Վարդան Սմբատյան. Կարմիր մարդիկ

Վարդան Սմբատյան. Կարմիր մարդիկ

-Չխփես, չխփես, արա՜,- գոռալով վազեցի խրամատի երկայնքով` փորձելով կանգնեցնել Ռոլանդին։

Հողը փախչում էր ոտքերիս տակից, զսպանակի էֆեկտով թռվռալով՝ նետվեցի առաջ, մինչ կհորդար խլացնող պայթյունը։

- Մեռավ, արա՜, խփի՜,- քրքջալով կրկնում էր Ռոլանդը։

Շիկացած հողը գրկեց ոտքերս, կյանքումս առաջին անգամ տաք սարսուռ զգացի:

Մաշկիս վրա փշաքաղվեցին կակտուսներ, քրտինքը սահեց գլխամաշկիցս վար ու հասավ արցունքիս վտակին։ Ցավը սկսեց կատաղի քորել գլուխս, երեսս, մարմինս։

Հաղթահարելով (պայթյունից փլված) հողի հսկայական գնդերը՝  հասա դիտակետ, ուր արդեն խմբվել ու տոնում էին հակառակորդի մահը։

- Տեսա՞ք ոնց խփեցի, տղե՛ք, թուրքերի լավըըըը,- բորենու ծիծաղով անընդհատ վրա էր բերում Ռոլանդը։

Ջոկը նշեց Ռոլանդի քաջագործությունը` տուշոնկայով, կարտոֆիլի տապակով, ես ու Ջիմին անմասն մնացինք արյունոտ լափից:

Ջիմիի իսկական անունը ոչ ոք չգիտեր, լոռեցի թուխ տղա էր՝ բարի ու դյուրահավատ աչքերով։ 
Ծառայության մեկ շաբաթն էլ չէր լրացել, ստիպեցին զուգարան մաքրել։ Զորամասի հրամանատարը փող էր խնայում, ինչու աշխատող բերեր, թե կար խելոք` հնազանդ զինվորը: Նա մաքրում էր ու միաժամանակ երգում էր, երբեմն զորամասի լավերը վերջինիս կանչում էին իրենց կազմակերպած կապտյորկա-փարթիներին, որպեսզի ուրախանային կամ, ինչպես իրենք էին ասում` կայֆ բռնեին։

- Արա՜, ասում են՝ Ջիմիի նման պարում ես, հա՞, բա հլը դավայ տենանք։ Ջիմն անվարան պարում էր, երգում բոլորին ծանոթ «Ջիմի աչա» ֆրազը, ու սրանք ծիծաղից փլվում էին կարտոֆիլե տապակի, մսով սոուսների մեջ։

Ջիմը (էդպես փոխեցի անունը իր խնդրանքով, էդպես գեղեցիկ է հնչում) ինձ հետ էր սահման պահում: Մի օր, շնչակտուր վազելով, եկավ ու արթնացրեց ինձ հանգստիս ժամին։

- Վա՛րդ ջան, դիտակետից նայելիս կարմիր մարդկանց եմ տեսել, կարմիր մարդիկ են գալիս մեր կողմ, վախենում եմ։

Հագնվեցի, զեկուցեցի հենակետի հրամանատարին: Ջոկի տականք հրամանատարը, լսելով տագնապի հրամանը, հորանջելով հայհոյում էր Ջիմին։ Ստուգեցինք ողջ տարածքը. մարդ չկար, քամին պտտվում էր խուլ բլուրների շուրջը, հավաքում էր ամեն շրշյուն, աղբ ու, փոխակերպվելով ձայնային ռուբիկոնի, ցնցում էր մեր հողաշեն` կիսաքանդ դիտակետը, սափրելով կիսավեր տանիքի մի մասը՝ բեկվում էր` թռչում թշնամու կավաշեն մզկիթ-դիտակետերի վրայով՝ կորցնելով թափն ու ուղեծիրը թանձրացող դիվային խավարում:

Ջիմը գլուխը կորցրեց, ամեն օր գալիս ու ականջիս փսփսում  էր.

- Վա՛րդ, չեմ խաբում, իրոք, գալիս են, չեմ ասի էլ տղերքին, Ռոլանդի հետեւից են գալիս, անմեղ գյուղացու ա սպանել, ոչ ոքի չասես, երեկ ինձ տշեցին ջոկով:

Փորձում էի հանգստացնել Ջիմին, շոկոլադ էի տալիս, իմ բաժին խտացրած կաթը, երբեմն էլ երգում էի, էնքան էր հուզվում Կոմիտասի «Կռունկը» լսելիս, աչքերը սրբում ու խնդրում էր կրկներգը սովորեցնել:

Զորացրվելուս օրերը մոտենում էին, Ջիմը չէր խաղաղվում, շարունակում էր լեգենդներ հյուսել «կարմիր մարդկանց» մասին, երազին էին գալիս.

- Կարմիր մարդիկ ինձ ասեցին՝ Ռոլանդը մեռնելու ա, Վարդ…

- Դե հերիք է, էլի, Ջի՛մ, խնդրում եմ՝ հանի՛ էդ հիմարությունը գլխիցդ, հասկացի՝ իրենք քո հարուստ երեւակայության արդյունքն են, ախր սենց կգժվես,- զայրացած խրատում էի Ջիմին ամեն օր:

Ջիմը լռեց, էլ երբեք չխոսեց «կարմիր մարդկանց» մասին, նա թաքուն լալիս էր ու նկարում:

Տետրերիցս մեկի մեջ, որտեղ բանաստեղծություններ էի գրում, երկու բարձրահասակ տղամարդու էր նկարել՝ զինվորական կարմիր համազգեստներով։ Ոչինչ չասացի, պահեցի գրքիս մեջ։ Հանգստի ժամ էր, ջոկը հանգստանում էր, Ռոլանդը զենքն էր սրբում, երբ ներս մտավ զորամասի հրամանատարը, ողջ անձնակազմը մի րոպեում շարվեց դրսում։ 

- Ռոլանդն ո՞վ է,- իրեն հատուկ խրոխտ հնչերանգով հարցրեց հրամանատարը: 

- Ես եմ, պարո՛ն գնդապետ,- վախեցած վեր կենալով՝ մոտեցավ հրամանատարին` պատիվ առնելով.

- Պարոն գնդապետ, շարքային Գեւորգյանը ներկայացել է Ձեր հրամանով:

- Դո՞ւ ես էս պոստից խփել ազերիին:

- Ճիշտ այդպես, պարո՛ն գնդապետ։

- Խրախուսե՛լ զինվորին։ Հակառակորդը մանիպուլյացիա է կիրառել՝ շեղելով մեր ուշադրությունը, որպես թիրախ՝ օգտագործել է  դաշտում աշխատող հողագործին։ Երկու կարմրազգեստ հետախույզ ձեր դիրքից քսան մետր հեռավորության վրա երեք օր զասադ են նստել ու կրակելուդ ժամանակ հասած են եղել դիրքի առաջնամաս։ Բարեբախտաբար, մեր սակրավորներն էդ հատվածում լավ ականապատել էին` սատկել են մինի վրա, մենք էլ ասում ենք՝ հրաձիգի կրակոցից սենց դմփոց ինչի՞ եղավ: Ինչեւէ, դասակի՛ հրամանատար, խրախուսի՛ր զինվորին տասը օր արձակուրդով։

Ջիմը գունատվեց, շուրթերը սկսեցին դողալ: Դողի մետաստազը տարածվեց ողջ մարմնով, վախը հոշոտեց հոգին։ Ես նրան այլեւս չտեսա խոսելիս։ Զորացրվելուս օրը վերադարձրի իր  նկարած «կարմիր մարդկանց», համարձակություն գտավ իր մեջ, հանդիսավոր կերպով, բոլորի ներկայությամբ հանձնեց Ռոլանդին առանց ծպտունի՝ իր ծանր լռության գամերը խրելով նրա ցինիկ հայացքի մեջ:

Ջոկը, ապուշ կտրած, նայում էր. նկարն այնքան իրական էր, կարմիրը կաթաց Ռոլանդի քթից։

Նրան վաղաժամ զորացրին՝ հինգ օր շուտ: 

Մեկ տարի անց, երբ բոլորս զորացրվել էինք, լուր հասավ, որ Ռոլանդը մահացել է արյան լեյկոզից։ Ջիմին ճանապարհելիս գրկեցի ջերմ, տվեցի տանս հասցեն, խնդրեցի կապվել հետս։ Փոքրիկ թուղթ դրեց ձեռքիս մեջ, որտեղ ինչ-որ բան էր գրել, վերարկուս հանելիս կորցրի: Անցել է տասը տարի, Լոռվա ոչ մի գյուղում չգտա նրան, ոչ ոք էդպես էլ չճանաչեց Ջիմին, նույնիսկ հրամանատարներն անունը չհիշեցին, զինվորական բլանկն անգամ չգտնվեց կադրերի բաժնում:

Մեր պահած դիրքն անվանափոխվեց «Կարմիր պոստ»։

Ասում են՝ Ռոլանդը մեռնելիս կերել է «Կարմիր մարդկանց» նկարը, իսկ Ջիմը Դսեղում խելակորույս հովիվ է դարձել: Ցավոք, ինֆորմացիան այդքան էլ ստույգ չէ, բայց մի բան կա, որ ստիպում է հավատալ Ջիմի կենդանությանը. Լոռվա գյուղերից մի քանիսում` ավերակ դարձած շինությունների վրա, օրեցօր ավելանում են բոսորագույնով նկարված զինվորական նկարները:

Հետգրություն:
Մի՛ փնտրեք Ջիմին, խնդրում եմ, խելագարությունը երջանկության նախասկիզբն է։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ