Շնորհավորել է Էրդողանին և հիշեցրել ղարաբաղյան պատերազմի մասին

Շնորհավորել է Էրդողանին և հիշեցրել ղարաբաղյան պատերազմի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել նրան մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։

Նա նաև  Էրդողանին պաշտոնապես հրավիրել է այցելել Ադրբեջան, ինչն ընդունվել է։ Բացի այդ, Ալիևը նաև նամակ է հղել Թուրքիայի երկարամյա առաջնորդին, որում, ի թիվս այլնի, հիշատակել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասին․

«Մեր ժողովուրդը մշտապես մեծ երախտագիտությամբ է հիշում անձամբ ձեր, եղբայրական պետության և Թուրքիայի ժողովրդի վճռական, միանշանակ քաղաքական և բարոյական աջակցությունը Ադրբեջանի՝ օկուպացիայից իր հողերը ազատագրելու պայքարում»։

Ի դեպ, թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ «առաջին շնորհավորանքն ստացվել է եղբայրական Ադրբեջանից»։ 

Էրդողանին ու նրա կնոջը շնորհավորել է նաև Ալիևի կինը՝ Մեհրիբանը, որը նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահն է, թուրք գործընկերոջը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հավելենք նաև, որ ընտրությունների ավարտից հետո Ստամբուլում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս՝ Էրդողանը հայտարարել է, որ իր «եղբայր Ալիևը համաձայնել է գալ Թուրքիա՝ հաղթանակը միասին նշելու համար»։

Մինչ այդ, Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք ցնծությամբ տոնել են ավագ եղբոր՝ Էրդողանի հաղթանակը։