կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203 միլիոն 918 հազար 820 դրամ:
Կարծիքներ