Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

Մեծարգո՛  պարոն Վարչապետ

 Տևական ժամանակ է` ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և նրա մասնաճյուղերի գործունեության ու ապագայի վերաբերյալ անորոշությունը լարվածության մեջ է պահում կառույցի հարյուրավոր աշխատակիցների: Առանց լուրջ հաշվարկների ու վերլուծության (համենայն դեպս՝ դրանք չներկայացվեցին)՝  ԿԳՆ նախարարը մարտի 15-ին ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԿԱԻ-ն առավելագույնը երկամսյա ժամկետում լուծարվելու է. ստեղծվելու է հիմնադրամ` առանց  մասնաճյուղերի: Սակայն հիմա էլ անորոշ մնաց ստեղծվող հիմնադրամի կառուցվածքն ու գործունեությունը: Նախարարը նաև կարծիք հայտնեց, որ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կարող են իրականացվել այլ կազմակերպությունների կամ ստեղծվելիք նոր կառույցների կողմից: Հարց է առաջանում` ինչո՞ւ, եթե այդ գործառույթը տասնամյակներ շարունակ իրականացնում են արհեստավարժ, բանիմաց մասնագետներ: Անորոշ մնաց ԿԱԻ-ի ու նրա մասնաճյուղերի աշխատակիցների աշխատանքի տեղավորման հարցը: Նախարարը գաղափար տվեց, որ մասնաճյուղերը կարող են դառնալ դպրոցների աջակցության կենտրոններ,  հարցազրույցներից  մեկում էլ հայտարարեց, որ մասնաճյուղի մասնագետները կարող են ընդգրկվել մարզի կրթական ծրագրերում: Երկու գաղափարն էլ հստակ չեն և չեն ենթադրում մասնագետների մշտական աշխատանք:

Տեղեկացնենք, որ ԿԱԻ Լոռու մասնաճյուղն այսօր մարզում դպրոցների աջակցության, խորհրդատվության միակ կառույցն է: Այն տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ առարկայական և մեթոդական դասընթացներ, կազմակերպում է սեմինարներ, դասալսումներ, մշտադիտարկումներ, ստեղծում է մեթոդական և մասնագիտական նյութեր ու ձեռնարկներ, դրանք փոխանցում դպրոցներին: Մեծ աշխատանք է կատարում դպրոցներում համընդհանուր ներառական կրթությունը լիարժեքորեն ներդնելու, ուսուցչին ամենօրյա, ըստ անհրաժեշտության և անմիջական մեթոդական և մասնագիտական աջակցություն կազմակերպելու համար: Մասնաճյուղի մասնագետները իրենց գործին գիտակ և նվիրյալ մարդիկ են, որոնց առանց համարժեք աշխատանք առաջարկելու պարզապես դարձնում եք գործազուրկ:

Պարո՛ն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը և աջակցությունը՝ ԿԱԻ Լոռու մասնաճյուղի և նրա աշխատակիցների նկատմամբ չհիմնավորված և ինքնանպատակ այս գործընթացի ճիշտ լուծման հարցում:

 ԿԱԻ Լոռու մասնաճյուղի աշխատակիցներ