Թոռնիկս ամբողջ ճանապարհին ասում էր՝ տատի, ուզում եմ գնամ մեր տուն
«Մենակ ենք էս մեծ աշխարհում ու երկրում»,- արցունքը խեղդելով՝ հեռախոսի միջից փոխանցում է Արցախից բռնի տեղահանված Անաիդա Հայրապետյանը, ով մեր հազարավոր հայրենակիցներից մեկն է, որ այս օրերին անցել է Հակարիի կամուրջը եւ մի կերպ հասել Հայաստան։
«Ահավոր հերթեր են, կալոնաներին վերջ չկա, մարդիկ վռազում են՝ դուրս գան։ Մենակ տեսնես՝ ինչքան մարդ ա գալիս․․․, գալու են կաշիդ թափ տան, էէէ, դու ո՞նց ես էդքան մարդու պատասխանը տալու (խոսքն ուղղում է իշխանություններին)։ Մեծ թոռնիկս՝ Անահիտը, անընդհատ ճանապարհին ասում էր՝ տատի, ուզում եմ գնամ մեր տուն․․․»,- լացելով ասում է տիկին Անաիդան ու պատմում, որ թոռնիկները շատ են վախեցել, Ստեփանակերտում անընդհատ վազել են ապաստարան, 8 ամիս կոնֆետ չեն կերել, փոքրիկ Անահիտի ուրախությունն անչափ մեծ է եղել, երբ Կոռնիձորում քացրավենիք են հյուրասիրել։
Տիկին Անաիդան արդեն մի քանի օր է՝ Արտաշատում է․ «Հիմա Արտաշատում ենք՝ տղայիս ընկերոջ տանը, 3 օր ճանապարհին ենք եղել, տանջվեցինք, մի հոգի սաղ աշխարհը ցրիվ տվեց՝ Գարբաչովի նման, ճնշված, սուս արած՝ դուրս ենք եկել՝ տղաս, հարսս, ես ու 2 թոռս։ Ամբողջ մարմինս, ծնկներս կոտրատվում են, չեմ կարող պատմել, թե ինչ վիճակում հասանք․․․ ահավոր էր, սկզբում գնացինք Գորիս, գրանցվեցինք, հետո եկանք ստեղ, ապրի Գորիսի քաղաքապետը, մրջյունի պես աշխատում են, Աստված պահի բոլորին․․․»։
Տիկին Անաիդան մտքով դեռ իր տանն է, իր հողում, չի հաշտվում իրականության հետ։ «Մի սենյականոց տուն էր իմը, բայց ամեն ինչ արել-դրել էի, տունը նորոգել, որ նստեմ ապրեմ, բայց չեղավ, ու հիմա չեմ պատկերացնում, որ թուրքը կարա մտնի իմ տուն, փախստական մեզ դարձրին․․․»,- արտասվելով պատմում է զրուցակիցս ու հիշում անցակետում ապրած անպատմելի ցավը․ «Անցակետում ոտքից մինչեւ գլուխ սքան են արել․․․ քանի՞ կին եք, քանի՞ երեխա, քանի՞ տղամարդ, զենք ունե՞ք մոտներդ, թե՞ չէ․․․ տղայիս ընկերներից մեկը մի հեռուստացույց էր հետը վերցրել, բայց մի գեներալ եկավ ու փշուր-փշուր արեց էդ հեռուստացույցը, էդ մարդու ամբողջ ունեցվածքը մի հեռուստացույց էր, դա էլ տվեցին ջարդեցին․․․․ մեր վերցրածը կոշիկ ու հագուստ էր, մնացած բոլորը մնացել ա Ստեփանակերտ, աշխատանքային գրքույկս էլ կորել է․․․»։
Փախստական դարձած կինն ասում է՝ անցակետում իրենց հարցեր չեն տվել, եթե տային էլ, չէր պատասխանի․ «Ես զարմանում եմ, որ մարդիկ դրանց ինտերվյու էին տալիս, խի դրանց հետ խոսելու բան կա՞, որ կանգնում խոսում էիք, արհամարհեք անցեք ու հետո մի ասեք՝ ճար չունեինք` խոսացինք, ինքը քեզ պարտադրո՞ւմ ա խոսաս՝ չէ, կամ՝ քեզ պարտադրե՞լ ա, որ Ղարաբաղից դուրս գաս, ուղղակի վախից բոլորս մեր ընտանիքները վերցրել, դուրս ենք եկել․․․ Ի՞նչ անենք, երեւի մեր ճակատագիրն էր, բայց դեռ հույս ունենք, որ նորից ետ կդառնանք․․․»:
Կարծիքներ