Դա կնշանակի գիտական կադրերի, գիտական ներուժի փոշիացում

Դա կնշանակի գիտական կադրերի, գիտական ներուժի փոշիացում

Օրերս ԳԱԱ-ում տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ինստիտուտների տնօրենների հանդիպում Երեւանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գիտության եւ կրթության ոլորտների զարգացման հեռանկարները, ակադեմիական եւ բուհական գիտության ինտեգրման հնարավոր տարբերակները։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր խոսքում նկատել է, որ թեպետ փաստաթուղթ չկա, բայց կա պարտադրանք․ «Կա գաղափար, որի իրականացման դեպքում ակադեմիական գիտությունը կփոշիանա։ Տարբեր հանրապետությունների փորձը մեր աչքի առաջ է։ Մենք կողմ ենք սերտ համագործակցությանը, չկա անհրաժեշտություն միավորվելու։ Ո՛չ գիտությունը կշահի, ո՛չ կրթությունը»։

Աշոտ Մելքոնյանից, մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը, ի՞նչ ռիսկեր կան դրա տակ թաքնված։ «Երբ փորձում ես Հայաստանում գիտության կայացման գործընթացն ուսումնասիրել, տեսնում ես, որ դա, համենայնդեպս պետականության շրջանում, սկսվել է 1919թ․ մայիսի 16-ից, երբ ստեղծվեց Երեւանի պետական համալսարանը։ Ապա՝ 1921-ին, Էջմիածնի մատենադարանը, 1925-ին՝ Գիտության եւ արվեստի ինստիտուտը, 1935-ին՝ ԱրմՖանը, եւ 1943-ին՝ վերջինիս հիմքի վրա, ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիան։ Այսինքն՝ քայլ առ քայլ, փոքրիկ գիտական կառույցների հիման վրա ստեղծվեց մի մեծ կառույց, եւ այդ ընթացքում ակադեմիական այլ ինստիտուտներից անջատվեցին նոր ինստիտուտներ, որոնց թիվը խորհրդային տարիներին հասավ մոտ 50-ի։ Այնուհետեւ սկսվեց նոր պահանջներին համապատասխան կրճատման մի գործընթաց, որի արդյունքում ինստիտուտների թիվը հասավ 33-ի։ Այսինքն՝ իրականացվեց օպտիմալացում ասված այդ խնդիրը, եւ 6-8 հազար գիտաշխատողից ԳԱԱ-ում մնաց մոտ 2 հազար 800 աշխատող։ Հիմա մեզ առաջարկում են, համենայնդեպս՝ ակնարկում են, որ գիտահետազոտական ինստիտուտները տանելով բուհեր՝ պետք է ուժեղացնել բուհում գիտությունը, բայց, մեր կարծիքով, դա կնշանակի գիտական կադրերի փոշիացում եւ թե՛ ԵՊՀ-ի, թե՛ մյուս բուհերի համար շատ լուրջ ֆինանսական բեռ, որի արդյունքում կարող է փոշիանալ ե՛ւ գիտությունը, ե՛ւ կրթությունը, իսկ այն նպատակը, որ դրվում է բուհական համակարգը գիտության տեսանկյունից ուժեղացնելու իմաստով, դա էլ կարող է ձախողվել»։

Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ պատահական չէր, երբ 2 տարի առաջ ԳԱԱ բոլոր ինստիտուտներում ժողովներ գումարվեցին, եւ փակ քվեարկությամբ բոլորը միաձայն հայտնեցին իրենց կարծիքն այդ ծրագրի վերաբերյալ՝ բացասական գնահատական տալով, քանի որ «դա կարող է լրջորեն փոշիացնել գիտական կադրերին, մեր գիտական ներուժը եւ որեւէ օգուտ չբերել համալսարանական, բուհական համակարգին։ Մենք էլի շարունակում ենք մնալ մեր տեսակետին՝ համոզված, որ ավելի ճիշտ է միջգիտակարգային կառույցներ ստեղծել եւ ավելի սերտացնել համալսարանական կառույցների հետ գիտահետազոտական ինստիտուտների աշխատանքը եւ միայն այդ տարբերակով հասնել որոշակի հաջողությունների։ Այլապես համալսարանները չեն կարող այդ բեռը տանել այս պահին, եւ Ակադեմիայի ինստիտուտներն էլ ակադեմիական համակարգից հանելով՝ ակադեմիական կառույցը, որը տեղծվել է 1943-ին՝ Հայրենական պատերազմի թունդ ժամանակաշրջանում, կարող է ամբողջապես փոշիանալ եւ վերանալ»։
Ակադեմիայի եւ ակադեմիական համակարգում գործող ինստիտուտների, գիտնականների ձայնը լսելի՞ է, չկա՞ մտավախություն, որ գուցե այս դեպքում եւս շրջանցեն մասնագիտական համայնքի կարծիքը։ «Եթե վարչական եղանակով դա արվեց, կարծում եմ՝ շատ ծանր հետեւանքներ կունենա։ Համենայնդեպս, տպավորություն կա, որ ընդհանուր քննարկում գոյություն ունի, հանդիպումներ եղան ԿԳՄՍ նախարարի, նաեւ՝ ԵՊՀ ղեկավարության հետ։ Այդ քննարկումների արդյունքում, կարծես թե, բոլորն էլ միաբերան կրկնում են նույն միտքը, որ այստեղ կան լրջագույն ռիսկեր, բայց, մյուս կողմից, եթե դա «իդեա ֆիքսի» տարբերակով որոշված է, եւ արդեն կա ինչ-որ նախագիծ, որը պետք է պարտադրվի, կարծում եմ՝ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, նրանք կարող են շատ զղջալ, ինչը տեղի է ունեցել հարեւան Վրաստանում, Ղազախստանում։ Ղազախները, հասկանալով այդ սխալը, նորից վերականգնեցին իրենց գիտությունների ակադեմիան։ Ինչ վերաբերում է մեր հարեւան Վրաստանին, այնտեղի մեր գործընկերները մինչեւ հիմա պնդում են, որ նման քայլի չդիմենք, որովհետեւ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»։

Եվրոպական հանձնաժողովի դիտորդական խումբը 2-3 տարի շարունակ մշտադիտարկում է անցկացրել Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտներում ու 100 էջից ավելի եզրակացություն է ներկայացրել, որտեղ, ըստ Ա․ Մելքոնյանի, այդ մտավախությունը եւս կա, որ կարող է փոշիացնել ամբողջ գիտական ներուժը Հայաստանում․ «Դա պետք է արվի շատ դանդաղորեն՝ ավելի շատ սերտաճեցնելու տարբերակով, ստեղծելով միջգիտակարգային կառույցներ, կենտրոններ, որոնք կմիավորեն ե՛ւ ակադեմիական, ե՛ւ համալսարանական գիտությունը։ Եվ մեխանիկորեն կրկնել, որ իբրեւ թե այսօրվա ակադեմիական համակարգը խորհրդային ժամանակների վերապրուկ է, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ակադեմիական գիտությունը եվրոպական երեւույթ է, որը ծնվել է Գերմանիայում եւ Ֆրանսիայում ու տարբեր անուններով շարունակում է գոյություն ունենալ։ Այնպես որ, պետք է շատ զգուշորեն վերաբերվել այս ամենին եւ նման քայլ կատարելուց առաջ անպայմանորեն հաշվի առնել գիտական հաստատությունների, կոլեկտիվների մտահոգությունները»։