Խաբեությո՞ւն, թե՞ ինքնախաբեություն

Խաբեությո՞ւն, թե՞ ինքնախաբեություն

Թիզ առ թիզ, մետր առ մետր իր դիրքերն առաջ բերող թշնամին խաղաղության գնալու ոչ մի ցանկություն չի դրսեւորում։ Ճիշտ հակառակը՝ մի կողմից իր բանակն է հզորացնում, դիվանագիտական դաշտում հետեւողական աշխատանք տանում, քարոզչության մեջ է մեզ հաղթում, մյուս կողմից՝ իր ֆիզիկական ներկայությամբ ամրագրում է այդ հաղթանակը՝ ներխուժելով ՄԱԿ-ի անդամ անկախ պետության սուվերեն տարածք։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ բացի լացուկոծը, ստատուսներ գրելն ու միմյանց հայհոյելը։

Ի՞նչ է անում մեր իշխանությունը՝ այս անվերջանալի պարտության դեմն առնելու, հրոսակների առաջխաղացումը կանխելու համար․ կառավարության նիստում հայտարարում է․ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում»:

Եվ ամենակարեւորը՝ շարունակում ենք խաբել բոլորին, ում հնարավոր է․ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետեւյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, եւ նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ»,- ասում է վարչապետը կառավարության նիստում:

Իսկ մինչ այդ ողջ երկիրը քննարկում է, թե քանի կիլոմետր եւ որ մասերում են առաջ եկել թշնամու զորամիավորումները։