Պատգամավորը հեռուստատեսությամբ ծրագիր կվարի

Պատգամավորը հեռուստատեսությամբ ծրագիր կվարի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շուտով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ քաղաքական ուղղվածության ծրագիր կվարի։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը նա հաստատեց, սակայն շատ փակագծեր չբացեց՝ ասելով, որ դա կանի մի քանի օրից․
«Հաղորդում բառը տեղին չէ, հաղորդում չի լինելու, լինելու է քաղաքական լուրջ նախագիծ, որտեղ ես ունենալու եմ օրենքով ինձ թույլատրելի շրջանակների ստեղծագործական գործունեություն։ Խոստանում եմ առաջիկայում «Հրապարակ» օրաթերթին տալ ամբողջական տեղեկություն, որը չափազանց հետաքրքիր է լինելու հանրության համար։ Հիմա դեռ փակագծեր բացելու հնարավորություններ չունեմ, որովհետև նախագծային աշխատանքներ են տեղի ունենում»։

Հարցրինք, թե միայն ծրագի՞ր է վարելու, թե՞ հեռուստաընկերությունում պաշտոն է զբաղեցնելու․

«Ոչ, ես գործադիր գործունեություն իրականացնելու իրավունք չունեմ Սահմանադրությամբ։ Ստեղծագործական և մանկավարժական գործունեություն է լինելու բացառապես, բայց կրկնում եմ՝ դա քաղաքական նախագիծ է լինելու։ Օրեր անց բոլոր տեղեկությունները պատրաստ եմ տալ բացառապես ձեզ, թե ինչ է տեղի ունենալու, այս պահին այլ տեղեկություններ ուղղակի չկան»։

Իսկ այն հարցին, թե Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին նմա՞ն է լինելու, Ուրիխանյանը պատասխանեց, որ այդ հաղորդումները որևէ ընդհանրություն չունեն։