Էլեկտրաքարվաճառի առեղծվածը

Էլեկտրաքարվաճառի առեղծվածը

Տասերորդ օրն է՝ Քարվաճառում հացադուլ է անում Ալեքս Քանանյանը: Ֆեյսբուքյան գրառումներից դատելով՝ փոքր հէկ-երի կառուցումը դադարեցնելու նրա պահանջին միացել է եւս մեկը, իսկ տեղի որոշ դպրոցականներ դասադուլ են հայտարարել: Քարվաճառում փոքր հէկ-եր կառուցվում են արդեն մի քանի տարի շարունակ: Եւ, կարծես, այդ ընթացքում բողոքի որեւէ ձայն չի հնչել: Շրջանում վարչակազմի ղեկավարի փոփոխություն կատարվել է մոտ երկու տարի առաջ, այդ պաշտոնն զբաղեցնում է Դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչը, իսկ 2018թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար արտահերթ ընտրություններում հաղթել է Արցախի ժողովրդավարական կուսակցության թեկնածուն: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հաճախակի տեղեկություններ է տալիս շրջանի համայնքներում հանդիպումների, մարդկանց հուզող հարցերի շուրջ քննարկումների մասին, հրապարակում աշխույժ լուսանկարներ: Ոչ մի ակնարկ, որ մարդիկ դժգոհ են բնապահպանական վիճակից, պահանջում են դադարեցնել հէկ-երի կառուցումը: Եւ հանկարծ՝ հացադուլ, դասադուլ, ֆեյսբուքյան գրառումներ՝ ի աջակցություն Քանանյանի:

Եթե խնդիրն իրոք հանրային է, ապա ինչու՞ շրջանային վարչակազմի ղեկավարը, տեղաշրջանից ԱԺ պատգամավորը կառավարությանը չեն ներկայացրել մարդկանց մտահոգությունները: Եթե կարելի էր բջջային կապի սակագների հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությամբ եւ ոլորտի պատասխանատուներին բացատրությունների հրավիրել Ազգային ժողով, ապա ինչու՞ նույնը չի արվել փոքր հէկ-երի եւ առհասարակ բնապահպանական հարցերով: Իրավիճակից տեղյա՞կ չէին: Ուրեմն թերացել են: Տեղյակ էին, բայց լռու՞մ էին: Ինչու՞:  Ակնհայտ է, որ Քանանյանի հացադուլը, դպրոցականների դասադուլն ինքնաբուխ չեն, սպասարկում են որեւէ մեկի քաղաքական շահը: Բայց՝ ու՞մ: Ո՞վ է, որ Արցախում գիտակցաբար գնում է ներքին լարվածություն սադրելու: Տպավորություն կա, որ «էլեկտրաքարվաճառը» միայն սկիզբն է: «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն օրերս ասել է, որ իրեն հուզում է քվեարկության հաջորդ օրը: Հետընտրական սրացումների կանխածրագրման մասին տեղեկություններ ունի՞ նա: