Ռոլան Բարտ եւ Միքելանջելո Անտոնիոնի․ երկու նամակ

Ռոլան Բարտ եւ Միքելանջելո Անտոնիոնի․ երկու նամակ

1980թ․-ին, ֆրանսիացի հանրահայտ փիլիսոփա, նշանագետ եւ գրականագետ Ռոլան Բարտի մահից երկու ամիս անց, Cahiers du Cinéma կինոամսագիրը հրատարակեց իտալացի նշանավոր կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին ուղղված նրա նամակը եւ այդ նամակի՝ հասցեատիրոջն այդպես էլ չհասած անավարտ պատասխանը։ Ստեղծագործող անհատի գլխավոր հատկանիշները համարելով նրբազգացությունը, իմաստնությունն ու փխրունությունը՝ Բարտը փորձում է հասկանալ ու կանխատեսել այդպիսի անհատի դերն ու ճակատագիրը ժամանակակից բովանդակազուրկ աշխարհում։

«Թանկագին Անտոնիոնի

Նիցշեն տիպաբանորեն առանձնացնում է երկու ֆիգուր՝ հոգեւորականի ու արվեստագետի։ Հոգեւորականները ﬔզանում որքան ասես շատ են՝ բազմապիսի դավանանքներով եւ նույնիսկ առանց դրանց։ Իսկ արվեստագետնե՞րը։ Ես կցանկանայի, եթե թույլ տաք, Ձեր ստեղծագործության որոշ բնահատուկ գծերի օգնությամբ արձանագրել երեք ուժեր, եթե կաﬔնաք՝ երեք առաքինություններ, որոնցից էլ, ըստ իս, առաջանում է արվեստագետը՝ որպես այդպիսին․ նրբազգացությունը, իմաստնությունը եւ այդ բոլորից առավել պարադոքսալը՝ փխրունությունը։

Ի հակադրություն հոգեւորականի՝ արվեստագետը զարմացած է ու հիացած․ նրա հայացքը կարող է լինել քննադատական, բայց ոչ երբեք՝ դատապարտող, ռեսենտիﬔնտն օտար է արվեստագետին։ Այնքանով, որքանով Դուք հանդիսանում եք արվեստագետ, Ձեր ստեղծագործությունն ուղղված է Մոդեռնին։ Շատերը Մոդեռնն ընկալում են որպես դրոշակ՝ հին աշխարհի ու դրա ոտնահարված արժեքների դեմ բարձրացված։ Սակայն Ձեր պարագայում Մոդեռնն աﬔնեւին էլ չի ներկայանում որպես պարզ ընդդիմադրության անշարժ տարր․ ընդհակառակը՝ Մոդեռնը չլուծված բարդությունն է, հարցը՝ այն մասին, թե ինչպես ժամանակին հետեւես ոչ ﬕայն ﬔծ Պատմության մակարդակում, այլեւ փոքր պատմության ներսում՝ ﬔզնից յուրաքանչյուրի գոյությամբ չափվող։

Սկսելով նկարահանել պատերազﬕց անﬕջապես հետո՝ Ձեր ֆիլﬔրում առաջ շարժվելիս հետեւում էիք կրկնակի նրբազգացության սկզբունքին, որն ուղղված էր ﬕաժամանակ արդի աշխարհին եւ ինքներդ Ձեզ։ Ձեր ֆիլﬔրից յուրաքանչյուրը նոր պատմական փորձ էր, վերընթաց փուլ, հրաժեշտ հին խնդրին եւ հարցի նոր առաջադրում․ սա նշանակում է, որ Դուք վերջին երեսուն տարիների պատմությունն ապրել ու իմաստավորել եք առանձնահատուկ նրբին կերպով՝ ո՛չ իրականության գեղարվեստական արտացոլման առումով եւ ո՛չ գաղափարախոսական ներգրավվածության կարգով, այլ որպես սուբստանցիա, որի ձգողականությունը Դուք պիտի որսայիք՝ անցնելով ﬕ ֆիլﬕց մյուսին։

Ձեւն ու բովանդակությունը Ձեզ մոտ հավասարապես պատմական են․ ինչպես ﬕ անգամ նկատեցիք, դրամայի հոգեբանական ու պլաստիկական մակարդակներն աննշմարելի են։ Սոցիալականը, պատմողականը, նեւրոտիկականը, ինչպես ասում են լեզվաբանները, ռելեւանտության ոչ ավելի, քան առանձին մակարդակներն են, որպես այդպիսին՝ աշխարհի, որը հենց ﬕակն է հանդիսանում արվեստագետի ուշադրության առարկան․ ﬔնք տեսնում ենք նրա հետաքրքրությունների հաջորդականությունը, բայց ոչ հիերարխիան։ Լինենք անկեղծ․ ի տարբերություն մտածողի՝ արվեստագետն էվոլյուցիայի չի ենթարկվում, նա ասես ինչոր ﬕ հիպերզգայուն գործիքի օգնությամբ բացահայտում է այն մոտալուտ Նորը, որ նրան ընծայում է իր սեփական պատմությունը։ Ձեր ստեղծագործությունը չի թվում անշարժ արտացոլանք, այն նման է գործվածքի, որի երանգախաղերը, հայացքի ուղղությունից ու ընկալման ջանքից կախված, արտացոլում են այն Սոցիալականը, այն Զգայականը եւ այն նորագույն ձեւերը, որոնք առնչվում են Գույնի նկարագրության ﬕջոցներին ու կարգին։ Դարաշրջանի նկատմամբ Ձեր ուշադրությունը չի հիշեցնում ո՛չ պատմաբանի հայացք, ո՛չ քաղաքագետի կամ բարոյախոսի տեսաբանություն․ դա, ավելի շուտ, ուտոպիստի հայացք է, որը ձգտում է ընկալունակ լինել նոր աշխարհի արժեքների հանդեպ՝ հենց այն պատճառով, որ նա արդեն չի ուզում լինել դրա ﬕ մասը։ Արվեստագետի նրբազգացությունը՝ Ձեր պարագայում ի հայտ եկող, սիրահարի նրբազգացություն է, ցանկության նրբազգացություն։

Արվեստագետի իմաստնության ներքո ես նկատի ունեմ ամենեւին էլ ո՛չ անտիկ առաքինությունը եւ, ավելի պակաս չափով, ինչ-որ մի միջնորդավորող դիսկուրս, այլ բարոյական գիտելիքը, դատողության այն ստույգությունը, որը թույլ է տալիս երբեք չխառնել իմաստն ու ճշմարտությունը։ Որքա՜ն հանցագործություններ է մարդկությունը կատարել հանուն Ճշմարտության։ Մինչդեռ ճշմարտությունը, ինչպես միշտ պարզվել է, ընդամենն իմաստ է։ Պատերազմներ, բռնաճնշումներ, ահաբեկչություն, ցեղասպանություն․ այս ամենը՝ հանուն իմաստի հաղթանակի։ Արվեստագետը, սակայն, գիտի, որ իրի իմաստը չի հանդիսանում իրի ճշմարտությունը․ այդ գիտելիքն էլ հենց իմաստնությունն է՝ խելահեղ իմաստնությունը, որը նրան առանձնացնում է ինքնավստահ մոլեռանդների խմբակցություններից եւ ամբոխներից։  

Այնինչ բոլորովին էլ ոչ բոլոր արվեստագետներն են օժտված այդ իմաստնությամբ․ նրանցից շատերը զբաղվում են իմաստ պարտադրելով։ Հենց այդ ահաբեկչական գործունեությունն էլ սովորաբար անվանվում է ռեալիզմ։ Երբ (Գոդարի հետ զրույցում) Դուք հայտարարում եք․ «Ես պահանջ եմ զգում իրականությունն արտահայտելու կատեգորիաներում, որոնք հանդիսանում են ոչ լիովին ռեալիստական», սա վկայում է իմաստի շատ ճշգրիտ զգացումի մասին․ այն չի պարտադրվում, բայց նաեւ չի մերժվում։ Այս դիալեկտիկան Ձեր ֆիլմերին հաղորդում է որոշակի նրբինություն (այստեղ կրկին կգործածեմ այդ բառը)․ Ձեր արվեստն այն է, որ ամբողջ ժամանակ, քայլ առ քայլ, ճանապարհ հարթեք դեպի անավարտ ու չլուծված իմաստը։ Այդպիսով, Ձեզ հաջողվում է չափազանց ճշգրիտ լուծել այն խնդիրը, որ ծառացած է մեր ժամանակի արվեստի առաջ․ հայտնվել ինչպես դոգմատիզմի, այնպես էլ անիմաստության մյուս կողմում։    

Ինձ թվում է, թե ես այստեղ եմ այն նպատակով, որ ասեմ՝ որչա՜փ շատ են Ձեր ստեղծագործության մեջ, բուն կինեմատոգրաֆի մյուս կողմում, ներգրավված արդի բոլոր արվեստագետները։ Դուք աշխատում եք պատմության իմաստի նրբացման ուղղությամբ՝ այն, ինչ մարդը պատմում է, խոսում, տեսնում կամ զգում․ իմաստի այդ նրբացումը, ինչպես նաեւ այն համոզմունքը, թե իմաստը չի սահմանափակվում արտահայտվածով, այլ անփոփոխ ուղղվում է առաջ՝ տարված այն բանով, ինչը գոյություն ունի իմաստից դուրս։   

Ահա արվեստագետի առաջին փխրունությունը․ նա փոփոխվող աշխարհի մասն է, բայց նա ինքն էլ այդ ընթացքում փոփոխվում է։ Հնչում է տափակ, սակայն հողը փախչում է նրա ոտքի տակից։ Նա երբեք չի կարող հաստատապես իմանալ, թե ինչի շնորհիվ է կյանքի կոչվել իր ստեղծագործությունը՝ աշխարհի փոփոխությա՞ն, թե՞ իր սուբյեկտիվության փոփոխության։ Կարծում եմ՝ ինքներդ Ձեզ ﬕշտ հաշվետու եք եղել Ժամանակի այդ հարաբերականության համար, օրինակ՝ երբ հարցազրույցներից ﬔկում հայտարարում էիք․ «Եթե ﬔնք այսօր խոսում ենք արդեն ոչ այն մասին, ինչը հնչում էր պատերազﬕց անﬕջապես հետո, ապա դա տեղի է ունենում այն պատճառով, որ ﬔր շուրջն աշխարհը փոխվել է, սակայն ﬔնք ինքներս էլ փոխվել ենք։ Փոխվել են ﬔր պահանջները, ﬔր շարժառիթները, ﬔր թեմաները»։ Փխրունությունն այստեղ արտահայտվում է էքզիստենցիալ կասկածի ﬔջ՝ արվեստագետին ﬕ ստեղծագործությունից դեպի մյուսը շարժվելու գործընթացում համակած․ այդ կասկածը հիվանդագին է ու տառապալից, քանի որ արվեստագետը երբեք չգիտի՝ այն, ինչ նա արտահայտում է, արդյոք հանդիսանո՞ւմ է ճշմարտացի վկայություն փոփոխվող աշխարհի մասին, թե՞ ﬕﬕայն իր իսկ կարոտախտի ու ցանկության էգոարտացոլուﬓ է։ Էյնշտեյնյան աշխարհի թափառականը՝ նա երբեք հստակ չգիտի, թե ինչն է շարժվում՝ հենց գնա՞ցքը, թե՞ տարածություն-ժամանակը, եւ ո՞վ է ինքն այստեղ՝ վկա՞, թե՞ ցանկության մարդ։

Արվեստագետի նկատմամբ սպառնալիքը բխում է ոչ ﬕայն բարձրագույն իշխանությունից․ Պատմության ընթացքում Պետության գրաքննությանը ենթարկված հեղինակների ցուցակը ﬕ անﬗիթար տեսարան է։ Կա նաեւ կոլեկտիվ համոզվածության մշտական սպառնալիքը, թե հանրությունը, ըստ էության, կարող է հեշտությամբ գոհանալ առանց արվեստի։ Արվեստագետի գործունեությունը կասկածելի է, սահմանված զգացմունքների հարմարավետությունն ու անվտանգությունը խախտում է այն պատճառով, որ ﬕաժամանակ ե՛ւ ծախսատար է, ե՛ւ անշահախնդիր, բայց նաեւ այն պատճառով, որ նոր հասարակությունը, որն ինքնափնտրտուքի ﬔջ է եւ դա անում է աﬔնատարբեր ռեժիﬓերում, դեռեւս չի որոշել՝ հատկապես ի՞նչ կերպ է մտածելու, հատկապես ո՞րն է լինելու de luxe ﬕտքը։ Մեր ճակատագիրը կանխորոշված չէ, եւ այդ անորոշությունը պայմանավորված չէ լոկ քաղաքական խաղաքայլերով, որոնք ﬔնք կցանկանայինք բացատրել բուն աշխարհի անկատարությամբ․ դա կախված է ﬔծ Պատմությունից, որը թույլատրում է ոչ ﬕայն ﬔր կարիքները, այլեւ ﬔր ցանկությունները, եւ սա ընդունելու համար անհրաժեշտ է ջանք։

Թանկագին Անտոնիոնի, ես այստեղ փորձեցի իմ սեփական բանականության լեզվով Ձեզ բացատրել, թե հատկապես ինչն է Ձեզ դարձնում ﬔր ժամանակի արվեստագետ՝ բուն կինեմատոգրաֆից անդին։ Սա պարզապես հաճոյախոսություն չէ, ինչը Դուք, իհարկե, հասկանում եք։ Չէ՞ որ այսօր արվեստագետ լինելը նշանակում է հայտնվել նրա վիճակում, ով պաշտպանված չէ ոչ ﬕ սրբազան կամ սոցիալական գործառույթով, հանդիսավոր տեղ չի ստանում բուրժուական Մարդկության Լուսատուների Պանթեոնում, բայց յուրաքանչյուր առանձին ստեղծագործության ﬔջ պարտավոր է ﬕմյանց բախել ժամանակակից սուբյեկտիվության այն բոլոր սպեկտրները, որոնցից են գաղափարախոսական հոգնությունը, ընկերակցության կեղծ գիտակցությունը, պարզ արվեստի գրավչությունն ու նողկալիությունը, պատասխանատվության տագնապը, մշտական ընտրողականության պահանջը, որ արվեստագետին հարկադրում է կտոր-կտոր լինել ﬕայնակության ու հոտայնության ﬕջեւ։ Ձեզ պետք է վայելել ներդաշնակության, հանգստի ու մտազգաստության կարճ ժամանակը, երբ ողջ հասարակությունը համախմբվել է Ձեր ստեղծագործության հանդեպ սիրո, գնահատանքի ու հիացմունքի շուրջ։ Չէ՞ որ արդեն վաղը կրկին կսկսվի ծանր աշխատանքը։

Ռոլան Բարտ»

«Իմ թանկագին բարեկամ 

Ինձ ապշեցրեց, որ քո վերջին գրքում ինքդ քո մասին խոսում ես որպես «երկու լեզվի՝ քննադատականի ու արտահայտչականի ﬕջեւ խաչված սուբյեկտի»։ Բայց ո՞վ է արվեստագետը, եթե ոչ այդ նույն սուբյեկտը՝ իր հերթին խաչված երկու լեզվի ﬕջեւ, որոնցից ﬔկն արտահայտում է, իսկ մյուսը, հակառակը, թույլ չի տալիս արտահայտված լինել։ Եվ այդպես է ﬕշտ։ Գեղարվեստական ստեղծագործության անհաղթահարելի ու անբացատրելի դրաման»։

Ես հենց այս նամակն էի գրում, երբ հեռախոսով տեղեկություն ստացա Ռոլան Բարտի մահվան մասին։ Ես ավտովթարի մասին ոչինչ չգիտեի եւ քարացա առանց շնչառության, սուր ցավը խոցեց գլուխս։ Առաջինը, որ նույն պահին մտածեցի․ ահա, հիմա ﬔր աշխարհում ավելի քիչ նրբամտություն ու խելք ﬓաց։ Ավելի քիչ սեր։ Այն ամբողջ սերը, որ նա ներդրեց ապրելու եւ գրելու համար, իր ամբողջ կյանքով ու իր գրով։

Ես կարծում եմ՝ որքան ավելի երկար ﬔնք ապրենք այս սրընթացորեն հետադիմող աշխարհում, այնքան ավելի շատ կզգանք այն «առաքինությունների» պակասը, որոնց մասին նա խոսում էր, եւ որոնք ներհատուկ էին նրան։ 

Միքելանջելո Անտոնիոնի»

(կրճատումներով) 

 

Թարգմանեց Անուշ ԲԱԲԱՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ