Ցնո՞րք, թե՞ գիտակցված ինքնախաբեություն. ինչու չի կարելի հավատալ ընտրություններով իշխանափոխության հեքիաթին
Տարբեր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ անընդհատ խոսում են Փաշինյանի վարկանիշի շարունակական անկման մասին, սոցիոլոգիական հարցման տվյալներ են ներկայացնում, որոնք եւս ապացուցում են նրա վարկանիշի անկման փաստը: Այս խոսակցությունների ենթատեքստն այն է, որ Փաշինյանը, չունենալով հանրային աջակցություն, այլեւս չի կարողանա վերարտադրվել, հաջորդ ընտրությունների ժամանակ նրա ղեկավարած կուսակցությունը կստանա 10 տոկոս ձայն եւ կհեռանա Հայաստանի քաղաքական կյանքից կամ, լավագույն դեպքում, կհայտնվի լուսանցքում: Մնում է սպասել մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մնացել է երկու տարուց էլ պակաս ժամանակ, եւ հայ հասարակության երազանքը` ազատվել փաշինյանական ռեժիմից, իրականություն կդառնա: Միայն թե Փաշինյանին` իշխանությունը պահելու համար, հանրային աջակցություն ընդհանրապես պետք չէ, եւ, հետեւաբար, ընտրությունների միջոցով նրանից ազատվելու հույսերն էլ նույնքան սին ու հիմնազուրկ են: Նա իշխանությունը բռնազավթել է առանց ընտրության, ինչո՞ւ պետք է ընտրություններով իշխանություն հանձնի:
Փաշինյանը գիտի, որ չունի հանրային աջակցություն, եւ այն խոսակցությունները, թե թիմը խաբում է նրան, որ ինքը սիրված է ժողովրդի կողմից, անհեթեթություն են:
Գյուղերում Փաշինյանի համար կազմակերպվող ընդունելությունները` դհոլ-զուռնայով, տարազով աղջիկների կողմից աղ ու հացով դիմավորման արարողությունների բեմականացումը դրանց ռեժիսորներին արժենում է մի քանի հարյուր հազարից մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Այդ ծախսերի մեջ է մտնում նաեւ իրենց կյանքից ու ապրուստից գոհ գյուղացիների հետ իբր չնախատեսված ու անկեղծ զրույցների բեմականացումը: Ժամանակին լինելով լրագրող՝ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ արժեն նման բեմականացված միջոցառումները, եւ ինչ կարծիք ունեն այդ միջոցառմանը մասնակից դերասաններն իշխանությունների եւ դրանց ներկայացուցիչների մասին: Նորմալ մարդը նողկանք կզգար նման էժան թատրոնի գլխավոր հերոսի դերը խաղալուց, բայց քանի որ ինքը համաձայնում է մասնակցել նման բեմականացումներին, նշանակում է՝ որոշել է իշխանությունը պահել ամեն գնով, եւ նման միջոցառումները դրա անհրաժեշտ պայմաններից են: Այդ միջոցառումների նպատակը հանրային աջակցություն բեմականացնելն է, ցույց տալ, որ ինքը, այնուամենայնիվ, հանրային աջակցություն ունի: Եթե Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ լինեն, հաստատ՝ կարելի է ամեն գյուղում կամ քաղաքում նման թատրոն բեմադրել, թեկուզ՝ շրջիկ թատերախմբերի մասնակցությամբ:
Ի տարբերություն Փաշինյանի վարկանիշը հաշվող գործիչների, նա շատ լավ գիտի, որ իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու համար իրեն ոչ թե ներքին լեգիտիմություն է պետք` հայ ընտրողների քվեն, այլ արտաքին լեգիտիմություն, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը` Արեւմուտքը, արեւմտյան երկրները, կառույցները ճանաչեն իր իշխանությունը, այդ իշխանությունը համարեն օրինական: Իսկ դրա համար հայ հասարակության կարծիքը կամ քվեարկությունն ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի, նրա համար ավելի կարեւոր է, թե ինչպես կարձագանքեն արեւմտյան երկրները եւ կառույցները:
Ինչ կլինի, եթե ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովները հայտարարեն, որ ՔՊ-ն եւ նրան աջակցող ուժերը ստացել են 50 տոկոսից ավելի ձայն եւ կարո՞ղ են արդյոք ձեւավորել կոալիցիոն կառավարություն, անգամ եթե մարդկանց 90 տոկոսը դեմ է քվեարկում Փաշինյանին եւ նրա տակ գտնվող ուժերին: Ընտրություններից անմիջապես հետո արեւմտյան դեսպանատները եւ կառույցները, ինչպես, օրինակ, ԵԽԽՎ-ն, կարող են հայտարարել, որ տեղերում դիտարկում անցկացրած դիտորդներն ընտրախախտման որեւէ դեպք չեն հայտնաբերել, որ ընտրությունները եղել են ազատ եւ ժողովրդավարական, իսկ հայտարարված արդյունքներն արտահայտում են հայ ժողովրդի հավաքական կամքը: ԱՄՆ, ԵՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խոռով կշնորհավորեն Փաշինյանին, եւ նրա նշանակումը- վերանշանակումը վարչապետի պաշտոնում կհամարվի կայացած: Այս դեպքում նույնիսկ հանրային դժգոհության դրսեւորումներ կարող են չլինել, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս վերջին ժամանակների փորձը, արեւմտյան երկրների կողմից կառավարվում են ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմադիր կոչվող կուսակցությունների մեծ մասը: Երբ արեւմտյան երկրները սրանց հասկացնում են, որ հանրային դժոգոհությունն առաջնորդելը, առավել եւս նման դժգոհություն գեներացնելն այնքան էլ ցանկալի չեն իրենց համար, նրանք միանշանակ ենթարկվում են այդ հրահանգին: Իհարկե, դեսպանատներն այդ կուսակցությունների ընդդիմադիր իմիջը փրկելու, ինչպես նաեւ հանրային դժգոհությունը կառավարելի դարձնելու համար նրանց թույլ են տալիս առաջնորդել այդ դժգոհությունը, բայց չափի եւ անհրաժեշտ շրջանակների ճանաչման պայմանով:
Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Փաշինյանի գոյություն չունեցող վարկանիշը կարող է պատճառ լինել նրա հեռացման համար, որ պետք է մի քիչ էլ համբերել, ու հաջորդ խորհրդարանական ընտրությունների միջոցով հնարավոր կլինի հեռացնել նրան, կամ միտումնավոր հայ հասարակությանը կերակրում են հեքիաթներով, ուրեմն իրենք են այնքան հիմար, որ հավատում են հեքիաթներին, թեեւ այս տարբերակն ավելի քիչ հավանական է: Արեւմտյան երկրների աջակցությամբ հակասահմանադրական հեղաշրջում իրականացրած ոչ մի վարչախումբ ընտրությունների միջոցով չի հեռանալու: Փաշինյանից եւ արեւմտյան դրածո վարչախմբից հնարավոր է ազատվել միայն Հայաստանն արեւմտյան ազդեցությունից ազատելու ճանապարհով, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա եւս ընտրություններով չի արվում:
Կարծիքներ