Բանակցային վճռորոշ փուլում Բանակում կադրային լուրջ տեղաշարժե՞ր

 Բանակցային վճռորոշ  փուլում Բանակում կադրային լուրջ տեղաշարժե՞ր

Երբ 2018թ -ին Արցախում մի շարք գեներալներ պաշտոնանկ արվեցին, աղմուկ բարձրացավ։ Հասարակությունը դիմադրում էր՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար շռայլություն էր նման բան թույլ տալը։ Ծանր էին տանում հատկապես Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, Սամվել Օգանովսկու պաշտոնանկությունները։ Այն ժամանակ մտածում էի՝ ծանր է լինելու Արցախյան պատերազմում հանրության վստահությունն ու սերը վաստակած մարդկանց «հեռացնել ռազմաբեմից»։ Իրոք, քայլերը ինչ որ տեղ դանդաղեցվեց, բայց զգալի էր , որ դա ընդամենը դիրքավորում էր ու սպասում՝ ավելի հարմար պահի։

Չէի կամենա, որ այդ հարմար  պահը լիներ Բանակում սպանությունների, հանրության էմոցիոնալ ֆոնի վրա, բայց այդպես եղավ։ Չէի կամենա, որովհետև այդ ֆոնի վրա վարչապետը կշարունակեր իր «վերադասավորումները բանակում», քաղաքականությունը բաց ենթատեքստով կթափանցեր Բանակ։ Հանրությունն այլևս չէր դիմադրի, որովհետև նրա ամենաթույլ կետը զինվորն է, ու նա ցանկացած քայլ կդիտարկեր այդ տեսանկյունից՝ զինվոր է մահացել։  

Հանրաքվեի նախաշեմին,  թվում է, թե  Զինված ուժերում փոփոխությունները վարչապետի  օգտին կծառայեն, ի վերջո Բանակի կազմ է փոխում, բայց այն իր դեմ կուղղվի։ Պատերազմական իրավիճակում, ընտրությունների շեմին Արցախի պաշտպանության նախարարի «հրաժարականը», ռազմական ուժերում հապշտապ փոփոխությունները կհանգեցնեն բարդ իրավիճակի։ Եթե այսօր դժգոհում ենք վարչապետի մեկուկես տարի առաջ  հապշտապ նշանակած կադրերի անտեղյակությունից և բանը հասնում է «հրաժարականների», դատական քաշքշուկի, կարելի է դիմանալ, բայց երբ նման հապշտապ քայլերով  կազմվի զինված ուժերը, դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի երկրի  անվտանգության հետ, եթե այն մի փոքր երերա։

Ճաշակել ենք մի պաշտոնյայի մյուսով փոխելու «վայելքը» ու հասկացել՝ որ անձերին փոխելով վիճակն ավելի է ապակայունանում։ Եթե այդպես դատենք, զինվորի ինքնասպանության կամ սպանության համար հավասարապես մեղավոր են բոլորը՝ Բանակի Գերագույն հրամանատարից մինչև շարքային սպան։ Բոլորին փոխե՞նք․ էլի ոչինչ չի փոխվելու։ Եթե հեղափոխություն է եղել, մեկուկես տարի առաջ պիտի փոխվեր երկրի ողնաշարը։   

Իշխանափոխությունից մեկուկես երկու տարի հետո հավատա՞նք, որ Բանակում փոփոխությունները քաղաքական չեն՝ հանրաքվեի, հանրության նուրբ լարերի վրա խաղալու ֆոնին։

Ամենավտանգավորը, երբ քաղաքականությունը մտնում է Բանակ։ Երբ առավոտից իրիկուն զինվորը լսում է, որ իր հրամանատարը, գեներալը «նախկին թալանչի է» , դա քաղաքականությու՞ն է, թե ոչ։ Երբ զինվորը տեսնում է,  որ պատերազմի բովով անցած գեներալների արժանապատվությունը պետական մակարդակով զրոյացվում է, դա քաղաքականությու՞ն է թե ոչ։ Երբ Արցախի համար զոհվածների մասին ասվում է, որ նրանք հանուն ոչնչի են զոհվել, դա քաղաքականությու՞ն է , թե ոչ․․․

Շատ երբեր կան՝ երկրի անվտանգությունից ելնելով, չի բարձրաձայնվում, բայց դա չի նշանակում, որ չկան ու չի տեսնում հանրությունը։ Արցախի ու Հայաստանի ռազմական ուժերում  կադրային լուրջ փոփոխություն կատարել բանակցային այս վճռորոշ  փուլում, ի՞նչ է նշանակում։  Պատահականությու՞ն, համընկնու՞մ, թե՞  մի ուրիշ բան։ Մեր Բանակի պատմությունը մեկուկես տարի չէ,  28 տարեկան է Բանակը ու պիտի խոսել այդ 24 տարիների մասին,  որ անձնազոհ մարդիկ կերտել, բայց  այսօր Բանակով  պարծենում են մեկուկես տարի իշխանություն եկածները, որոնց մեծ մասը Բանակում չի ծառայել։  Սա է ամենավտանգավոր քաղաքականությունը, երբ հաղթանակած Բանակի ղեկավարները «քշվել են անկյուն», պետական քաղաքականությամբ հռչակվել  սևեր ու այդ ուղղությամբ է օրվա իշխանությունն աշխատում՝ հանրությանն այլևայլ միջոցներով տրամադրում նրանց դեմ։ Սա քաղաքականությու՞ն է , թե՞ ոչ։

Վերջ պիտի տրվի դրան։ Տարանջատումը տեղափոխվում է Բանակ։

Բանակը միասնության, հավաքական ուժի ոգի է, երբ խարխլվում է այն, դրսևորումները տեսնում ենք։ Ուրիշ պատճառներ պետք չէ որոնել։