Եթե հոգևոր դաշտում մարդ առողջ եղավ, ոչ մի վիրուս իրեն չի կպնի

Եթե հոգևոր դաշտում մարդ առողջ եղավ, ոչ մի վիրուս իրեն չի կպնի

«Արտակարգ դրությունն ավելի շուտ պետք է հայտարարվեր` առնվազն 2 տարի առաջ, որովհետեւ խնդիրը կորոնավիրուսը չէ, հոգեւոր դաշտում այս խայտառակ ճգնաժամը պետք է ձեւակերպում ստանար: Այս ճնշվածությունը, հոգեբանական ընկճվածությունը, ի վերջո հիմք տվեց, որ մարդկանց մոտ խուճապային, ուռճացված վերաբերմունք առաջանա այդ կորոնավիրուսի նկատմամբ, ինչը նաեւ համաշխարհային երեւույթ է»,- ասում է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ու ընդգծում, որ սա առիթ է մեր հոգեւոր կյանքում սեփական արժեքները վերանայելու համար: 

«Այս ճգնաժամը նախեւառաջ հոգեւոր դաշտում է, այս տեսակ վիրուսներ եւ շատ ավելի ուժեղ, միշտ էլ եղել են` գրեթե ամեն տարի: Այդուհանդերձ, հոգեբանորեն այս հին աշխարհի սպառվածության, ընդհանուր ճգնաժամի մեջ, իհարկե, ինչ-որ բանից մարդիկ պետք է ցնցվեին, որովհետեւ նոր հոգեւոր իմպուլսներ չկան, եւ այդ դատարկ տարածությունները լցվում են տագնապով, աղետով, չարությամբ, նախանձով: Բարեբախտաբար, այդ վիրուսը եկավ ու փոխարինեց այդ ամեն ինչին: Հիմա ամեն մի սթափ մտածող մարդու համար ամենակարեւորն այն է, թե ինչ ոգեղեն պատվեր կձեւակերպի, այսինքն՝ երեւույթի դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ հոգեւոր դաշտում գտնել դրա հակակշիռը, որն այսօր օդի մեջ ճչում է: Պետք է ուրիշ կերպ ապրել, փոխել կենսակերպը, պահանջները, խնդիրները, չի կարելի մանր հոգսերով ապրել: Այս առումով ես վիրուսի կողմն են եւ եթե դուրս եմ գալիս փողոց, ապա ամենից շատ վախենում ու զգուշանում եմ վիրուսից վախեցած դիմակավորներից եւ այստեղ ուզում եմ հիշել Իոնեսկոյի հայտնի պիեսի վերջին նախադասությունը` միեւնույն է, ես ռնգեղջյուր չեմ դառնա»: 

Ըստ Չալիկյանի, վտանգը հենց այն վտանգի զգացումն է, որ մարդկանց մեջ կա. «Դա է ամենամեծ վտանգը, այդ տագնապը, հուսահատությունը, վիրուսի հանդեպ ուռճացված  վերաբերմունքը, որ ամբողջ աշխարհում հստակ զգացվում է եւ որը քաղաքական խնդիրներ է լուծում: Այս ճգնաժամը, հոգեւոր բացերի առկայությունը վերջին ապտակն են, որ մենք սթափվենք եւ փորձենք այս ոչ մարդու քաղաքակրթությանը հակադրել նոր արժեհամակարգ: Հուսով եմ, որ դա կլինի, այլապես ինչպե՞ս կարելի է գլուխը կախ` միայն փող հաշվելով ապրել եւ չնայել երկնքին: Իհարկե, դրա համար պարտադիր չէ, որ այդ հիվանդությունները, հասարակական ճգնաժամը խորանան, որ նոր մարդիկ այդ ամենը գիտակցեն»: 

Արտակարգ դրության այս օրերում արվեստն ու գրականությունը թեպետ շատ կարեւոր են, բայց, ըստ Չալիկյանի, ինչ-որ տեղ նաեւ ինքնախաբեություն են. «Ամենատխուրն այն է, որ մեր շրջապատում, հարաբերություններում արվեստ չկա, էլ չեմ խոսում թատրոնի, հեռուստատեսության մասին, որը, ի դեպ, այս օրերին կարող էր մեծ դեր խաղալ մարդկանց լուսավոր իմպուլսներ փոխանցելու հարցում»:

Կորոնավիրուսի աճող վիճակագրությանը Չալիկյանն առանձնապես ուշադրություն չի դարձնում։ «Դա ընդամենը թվաբանություն է, որովհետեւ, վերջին հաշվով, գրիպից աշխարհում ավելի շատ մարդ է մահանում: Ամեն մի պրոբլեմի պետք է նայել շնորհակալությամբ, որովհետեւ ամեն մի խնդիր իր մեջ կրում է այդ խնդիրը հաղթահարելու ազդակները, ուղղակի դրանք պետք է զգալ: Եթե հոգեւոր դաշտում մարդ առողջ եղավ, ոչ մի վիրուս իրեն չի կպնի: Մարդկային հարաբերությունները կորոնավիրուսի դեմ պայքարելու ամենամեծ դեղամիջոցն են»,- ընդգծում է նա:   

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ինչպես առաջ, այնպես էլ այս օրերին իր արվեստանոցում մեկուսացած նկարում է: Ասում է` ինչ խորհուրդ էլ տա հիմա մեր հայրենակիցներին, ոչ պրոֆեսիոնալ կհնչի, որովհետեւ պետք է հետեւենք մասնագետների խորհուրդներին եւ ԱՆ-ի հորդորներին. «Պետք է պահպանենք անձնական հիգիենայի կանոնները, լինենք կարգապահ: Հենց առաջինը` մեր մերձավորների նկատմամբ, եթե յուրաքանչյուրն այդպես մտածի եւ վարվի, ամեն ինչ լավ կլինի: Մենք տեսանք, որ տարածումը սկսվեց հենց անզգուշությունից, մի քանի հոգի անզգուշաբար վարակեցին շատերին: Ես ուրախ եմ, որ մեր առողջապահական համակարգը, իշխանությունները բավականին ակտիվ փորձում են այս տագնապը հարթել եւ վտանգը հեռացնել մեզնից: Թեպետ այսօր վտանգն ամբողջ աշխարհում է, եւ շատ ավելի տնտեսապես հզոր երկրներ տեսնում եք, թե ինչ վիճակի առաջ են կանգնած: Սա մարդու` բնության մեջ իր քիթը խոթելու արդյունք էր, որից նոր մուտացիաներ են ծնվում եւ տարածվում: Բնությունը հիվանդացել է մարդկանց ձեռքով»:  

Հ. Շահումյանի կարծիքով, այս օրերին վիրուսից ավելի վտանգավոր է տագնապը։ «Երբեմն համացանցում տեսնում եմ՝ լուրեր են տարածում` սա մեռավ, նա մեռավ, նման բաներ պետք չէ...: Ես հիշում եմ՝ 70-ական թվերին Երեւանում եւ ամբողջ սովետական տարածքում խոլերայի համաճարակ էր, ահավոր լարված իրավիճակ էր, ամառվա ամիսներ էին, տարածվելու մեծ վտանգ կար, բայց մեր ժողովուրդը դա էլ հաղթահարեց, որովհետեւ իր դժվար պահերին միշտ էլ կարողացել է համախմբվել եւ հաղթահարել ցանկացած փորձություն: Սա էլ կհաղթահարենք»,- ասում է նկարիչն ու նկատում` քանի որ իր աշխատանքն արվեստանոցում է, կարողանում է ինքնամեկուսանալ, բայց «երեխաներ, թոռներ ունեմ, որոնց, ճիշտ է, անընդհատ ասում եմ` քիչ ներսուդուրս արեք, բայց կյանքն այնպիսին է, որ անհնար է առանց ներսուդուրս անելու, ուղղակի պետք է կարգապահություն պահպանենք` լինի տրանսպորտում, թե աշխատավայրում»:

Թեպետ օր-օրի կորոնավիրուսի վիճակագրությունը փոխվում է, բայց դրանից Հ. Շահումյանն առանձնապես տագնապ չի ապրում. «Որովհետեւ այդ վիրուսը մեզ մոտ տարածվեց ընդամենը մի քանի հոգու միջոցով, եւ բոլոր նոր դեպքերը, ըստ էության, այդ խմբերից են: Իսկ դա հուսադրող է, հատկապես, որ այդ վարակից մենք մարդկային կորուստներ չենք ունեցել: Հետո․ շատ կորուստներ աշխարհում վերագրվում են այդ վիրուսին, որովհետեւ մի անհեթեթ բանն էլ կարող է պատճառ դառնալ, որ 80 տարեկան մարդը հիվանդանա ու մահանա, իսկ դա տագնապի նյութ չպետք է լինի»: