Թուրքե՛րն են հարձակվել Գյումրիի համայնքապետարանի վրա․ քաղաքապետի նոր ժ/պ-ն ազատվում է «հներից»

Թուրքե՛րն են հարձակվել Գյումրիի համայնքապետարանի վրա․ քաղաքապետի նոր ժ/պ-ն ազատվում է «հներից»

Չնայած հաշված օրեր են մնացել Գյումրու ՏԻՄ ընտրություններին, բայց նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։Նրան այդ պաշտոնում նշանակելու առաջարկ է արել Շիրակի մարզպետ, իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը։

Երկու օր է, ինչ Ալբերտ Մարգարյանը ստանձնել է պաշտոնը, և համայնքապետարանի աշխատակիցների խոսքերով, իրենք բառի բուն իմաստով ենթարկվում են տեռորի։ Իրար ետևից աշխատանքից ազատվում են երկար տարիների աշխատակիցներ, ոլորտի մասնագետներ։ Իսկ այսօր արդեն քաղաքապետարան մուտք գործելու համար նոր անցակետ է տեղադրվել։

«Ներկայանում եմ աշխատանքի՝ Գյումրիի քաղաքապետարան: Անցակետի երկու դռնակներն էլ փակված են, անցակետում մեր ճանաչած երկու աշխատակցուհիները՝ մեկ կին և մեկ աղջիկ, տեղում չեն, և նրանց փոխարեն մեկ այլ աղջիկ է՝ անծանոթ, կողքին էլ երկու երիտասարդներ, աղջիկը հարցրեց իմ անուն-ազգանունը, ապշեցի․ նման բան 21 տարվա ընթացքում չէր եղել, ասի անունս, աղջկա ձեռքի տակ ինչ-որ ցուցակ էր, հարցրեցի՝ սա ինչպե՞ս հասկանալ: Երիտասարդներից մեկը պատասխանում է՝ այդ աղջիկը այսօրվանից պետք է այստեղ աշխատի, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է ասել: Աղջիկը այնպես արագ գտավ իմ անունը, կարծես թե սպասում էին ինձ, ցուցակ, և կայծակնային գտնվեց իմ անունը, ընդսմին՝ քաղաքապետարանի աշխատակիցներս 234-ս ենք, նշանակում է՝ ցուցակը պետք է լիներ մի քանի էջանոց, սակայն աղջկա ձեռքի տակ մեկ հատ թուղթ էր՝ այն էլ հավանաբար սև ցուցակ, միևնույն պահին՝ նկատեցի, որ մի փոքր խորքը շփոթահար կանգնած էին իմ գիտեցած երկու աշխատակցուհիները: Դռնակը բացեցին, ներս մտա, այդ պահին իմ ետևից գալիս էր փոխքաղաքապետը, վերջինս այդ աղջկանից պահանջեց հրամանը, հասկանալի է՝ նման հրաման չկար ու չէր կարող լինել, փոխքաղաքապետի պահանջով այդ աղջիկն ու երիտասարդները լքեցին անցակետը՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով: Սա խուլիգանություն է, ներխուժել են համայնքապետարան, հաստիքային աշխատողներին սպառնալով ազատել աշխատանքից: Ընդ որում՝ մեզանից ամեն մեկը տեր է աշխատանքային վիթխարի կենսագրության, հարգարժանության, բայց ահա ականատես ենք անբարոյականության, լպիրշության. թուրքե՛րն են հարձակվել Գյումրիի համայնքապետարանի վրա», -պատմում է  կրթության բաժնի աշխատակից, ոլորտի առաջատար մասնագետ Արա Մաթևոսյանը։  

Տեղեկացանք, որ երեկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատել է նաև քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանին, որի աշխատանքային ստաժը գերազանցում է բոլորին, նա այդ պաշտոնին էր դեռևս Գյումրու առաջին քաղաքապետի օրոք։ Մեզ հետ զրույցում տիկին Ջիլիվյանը հաստատեց աշխատանքից ազատման լուրը․ « Այո, ես աշխատանքից ազատված եմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջին իսկ աշխատանքային օրը»։

Համայնքապետարանի աշխատակիցներից մեկն էլ առանձին մեզ տեղեկացրեց․ «Վերևներից ցուցակ են տվել նրա ձեռքը, ու գործուղել քաղաքապետարան, պահանջել են, որ մինչև ընտրությունների ավարտը, իրենց համար անցակալի մարդկանցից համայնքապետարանը մաքրի» ։

Կապ հաստատեցինք Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի հետ։ Սկզբում զարմացավ՝ ի՞նչ անցակետ, ի՞նչ խառնաշփոթ, ի՞նչ աշխատանքից ազատման պահանջ, իսկ հետո ասաց․«Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, բայց ես աշխատանքից ազատել եմ հայեցողական պաշտոններ ունեցողներին, ազատել եմ իմ գործավարին, վարորդին, խորհրդականին, օրենքը դա թույլատրում է, իսկ հաստիքային աշխատողների հետ ես ի՞նչ գործ ունեմ»։

Այդ դեպքում ինչու՞ է ազատել ֆինանսական բաժնի պետին՝ Լենա Ջիլավյանին։ «Նա քաղաքապետի խորհրդական էր, ազատել եմ» ։ Ալբերտ Մարգարյանի պատասխանը միանգամայն անակնկալ  էր, քանի որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում Լենա Ջիլավյանը շարունակում է մնալ որպես ֆինանսական բաժնի պետ, մինչև վերջին ավագանու նիստը նա, որպես ֆինանսական բաժնի պետ, ներկայացրել է բոլոր զեկույցները։ Երբ պնդեցինք, որ նա ֆինանսական բաժնի պետն է, Մարգարյանը վրդովվեց․ «Ոչ, այդպես չէ» ։ Իսկ ահա կրթության բաժնի աշխատակից Արա Մաթևոսյանին քաղաքապետի պաշտոնակատարը չէր էլ ճանաչում․ «Դա ով է, ես էդ մասին տեղյակ էլ չեմ, չեմ էլ ճանաչում էդպիսի մարդ» ։