Եթե փաստ ունեն, որ իմ ամուսինը դավաճան է, թող մեր ընտանիքը հրապարակում վառեն

Եթե փաստ ունեն, որ իմ ամուսինը դավաճան է, թող մեր ընտանիքը հրապարակում վառեն

«Մեզ ծեծել են, մեզ հայհոյել են, մեզ վրա ավտո են քշել՝ ամուսնուս պետական դավաճանության մեջ մեղադրող տեսանյութերի հրապարակումից հետո»,- մեզ հետ զրույցում ասաց պետական դավաճանության մեջ մեղադրվող Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ Գ. Խաչատրյանը: Նախ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանց կալանավորման մասին հայտարարել է Փաշինյանը, հետո ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, դրանից հետո իրենց կյանքը վերածվել է դժոխքի: 
«Իմ ամուսինը 67 տարեկան է, ինքը վերջին յոթ տարիներին ընդհանրապես Արցախում չի եղել, ԱԱԾ-ն հարցումներն արել է, իրենք գիտեն, որ ամուսինս Արցախ չի այցելել: Գագիկն ընդամենը Մոլդավիայում թուրքի հետ ինչ-ինչ բիզնես հարաբերություններ է ունեցել, ինչն էլ հիմք է դարձել ամուսնուս մեղադրելու համար»,-ասաց Գ.Խ.-ն:

Նա հավելեց, որ իր ամուսինը շաքարային դիաբետով է տառապում, ինսուլտ է տարել, իսկ տեսակցությունները վերջինիս հետ արգելված են: Խաչատրյանի ամուսնուն 2021 թվականի հունիսի 1-ին են կալանավորել, նրա առողջական խնդիրների մասին վկայող փաստաթղթերը ներկայացրել են ԱԱԾ․ «Դատարանները այնքան կձգձգեն, իրենք գիտեն երևի, որ հիվանդ է, վատառողջ է, կարող է ուզում են մահանա՞ հենց այնտեղ, մի օր շաքարը բարձրանա, կմահանա՝ գործն էլ կփակվի-կգնա»,- ասաց կինը:

Գագիկ Հովհաննիսյանն այժմ գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում և առողջական վիճակը շատ ծանր է: «Առողջական վիճակը շատ վատ է: Անցած դատի ժամանակ շտապ օգնություն են կանչել: Երևի ուզում են առողջական վիճակը վատանա, պրծնի, մաքրվի գնա ամեն ինչ: Ինչի՞ համար են փակել տեսակցությունները»,-ասաց Հովհաննիսյանի կինը և հավելեց, որ տեղյակ չէ գոնե ամուսնուն մեկուսարանում բժիշկ զննո՞ւմ է, թե՞ ոչ:

Պատերազմի ժամանակ, չնայած իրենց ծանր ֆինանսական վիճակին, բանակին օգնություն են ուղարկել, իսկ հիմա մասնավոր փաստաբան վարձելու հնարավորություն անգամ չունեն: Գագիկ Հովհաննիսյանին հանրային պաշտպան է պաշտպանում:

«Դեռևս առաջին դատին, քանի դեռ դատական նիստերը փակ ռեժիմով չէին անցկացվում, դատախազի պնդմամբ և դատավորի որոշմամբ փակվեցին, առաջին դատին ներկա եմ եղել, առաջին դատից հասկացել եմ՝ երկու հոգին էլ կանգնեցին, ասեցին, որ իրենք նման բան չեն արել՝ դե թող դատախազը կանգներ ասեր՝ չէ, արել եք: Դատախազը պնդեց, քանի որ դուք դրսում ունեք բարեկամներ, լեզուն էլ գիտեք, ուրեմն դավաճաններ եք»,-պատմում է մեղադրյալի կինը:
Ամուսնու դատը միտումնավոր ձգձգում են, չեղած գործով էլ վկաների են լսում եւ հիվանդ ամուսնուն մեկ ու կես տարի պահում են մեկուսարանում:

«Ամուսինս պատերազմական գործողություններին չի մասնակցել, հարևանները գոնե գիտեն , որ այդ մարդը Արցախ չի գնացել: Արցախ գնացել ենք յոթից ութ տարի առաջ, երբ իմ տղան ծառայում էր Քյոխի զորամասում, իմ տղեն մեդալներով եկել է ու այսօր այդ տղային ասում են՝ քո հայրը դավաճան է: Մոլդովիայում թուրք ես տեսել․․․ բա էդ մարդիկ կարող է թուրք տեսնեն, ոչ մի փաստ չունեն ձեռքները: Ինչ-որ բիզնես գործեր են եղել, կարող է և թուրքերն ասել են՝ մեզ տվյալ կտաք կամ ինչ, կարող է՝ նեղն են ընկել՝ ես չգիտեմ: Մեր տունը խուզարկել են, մեքենան խուզարկել, հեռախոսային խոսակցություններով իմն էլ, ամուսնունս էլ, ոչ մի բան չկա այդ թեմայով: Այսինքն, իրենք երևի գիտեին, որ հիվանդ մարդ է, ֆինանսապես ապահովված չենք՝ հետևից լավ եկողներ չեն լինի․․․ հետևից, իհարկե, եկողներ կլինեն, բայց անընդհատ ասում ենք, որ արդարություն կլինի՝ ոչ մի արդարություն էլ չի լինում: Եթե առաջ դատերը ամիսը մեկ լինում էր, մի բան լսում էինք գոնե, հիմա արդեն երկու ամիս է՝ սեպտեմբերի 28-ին է դատը: Ես զգում եմ, իրենք տանում են նրան՝ այս մարդը մեռնի ու ոմանք մաքուր դուրս գան: Որորվհետև ինքը անոթների խնդիր ունի, երբ որ իր թղթերը պոլիկլինիկայից վերցրի, բժշկուհին ասաց, որ նման խնդիր ունեցող անձանց չեն կալանավորում, իր առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Ես բոլոր թղթերը տարել եմ, բայց ո՞վ է ինձ լսողը: Առանց փաստերի՝ մարդկանց դատում են: Մյուս մեղադրյալը, որ ասաց իր անձնական հեռախոսով նկարել է՝ ինքն էլ է հիմա ասում, որ նման բան չկա»,- շեշտեց Գ.Խաչատրյանն ու հավելեց. «Ես հայտարարում եմ, եթե փաստ ունեն, թող մեր ընտանիքը հրապարակում վառեն՝ ես համաձայն եմ, հրապարակի մեջտեղում»:

Գագիկ Հովհաննիսյանի հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը «Հրապարակի»հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչում և ընդհանուր առմամբ առաջադրված մեղադրանքը բավականին վիճահարույց է:

Մեր հարցին, թե դատական նիստերը միտումնավո՞ր են ձգձգվում, ասաց, որ ընդհակառակը՝ հետևելով դատական նիստերի հաջորդականությանը, կարելի է տեսնել, որ չնայած ընդհանուր դատական համակարգի ծանրաբեռնվածությանը, նիստերը կրկնակի, եռակի անգամ ավելի արագ են տեղի ունենում և դա կոնկրետ գործը քննող դատավորի՝ Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատավոր Ադրինե Ղուկասյանի զբաղվածությամբ է պայմանավորված: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի առողջական վիճակին, ասաց, որ վերջինս առողջական խնդիրներ ունի, բժիշկները պետք է գնահատական տան:

«Այս պահին ինքն ինձ տեղեկություն չի փոխանցել, որ դիմել է բժշկական օգնություն ստանալու համար ու իրեն մերժել են, միգուցե եղել է, բայց ինձ հետ նման հարցեր չի քննարկել»,-ասաց վերջինս: Հետաքրքրվեցինք, թե ինչու է դատարանը արգելել մեղադրյալի տեսակցությունները, ասաց, որ սկզբում քննիչն արգելել է, իրենք դիմել են միջնորդությամբ՝ արգելքը վերացնելու:
«Մեղադրող կողմն առարկեց, որ դեռևս մի քանի վկաներ կան, իրենց հարցաքննությունից հետո նոր դիտարկվի հարցը: Դատարանն էլ մեր միջնորդությունը մերժեց: Հիմա այս վկաները որ հարցաքննվեն, այնտեղ շատ քիչ վկաներ են մնացել՝ մի երկու հոգի, իրենց հարցաքննությունից հետո՝ Գագիկի հետ քննարկելուց հետո, կարծում եմ նորից կդիմեմ տեսակցությունների արգելքը վերացնելու խնդրանքով: Կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն կվերացնեն արգելքը»,-եզրափակեց Ցոլակ Մարգարյանը: