Քննադատություն չեն լսում, չեն ընդունում, դրա համար էլ դատապարտված են ձախողման

Քննադատություն չեն լսում, չեն ընդունում, դրա համար էլ դատապարտված են ձախողման

Մենք զրուցել ենք «Հայրենիք» կուսակցության անդամ Լեւոն Մնացականյանի հետ։

Մնացականյանին նախ հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ նա նախկինում եղել է ՀՀԿ-ական պատգամավորի օգնական, ապա աջակցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ է։

«Որպես Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորի օգնական՝ աշխատել եմ ընդամենը 4 ամիս, դրանից հետո միացել եմ, այսպես կոչված, ժողովրդական հեղափոխությանը՝ հույս ունենալով տեսնել ավելի բարեկեցիկ, արժանապատիվ Հայաստան։ Ինչու եմ հիմա անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը եւ ինչու գործող իշխանության հետ չեմ, քանի որ ընդհանրապես չեմ կիսում գործող իշխանության որդեգրած քաղաքականությունը»,- պատասխանեց Մնացականյանը։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեիք, ե՞րբ եք հիասթափվել։

- Հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ՝ երկրում արժեհամակարգային եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ անելու համար, բայց արդեն անցել է 2 տարի, եւ գործող իշխանությունը, թվացյալ թշնամիներ փնտրելով, փորձում է արդարացնել իր անգործությունը։ Այսինքն՝ ձախողված կառավարման պարագայում անընդհատ շահարկում են նախկինների թեման՝ «նախկինների մնացորդներ» եւ այլն, եւ այլն, բայց գործող իշխանությանը ոչ ոք չէր խանգարում՝ 2 տարվա ընթացքում հաջողություններ արձանագրել որեւէ ոլորտում։

- Բայց Փաշինյանն էլ անընդհատ 100 փաստ է բերում, ասում է, որ ճանապարհներ են կառուցվում, զինվորները լոլիկ եւ ելակ են ուտում․ սա բավարար չէ՞ Ձեզ համար։

- Ես բավականին մոտ եմ կանգնած եղել հեղափոխական հարթակին եւ շատ լավ լսել ու հիշում եմ, թե ինչի համար արվեց հեղափոխությունը, եւ ինչ բարեփոխումներ պիտի արվեին։ Ձեր նշած բարեփոխումներն ընդամենը կոսմետիկ բնույթ են կրում, շատ լավ է, որ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում են, բայց դա իշխանության պարտականությունն է, իշխանությունը պարտավոր է ժողովրդի վճարած հարկերով կառուցել ճանապարհներ։ Այսինքն՝ դա չպետք է սարքել դրոշակ եւ ասել՝ այ, տեսնո՞ւմ եք, նախկինում չէր կառուցվում, հիմա կառուցվում է։ Այդ ամենի ֆոնին կան բազմաթիվ բացթողումներ, բազմաթիվ կոնվենցիաների ընդունում, որոնք, մեղմ ասած, ոչ հայամետ են, վառ օրինակ՝ Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաները, որոնք իրենց մեջ պարունակում են տարրեր, որոնք հայի տեսակին, ազգային նկարագրին ընդհանրապես համահունչ չեն։

- Իշխանություններն ասում են, որ երեխաները պետք է սեռական դաստիարակություն ստանան, քանի որ հետագայում դրա բացակայությունը բարդությունների է հանգեցնում։ Համամիտ չե՞ք։

- Ընդհանրապես համամիտ չեմ։ Վստահ կարող եմ ասել, որ ոչ միայն ես, այլեւ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը դեմ է։ Ում հարցնում ես այդ Ձեր նշած «բարեփոխման» վերաբերյալ, բոլորը նշում են, որ կոնկրետ այդ դասաժամին իր երեխան չի մասնակցելու, քանի որ դա դեմ է հայի հոգեբանությանը եւ հայի տեսակին։

- Երկրում արտակարգ դրության ժամկետը մոտենում է ավարտին՝ այն երկարաձգելու վերաբերյալ դեռեւս չի հայտարարվել։ Ինչպե՞ս կգնահատեք իշխանության ջանքերն այս 6 ամիսների ընթացքում։

- Արտակարգ դրությունը ձեւական է։ Քանի որ բոլորս էլ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ տեսնում ենք, որ թե՛ արտակարգ դրությունը, թե՛ կարանտինային ռեժիմը չեն սահմանվում այնպես, ինչպես սահմանում են գործող իշխանությունները։ Անունը դրել են արտակարգ դրություն, բայց բոլորը հանգիստ շրջում են քաղաքում, միայն «դիմակահանդեսային» ինչ-որ պայքար է, եւ դիմակ չկրելու համար այս ծանր սոցիալական պայմաններում քաղաքացուն տուգանելն անթույլատրելի է։ Վերջերս էլ օրենք են ստորագրում, որ ԱԺ նախագահը, վարչապետը, կաթողիկոսը եւ մի շարք այլ պաշտոնյաներ իրավունք ունեն դիմակ չկրելու։ Այստեղ հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի նշած «3 միլիոն վարչապետներն» ինչո՞վ են տարբերվում «քաղաքական էլիտայից», ինձ շատ հետաքրքիր է։

- Ընդդիմությունն ասում էր նաեւ, որ արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգվում է՝ Փաշինյանի ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Եթե արտակարգ դրությունն ավարտվի, ձեր կուսակցությունը պատրաստվո՞ւմ է կոնկրետ գործողություններ իրականացնել։

-  Մեր կուսակցության եւ մեր քաղաքական առաջնորդի գործունեությունն ընդհանրապես ինքնանպատակ չէ։ Երկիրը կանգնած է 2018-ի եւ 2018-ից առաջ եղած լուսանցքում, երկիրն առաջ չի շարժվում, քանի որ նախ այդ «նախկինների» թեզերը շրջանառության մեջ դնելով՝ շարունակում են պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է արտակարգ դրությունից հետո խոստացված «թեժ աշնանը», ապա «Հայրենիք» կուսակցությունն արձագանքում է երկրում իրապես նկատելի եւ ժողովրդին հուզող խնդիրներին։ Այսինքն՝ եթե իշխանությունը ճիշտ կառավարի, ապա մենք անհարկի չենք քննադատում, բայց հիմա արդեն երկիրը պարզապես կանգնած է կոլապսի շեմին։

- Եվ ո՞րն է կուսակցության պահանջն իշխանությանը։

- Մենք անընդհատ մատնանշում ենք իշխանության սխալները։ Ընդհանրապես, քաղաքական դաշտում ճշմարտությունն առաջ է գալիս ընդդիմություն-իշխանություն երկխոսության, բանավեճերի արդյունքում։ Մենք անընդհատ մատնանշում ենք նրանց սխալները, որ, օրինակ, պետք չէ անհարկի տուգանել քաղաքացիներին՝ դիմակ չկրելու համար, դրանից հետո՝ նորից անձնագրի համար։ Հազարավոր ընտանիքներ կան, որ չեն կարող այս սոցիալական իրավիճակում վճարել այդ տուգանքները։ 

- Իշխանությունը ձեր քննադատությունները կարծես չի լսում, այս դեպքում ի՞նչ եք պատրաստվում անել։

- Կարծում եմ՝ բոլորի կողմից նկատելի է, որ գործող իշխանությունը շատ եսակենտրոն է, եւ ընդհանրապես չեն լսում ոչ մի քննադատություն։ Այնպես չէ, որ եթե քննադատում ես, ուրեմն դու վատն ես, հիշում եք, որ հասարակությանն արհեստականորեն բաժանեցին սեւերի ու սպիտակների, որը մեր արտաքին թշնամիների պարագայում ընդհանրապես անթույլատրելի է, քննադատություն չեն լսում, չեն ընդունում, դրա համար էլ դատապարտված են ձախողման եւ արդեն ձախողել են, քանի որ ոչ մի ոլորտում հաջողություններ չունենք, բացի իմ նշած կոսմետիկ փոփոխություններից, որոնք ՀՀ հպարտ քաղաքացու բարեկեցությունը չեն լավացնում։