Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ դրվագով մեղադրանքը մնում է․ «Երկու դրվագով էր, մեկով մնում է մեղադրանքը, դա նույն օրն է եղել, ինչ-որ Էրեբունիում։ Խուլիգանության մեղադրանք է, դա եւս ծիծաղելի մեղադրանք է։ Կալանավորվել է այս մեղադրանքով, որն, ի սկզբանե, ասում էի, որ սխալվել եք, սուտ է եւ համացանցային ավանտյուրայի հետեւանք է։ Մեր խոսքերը մեկ տարի անց հաստատվեցին, ենթարկվեցի բոլոր տեսակի հարձակումների նրա համար, որ ասում էի ճշմարտությունը, որ հանցակազմ չկա, Դավիթը կապ չունի Էրեբունու դեպքերի հետ»։

Աթանեսյանի խոսքով՝ ունեն 2 պաշտպանյալ, որոնք դեռեւս մեղադրվում են այդ դրվագով․ « Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մեղադրվում, նույն «ապացույցների» բազան էր։ Համոզված եմ, որ եթե գործը գնաց դատարան, մենք պետք է գնանք արդարացման։ Դավիթի մասով պնդում եմ՝ այդ դրվագն էլ է շինծու, դա ավելացրել են, որ կարողանան կալանավորեին էն ժամանակ»։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: