Մալյանի ակցիայից հետո լրագրողին հեռացրել են աշխատանքից

Մալյանի ակցիայից հետո լրագրողին հեռացրել են աշխատանքից

«Հրապարակը» գրել էր, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև, որտեղ բողոքի ակցիա էր իրականացնում «ՎԵՏՕ» նախաձեռնությունը՝ քաղակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ։ «24news»-ի լրագրող Դիանա Դավթյանի և նախաձեռնության մասնակիցների միջև վիճաբանություն եղավ։ Նարեկ Մալյանին ուղղված հարցից հետո, թե ունի՞ Մալյանը փաստեր, որ իշխանությունների վերին էշելոնները Սորոսի հիմնադրամից հրահանգներ են ստանում, լարվածություն սկսվեց։ Դավթյանին սկսեցին մեղադրել 1in.am կայքի նախկին խմբագիր Արման Բաբաջանյանի պատվերը կատարելու մեջ՝ չնայած շուրջ 5 ամիս է, ինչ Դավթյանը չի աշխատում այդ կայքում։ Ապա Դավթյանը նկատել է, թե ինչպես է ակցիայի մասնակիցներից մեկը տեսանկարահանում իրեն,  հարցրել է՝ ի՞նչ նպատակով է նկարահանում, ինչից հետո կրկին լեզվակռիվ է սկսվել։

«Հրապարակի» հետ զրույցում Դավթյանը պատմեց, որ այդ պահին « 24news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը զանգել է օպերատորին և հրահանգել՝ անջատել ուղիղ եթերը,  վերադառնալ խմբագրություն, իսկ  խմբագրությունում վեճ է սկսվել իր և  խմբագրի միջև․

«Ինձ համար տարօրինակ էր, ի՞նչ է նշանակում ուղիղ եթերում տեսնել, որ քո  լրագրողին վիրավորում են, այնուհետ  սպառնում, բայց զանգել ու օպերատորին ասել՝ ուղիղ եթերն անջատի՞․․․,  որպես կանոն` նյութեր պատրաստելու ժամանակ նախեւառաջ պատասխանատու է լրագրողը, եւ հենց լրագրողին են տեղյակ պահում նյութը չեղարկելու մասին։

Ես օպերատորիս հետ վերադարձել եմ խմբագրություն։ Նարեկ Գալստյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ, ասաց՝ դուռը փակիր։ Մտածեցի՝ պետք է հարցնի՝ ի՞նչ է եղել, ո՞վ է վիրավորել, ի՞նչ միջադեպ է եւ այլն, բայց սկսեց  ձայնը բարձրացնելով խոսել, թե քեզ քանի անգամ եմ ասել՝ հավասարակշռված կպահես քեզ, դու չգիտե՞ս, որ ինքը իմ ընկերն է, բայց դու գնացել ես Նիկոլ Փաշինյան ես պաշտպանում։ Ասում եմ՝ այսի՞նքն, հավասարակշռված պահելը ո՞րն է, ի՞նչ Նիկոլ Փաշինյան պաշտպանելու մասին է խոսքը»,- պատմում է Դիանա Դավթյանը,-  «այն պահին, երբ ինձ վիրավորում են, երբ ինձ փորձում են պիտակավորել զանգում, օպերատորին ասում ես՝ հենց հիմա անջատի ուղիղ եթերը, դրանից հետո ինձ  սպառնում են։ Ու  որպես խմբագիր  դու պարտավոր ես իմ իրավունքները պաշտպանել, որովհետև ես տվյալ պահին աշխատանքի մեջ եմ, քո ուղարկելով եմ գնացել էդ ակցիայի տեղը, ու եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, նաև դու ես պատասխանատու, թեքվել, ասում ես՝ իրենք իմ ընկերներն են ու ես իրավունք չունեմ իրենց այդպիսի հարցեր տալու։ 

Բացի այս, «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, երբ եկել ու ինձ ասում էր, որ «դիմելու եմ»  լրագրողների հանձնաժողով, որ քո էթիկան քննության առնեն, տեսնեն ինչ նպատակով ես եկել ակցիայի, Անի Հովհամմիսյանին հարցրել եմ, թե պատգամավորներից մեկի մասին վատ լուրեր չգրելու համար դրամաշորթության մեջ մեղադրվելուց և ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ի՞նչ գործունեություն է ինքը ծավալում։ 

Մի խոսքով՝  բավական թեժ վիճաբանություն տեղի ունեցավ գլխավոր խմբագրի հետ, հետո ես թողեցի դուրս աշխատասենյակից,  հավաքեցի անձնական իրերս դուրս եկա խմբագրությունից ու աշխատանքից, որովհետև խոսել էինք նաև այն մասին, որ այլևս չենք կարող նման պայմաններում շարունակել համատեղ աշխատանքը»։ 

Մենք նաև կապ հաստատեցինք « 24news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանի հետ՝ տեղի ունեցածի վերաբերյալ վերջինիս տեսակետը իմանալու համար։ Նա ասաց, որ Դավթյանին  հեռացրել է քաղակտիվիստ լինելու պատճառով․

«Ես այդ առիթով բացարձակապես մեկնաբանություն չունեմ, իրեն հեռացրել եմ ոչ կոմպետենտության  և քաղաքացիական ակտիվիստ լինելու պատճառով։ Ընդհանրապես ճիշտ չի, որ մարդը, որտեղ աշխատում է, այդտեղի․․․ լավ, մի խոսքով, ինչ-որ է, անցած լինի։ Ես այդ առիթով մեկնաբանություն չունեմ։ Շնորհակալ եմ»,- ասաց Նարեկ  Գալստյանը։ Քիչ անց նա իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․

«Քանի որ առավոտից մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են 24News-ի հետ համագործակցությունը դադարեցրած լրագրողի հետ կապված պատմությանը, ուզում եմ ասել առաջին ու վերջին անգամ հետևյալը: 1. Լրագրողը երբեք չպետք է դառնա քաղաքական ակտիվիստ: Որ պահին լրագրողը վեր է ածվում քաղաքական ակտիվիստի, դադարում է ծառայել իր մասնագիտությանը: 2. Ամենասարսափելին այն է, որ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ անցնում է կոռեկտության սահմանները և սկսում հեգնել կամ անձնական վիրավորանքներ հասցնել: 3. Անկախ դիմացինի նկատմամբ անձնական վերաբերմունքից, լրագրողն իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը դարձնել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմնական մոտիվ: Հ.Գ. Այս թեմայով այլ մեկնաբանություն չեմ տալիս և չեմ էլ տալու»։