Վախենամ՝ դառնանք ոչ թե անցողիկ, այլ զոհաբերվելիք զինվոր. ի՞նչ է սպառնում Հայաստանին

Վախենամ՝ դառնանք ոչ թե անցողիկ, այլ զոհաբերվելիք զինվոր. ի՞նչ է սպառնում Հայաստանին

Ժամեր առաջ մեծ հանդիսավորությամբ Երևանն ու Վաշինգտոնը՝ ի դեմս երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի ստորագրեցին երկկողմ ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունը:

Ստորագրման արարողությանը հաջորդած ասուլիսում Բլինքենը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ԱՄՆ-ն հատուկ խումբ կուղարկի Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերի քննարկման նպատակով: Սա ասում է Իրանին թշնամի համարող ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ Իրանի բարեկամ Հայաստանի մասով: 

Հատկանշական է, որ ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Իրանի նախագահը հայտարարել է, թե ռազմական առճակատման չեն ձգտում, բայց ցանկացած ձևով կհարվածեն ԱՄՆ-ին և Իսրայելին, եթե վերջիններս որոշեն հարվածել: Իսկ ինչու՞ ենք բացառում, որ ամերիկյան գործակալները, զինվորականները կհարվածեն մեր երկրի տարածքի՞ց: Ես որ չեմ բացառում: ԱՄՆ-ի համար սրբություն չկա...

Հիշենք նաև, թե օրերս Երևանում ինչ էր ակնարկում ՀՀ իշխանություններին Իրանի ԱԽ քարտուղարը: Վերջին շրջանում, բայց մեզ համար հատկապես կարևոր հանգամանքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով պայմանավորված, կարևոր է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որը հակընդեմ է Բաքվին և համահունչ հայոց ազգային անվտանգային շահերին:

«Իրանի բանագնացը Փաշինյանին բացատրել է Անդրկովկասում շախմատի խաղի կանոնները,- այս մասին «Свободная пресса»-ի իր հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ԱԱԽ քարտուղար Ալի Ահմադիանի օրերս կատարած այցին Երևան։ Վերլուծաբանը գրում է, որ մերձավորարևելյան մեծ ճգնաժամի ցունամիի ալիքները հասնում են Անդրկովկաս։
Ըստ Տարասովի, Թեհրանին մտահոգում է Բաքվի՝ Երևանի հասցեին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի և Թուրքիայի հետ: Փորձագետը պնդում է, թե Օրանը կասկածում է, որ հայկական Մեղրիի շրջանը կարող է գրավվել Ադրբեջանի կողմից, ինչն Իրանը դիտարկում է՝ որպես իր անվտանգության սպառնալիք։

Թեհրանն ունի Բաքվի նկատմամբ զսպող ազդեցություն գործադրելու ավելի մեծ հնարավորություն, թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Հյուսիս-Հարավ գլոբալ աշխարհատնտեսական նախագծի մասնակից և շահագրգռված է աշխարհաքաղաքական կայունությամբ Կովկասում, նշում է արևելագետը:
«Caliber․az-ի բացառիկ տեղեկություններով, Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ Հայաստանին առաջարկել է հրաժարվել սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդական առաքելությունից։ Հասկանալով, որ Երևանն այս կերպ փորձում է Բրյուսելից «իր անվտանգության երաշխիքներ» ստանալ՝ Ահմադիանն առաջարկել է Հայաստանին ռազմական պայմանագիր կնքել՝ ՀՀ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ։ Սա, ըստ Թեհրանի, չի համարվի «դրսի ռազմական ուժերի առկայություն Հայաստանում և միայն կկայունացնի իրավիճակը»։ Այսպիսով, Հայաստանը հայտնվել է պատրաստի լուծումներով աշխարհաքաղաքական երկու կենտրոնների արանքում և ստիպված է լինելու իր համար դժվար քայլեր նախաձեռնել»,- նշում է Տարասովը։

Նրա դիտարկումների համաձայն, իրավիճակից երկու ելք կա. առաջին՝ հաշտություն կնքել Ադրբեջանի հետ, վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և դրանով իսկ պաշտպանվել հետագա բացասական զարգացումներից, և երկրորդ՝ կրճատել ԵՄ առաքելության գործունեությունը, թեև Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի միանալու մասին օրենքի նախագծին։

Ի դեպ, Իրանի և հատկապես ՌԴ-ի հետ բնական դաշնակցությունն ամեն գնով անտեսող ՀՀ իշխանությունները թող սա էլ հասկանան՝ հունվարի 17-ին Մոսկվան և Թեհրանը ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրելու՝ Պուտին-Փեզեշքիան բանակցությունների արդյունքում: 

Այս ամենը վկայում է հետևյալի մասին. Հարավային Կովկասում  իրական ու վտանգավոր շախմատային պարտիա է սկսվում. վախենամ՝ Հայաստանը դառնա ոչ թե անցողիկ, այլ զոհաբերվելիք զինվոր...