Ալվարդ Հովսեփյան. Ձեռքս պինդ բռնիր

Ալվարդ Հովսեփյան. Ձեռքս պինդ բռնիր

ԶԱՅՐՈՒՅԹԻՍ ՊԱՀԻՆ

Հայրենակա՜ն տուն,
Ամեն թիզ հողիդ կորստյան ցավից
Խելահեղության փոթորիկները
Տապալում են ինձ եւ դուրս են նետում
Իմ համբերության սահմանագծից։
Ես համակ խառնած սեւ ու սպիտակ՝
Տագնապներիս խոլ ալեբախումից
Ծառս եմ լինում, հեծում հուսահատ,
Անսանձ ու անղեկ դիվահարի պես
Անզորությունից զարկվում պատեպատ։

Այս ի՜նչ են բոթում...
Մեր կենաց ծա՞ռն են
Մայր հողից հատում։
Սադայելը նոր շրջա՞ն է գծել,
Աչքակապուկ է խաղում ազգիս հետ՝
Հավատարմության իր սուտ երդումով։
Մենք էլ աներկբա դարեդար ձգվող
Մեր դյուր հավատով,
Թյուր անգիտությամբ,
Ստրկամտությամբ
Դեռ մանանա ենք «փրկիչից» հայցում
Եվ ինքնահալած արալեզի պես,
Ցավը ներս գցած,
Իր իսկ խողխողած վերքերն ենք լիզում:
Կույր բարեպաշտի հնազանդությամբ
Էլի՞ պապանձվենք,
Էլի՞ հյուրընկալ
Մեր գիրկը բացենք
Ու կանչենք խոնարհ.
- Էստի՜ համեցեք...

 

ՁԵՌՔՍ ՊԻՆԴ ԲՌՆԻՐ

Ձեռքս բաց մի՜ թող, իմ մոլո՜ր երկիր, 
Արդեն չենք զատում էլ թացը չորից, 
Որոգայթներից ինձ քեզ հետ փրկիր,
Թե սայթաքես էլ, վստահ հենվիր ինձ։

Հուդան համբույրն է հանել աճուրդի
Ու դարձրել է քեզ կռվախնձոր, 
Ձեռքս պինդ բռնիր, իմ խոցվա՜ծ երկիր,    
Ես արալեզն եմ վերքիդ արնածոր։


ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ

Ես չեմ խռովել քեզանից, աշո՜ւն.
Դու էլ ինձ նման անբոց մխացիր՝
Աղոթքը շուրթիդ քառասունչորս օր:
Ես՝ թեւակոտոր, դու` կայծակնահար,
Եղերերգ էինք շրշում մորմոքով
Ամեն կաթ թափված արյունի համար:
Քանի՜ անգամ քեզ թեւանցուկ արած՝
Ահով ու դողով մեգին անթափանց
Խրամատները չափչփեցի մունջ՝
Փղձուկս հազիվ կոկորդում սեղմած։

Դու էլ քո ներսում ցավդ խեղդեցիր.
Անձրեւներ չեկան.
Նրանք շիթ առ շիթ լճացել էին
Սգավորների ակնաբներում,   
Որով օրնիբուն ողողում էին
Շիրմաթմբերը սիրելիների։
Ես չեմ խռովել քեզանից, աշո՜ւն. 
Չհասցրեցիր քո զառ գույներից
Կանաչ ու կարմիր նարոտներ հյուսել
Ասպետ-տղերքի պսակի համար: 
Աճապարանքով պատերազմը բյուր
Սեւ գլխաշորեր կապեց ծեսի պես
Ցավից նվաղած մայրերի գլխին,
Քեզ էլ հագցրեց իբրեւ նահատակ
Արյունակոլոլ խաշամե շապիկ։

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ