Ինչո՞ւ են տապալվել Երեւանի թիվ 164 դպրոցի տնօրենի ընտրությունները

Ինչո՞ւ են տապալվել Երեւանի թիվ 164 դպրոցի տնօրենի ընտրությունները

Երկու անգամ՝  այս տարվա հունիսի 26-ին եւ հուլիսի 3-ին, Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի տնօրենի տապալված ընտրությունները ստիպել էին այդ դպրոցի ուսուցչուհիներ Մանուշակ Գաբրիելյանին եւ Նատալյա Բաղդասարյանին գալ «Փաստարկ» ակումբ եւ լրագրողներին ներկայացնել կատարվածի պատմությունը։ 

Ընտրություններին մասնակցել է երկու թեկնածու՝ Մանուշակ Գաբրիելյանը եւ նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանը։

Տնօրենի ընտրությունը տապալվել է, որովհետեւ խորհրդի անդամները՝ լիազոր ներկայացուցիչը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչ մեկ անդամը չեն ներկայացել, խորհուրդն իրավազոր չի եղել, ընտրությունն էլ չի կայացել։ Թե ինչու չեն ներկայացել նրանք՝ ուսուցչուհիները չգիտեին եւ չկարողացան որեւէ բացատրություն տալ։

Ընտրություն տեղի չի ունեցել, փոխարենն եղել է Երեւանի ավագանիների կողմից ձեւավորված հանձնաժողով, որտեղ քննարկել են երկու հավակնորդների զարգացման ծրագրերը, այնտեղ չի նշվել, թե ով քանի ձայն է ունեցել, պարզապես նշվել են այդ ծրագրերի առավելություններն ու թերությունները, ինչից հետո էլ դպրոցի տնօրեն է նշանակվել նախկին տնօրենը։

Մանուշակ Գաբրիելյանը նշեց, որ դպրոցում տապալված ընտրությունների պատճառով Երեւանի քաղաքապետը կազմել է հանձնաժողով։ Տնօրենի հավակնորդն էլ ներկայացրել է իր զարգացման ծրագիրը։ Մանուշակ Գաբրիելյանն ասում է, որ այնտեղ չեն հնչել մասնագիտական հարցեր, հնչել են պրովոկացիոն հարցեր, թե օրինակ՝ ինչպես կարող է զարգացման ծրագրում բարելավել ֆիզիկական միջավայրը։ 

«Հուլիսի 12-ին Երեւանի քաղաքապետը պետք է որոշում կայացնի, թե ում է տալիս հավակնությունը։ Իհարկե, հավակնությունը տրվեց նախկին տնօրենին՝ Արմինե Ներսիսյանին։ Ես Երեւանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանից խնդրեցի ներկայացնել այդ օրվա նիստի քաղվածքը, արձանագրությունը։ Այդ արձանագրությունն ինձ մոտ է, որում  ոչինչ նշված չէ իմ պարտության մասին, ուղղակի նշվում է, որ երկու հավակնորդները ներկայացրել են իրենց զարգացման ծրագրերը, այնտեղ նշվել են առավելություններն ու թերությունները։ Թե քանի առավելություն եւ թերություն է նշվել՝ այդ մասին որեւէ ձեւով արձանագրված չէ։ Փոխարենը կկնքվի պայմանագիր գործող կարգի համաձայն՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանի հետ»,- հայտարարեց Մանուշակ Գաբրիելյանը։ Նա խնդրում է վերանայել գործընթացը, հայտարարել նոր մրցույթ, որպեսզի այն կազմակերպվի ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։ Միաժամանակ նա հայտնեց, որ ցանկալի էր, որ տնօրենի մրցույթին մասնակցեն նաեւ դրսից հավակնորդներ։ 

Հարցին, թե իշխանությունները հովանավորո՞ւմ են նախկին տնօրենին, ուսուցչուհիները չկարողացան պատասխանել։ Մանուշակ Գաբրիելյանը նշեց միայն, որ նամակ են ուղարկել լիազոր մարմին եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, նաեւ՝ գլխավոր դատախազություն, որում նշում են դպրոցում կատարված չարաշահումների եւ խախտումների մասին։ Նամակը ստորագրել է 22 ուսուցիչ, սակայն առ այսօր պատասխան չեն ստացել։ 

Եվ հիմա, ըստ ուսուցչուհիների, դպրոցի կոլեկտիվը երկփեղկված է, 28 ուսուցիչ անվստահություն է հայտնել նախկին տնօրենին։