Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթյա անազատության

Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթյա անազատության

Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատ արձակման կարգը խախտելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Դուք չեք հանձնվել ոստիկանությանը սեփական ցանկությամբ։ Էկվադորի դեսպանությունը ստիպված է եղել հնարավորություն տալ, որպեսզի ոստիկանությունը մուտք գործի դեսպանատան շենք։ Դուք ունեիք ընտրելու հնարավորություն, եւ ես մերժում եմ պատժի մեղմացման մասին փաստարկները»,- հայտարարել է դատավոր Դեբորա Թեյլորը՝ կարդալով դատավճիռը։

Դատավորը նաեւ նկատել է, որ ներկա դատավճիռը դուրս է այն բոլոր մեղադրանքներից, որոնք շատ ավելի լուրջ արարքների համար են առաջադրվել։

Հիշեցնենք, որ Ասանժը, դատավճռի հրապարակումից առաջ իր փաստաբանի միջոցով ափսոսանք է հայտնել այն արարքների համար, որոնք թույլ է տվել։