Արտակարգ իրավիճակը պատգամավորներին չի վերաբերում

Արտակարգ իրավիճակը պատգամավորներին չի վերաբերում

Ազգային ժողովի հերթական քառօրյան այսօր մեկնարկեց լեզվակռվով: Չնայած երկրում հաստատված արտակարգ եւ վտանգավոր դրությանը, քաղաքական ուժերը, հատկապես`  իշխող, չեն ձերբազատվել հիմնական բարդույթից՝ ընդդիմադիրներին շշպռելու եւ քաղաքական  դիվիդենտներ շահելու: Նիստի սկզբում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա.

«Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով` վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»,- ասաց Մարուքյանը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց՝ ասելով, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին:

«Այս ընթացքում՝ մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, Ազգային ժողովը չի կարող կասեցնել իր աշխատանքները: Մենք չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի, 30 օրով է այն, բայց սա շարունակաբար կարող է երկարել: Նույնիսկ վերլուծություն կա մի քանի ամիսների, տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ և պետք է երկրի համար կարևոր օրենքներ ընդունենք»,- նշեց Միրզոյանը:

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ ելույթ ունեցավ՝ ասելով, որ ԱԺ աշխատանքները դադարեցնելը կնշանակի պետության վախճան:

«Իմ քայլի» պատգամավոր  Մխիթար Հայրապետյանն էլ հորդորեց քաղաքական դիվիդենտներ չշահել. «Երեկ ԱԺ խորհրդի նիստ է եղել, եւ այս հարցը չէր կարող չքննարկվել: Չեմ զարմանում, որ պարոն Մարուքյանն իր խոսքում չնշեց, որ Արարատ Միրզոյանը երեկ նախ ասել է՝ մեր աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի: Բացի այդ, խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի: Կարծում եմ` ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ոչ թե ելույթով նշել, որ 700-800 մարդ գալիս է աշխատանքի, այլ հաշվի առնել այն տեղեկատվությունը, որ երեկ ԱԺ նախագահը, իհարկե` ոչ տեսախցիկների առջեւ, բայց հայտնել էր խորհրդի անդամներին»: Պատգամավորը երկրորդեց ԱԺ նախագահին, ասաց, թե ԱԺ-ի աշխատանքը չպետք է խաթարվի: «Հանրությունը, տանը նստած, շարունակում է հետեւել մեզ: Հանրությանը կոչ եմ անում չհետեւել մեր օրինակին՝ սոցիալական տարածության պահպանման եւ փակ տարածությունում հավաքվելու հետ կապված: Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ նշվել է, որ ԱԺ-ն պետք է աշխատի: Այդ աշխատանքը չի կարող դադարեցվել, եւ նաեւ դրանից է կախված երկրի ընթացքը»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ես իմ առաջարկը չարեցի նրա համար, որ այն քաղաքական քննարկման առարկա եւ ինքնահաստատման փորձ դառնա: ԱԺ խորհրդի նիստից հետո վարչապետն արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել, եւ իմ ասածը բխում է այդ հայտարարությունից հետո երկրում խստացվող ռեժիմի իրավիճակից: Այո, խորհրդի նիստում քննարկվել է, որ ԱԺ-ի մեծահասակ աշխատողները կարող են չգալ, նաեւ` 60-ն անց պատգամավորները: Դրա մասին չի խոսքը, Մխիթար ջան, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք, էլի»: Արարատ Միրզոյանը տեղից կատակեց, թե որոշել էին 60-ն անց պատգամավորների մասին բարձրաձայն չհայտնել: Ուշագրավ է, որ ԱԺ աշխատանքները շարունակելու համար կռիվ տվող Հայրապետյանը նիստը սկսվելուց շատ չանցած` լքեց նիստերի դահլիճը: Իսկ միջանցքում նիստին հետեւող ԱԺ աշխատակիցները տրտնջում էին, որ  իրականում ոչ մի խոցելի խմբի էլ հնարավորություն չեն տվել տանը նստել:

Ավելին, իրենք՝ պատգամավորները, չէին պահպանում անվտանգության կանոնները, եւ նիստին ներկա 100-ից ավելի պատգամավորներից միայն Գեւորգ Գորգիսյանն ու Միքայել Մելքումյանն էին դիմակով:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն այդ հարցին ի պատասխան ասաց, որ իրենք հետևում են առողջապահության նախարարության հորդորներին, համաձայն որոնց՝ դիմակ պետք է կրեն միայն նրանք, ովքեր հիվանդ են կամ իրենց թույլ են զգում: Իսկ պատգամավորները, Մակունցի խոսքով, պարբերաբար ախտահանիչ լուծույթներ են օգտագործում: Մինչդեռ վարակն ունի 14-օրյա գաղտնի փուլ, եւ անձը կարող է այդ ընթացքում իրեն վատ չզգալ, չունենալ որեւէ ախտանշան: Եվ վերջապես, նիստի ընթացքում դիմակներ կրելով` նրանք կարող են օրինակ ծառայել շարքային քաղաքացիներին ու փոխանցել պահի լրջությունը, որպեսզի յուրաքանչյուրը նույնկերպ վարվի: Տպավորություն է, որ թիվ մեկ օրենսդիր մարմնում անլուրջ են վերաբերվում ստեղծված իրավիճակին, արտակարգ դրությունն էլ մտցրել են ԶԼՄ-ների աշխատանքները խաթարելու համար: