Էս տարվա տհալը (ղավուրման)՝ Համոյից

Էս տարվա տհալը (ղավուրման)՝ Համոյից

Համոն ոչ մի կերպ չէր մեռնում: Է՛լ քաղաքից բժիշկ բերին, է՛լ բան… Նույնիսկ մի քանի օրով Սպիտակ տարան՝ քովիդի կենտրոն, բայց հնար չեղավ՝ Համոն չէր մեռնում եւ վերջ: Այդուհանդերձ, գյուղը (անունը դիտմամբ չեմ ասի) կենտրոնացած էր Համոյի վրա, որ Համոն մեռներ, ու մարզպետարանից հանգիստ թողնեին իրենց: Մարզպետը պահանջել էր, որ ամեն համայնք քովիդից մեռածների թիվ տա, մինչդեռ Համոյենց գյուղում այդ թիվը 0 էր՝ 2019 թվականից սկսյալ:

Համոն էլ թարսի պես գնացել էր տավարն ու մի թեթեւ մրսել: Երեկոյան, երբ տավարը բերել էր գյուղ, կնոջը բակից ձայն էր տվել՝ ախչի, մի մալինով չայ դիր, լավ չեմ: Էդ ասելն է եղել: Սրա ֆելդշեր հարեւանը լսել է ու լուրը հասցրել մարզպետարան, թե հայ-հարայ, մեր գյուղում քովիդ կա, ինքն էլ չոբան Համոն: Մարզպետարանի պաշտոնյան, բժիշկների բրիգադը հետեւից գցած, խրած հասել էր գյուղ, Համոյի քիթուբերանը փակել էին ու պառկեցրել բրդի տեղաշորի մեջ: Ու էս Համոն ինչքան գոռում էր, ինչքան քրֆում, ականջ չէին դնում: Մեկ էլ մարզպետարանի պաշտոնյան նայում է

Համոյիս գզգզված, ալեխառն մազերին ու դիագնոզը տալիս՝ 2-րդ ստադիա:
- Էդ ո՞րն է,- հետաքրքրվում է ֆելդշերը:
- Ո՞նց բացատրեմ, էսօր-էգուց ա, ամենաշատը՝ 3 օր:
- Վախ, տունս քանդվեց, վախ, Համո ջան,- չոքերին է տալիս Համոյի կինը:

Հավաքվածները փորձում են նրան հեռացնել Համոյի մահճի մոտից, եւ այդտեղ կատարվում է ամենաանսպասելին: Համոն կնոջ ողբի վրա դիք նստում է տեղերի մեջ, դիմակը պոկում դեմքից, մի փոխանով դուրս թռչում անկողնուց ու դիմում կնոջը.
- Ախչի, հերիք է ողբաս, հլա չոմբախս բեր…

Առաջինը սենյակից դուրս է թռչում մարզպետարանի պաշտոնյան, նրա հետեւից՝ ֆելդշերը: Բժիշկների բրիգադը, որ հատուկ կոմբինեզոններով ու դիմակներով էր, մնում է շշկռված-կանգնած:
- Դուրս իմ տնից,- որոտում է Համոն:
Մեկ ակնթարթում բժիշկներն էլ են անհետանում:

Այդ օրվանից գյուղացիք մի տեսակ են նայում Համոյին: Ֆելդշերը օրերն է հաշվում, բայց Համոն, թե դուք պատրաստվում եք մեռնել, ինքն էլ է պատրաստվում: Ոչ մի օր տավարն անտեր չթողեց, բոլորից շուտ էր արթնանում, առաջինն իր անասունն էր հանում փողոց: Շներն իսկույն վերի թաղից հասնում էին Համոյի սուլոցին, ու նրանց հաչոցից գյուղն սկսում էր անշտապ արթնանալ:

Վերջերս գնացել էի Համոյենց գյուղ: Հարեւաններիս լավ բտած ցուլիկ էի խոստացել՝ ղավուրմայի համար: Իջա գյուղապետի տան մոտ, որ հարցը կարգավորի: Դուռը կինը բացեց եւ, իմանալով, թե ինչու եմ եկել, սկսեց լաց լինել:
- Ի՞նչ է պատահել:
- Ի՞նչ պետք է պատահեր: Էն Համոյի պատճառով մարդուս գործից հանեցին, հիմա էլ դատի են տվել:
- Համոյի՞, Համոն սա՞ղ է դեռ…
- Բա ինչ զահրումար է, էսա մի տարի է՝ քովիդով ապրում է: Մարդս ինչքա՞ն խնդրեց՝ այ Համո, գնա, հիվանդանոց պառկի, գյուղի պատիվը փրկի: Գնա՞ց…
- Բայց, սպասիր, Համոյի մեղքը ո՞րն է: Գյուղում ուրիշ տղամարդ չկա՞ր, թող գնար՝ գյուղի պատիվը փրկեր:
- Եսիմ, է, երեկ գյուղապետի պաշտոնակատար են նշանակել: Խոստացել է մի քանի օրում 2-3 հիվանդ ճարի եւ թիվ տա մարզպետարան:
- Ճիշտն ասած՝ մսի եմ եկել, չգիտե՞ք, ով է անասուն մորթել:
- Համոն է ցուլիկը մորթել, կառնե՞ս, գնա առ:

Քշեցի գյուղի ներքին թաղը՝ Համոյի տուն: Ինչո՞ւ չեմ առնի, մտածում էի ճանապարհին, մարդն իր կյանքով է ապացուցել, որ քովիդ չէ: