«Հրապարակ»․ Ավազն ու փոշին լցվում են քաղաքացիների գլխին, ասում են՝ կանաչապատում ենք

«Հրապարակ»․ Ավազն ու փոշին լցվում են քաղաքացիների գլխին, ասում են՝ կանաչապատում ենք

2018-ին Նոր Նորքի զանգվածի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տներից Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակ իջած ու իշխանափոխություն արած երեւանցիները շիվարել են՝ իշխանություններն ապօրինի են ճանաչել իրենց տները, հողին են հավասարեցնում, որ ծառ տնկեն։ «Նոր Նորքի այդ շինությունները սեփականաշնորհման ենթակա չեն եւ պետք է քանդվեն»,- հայտարարեց վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Տիգրան Ավինյանի որոշմամբ, Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տներն են, որ քանդվելու են, իսկ տեղում ծառեր են տնկվելու։

Այդ տների բնակիչները նշում էին, որ իրենց չեն ծանուցել, տները լքելու համար էլ 2 օր ժամանակ են տվել։ Հասարակական կարգի պահպանության համար տարածք բերված հարյուրավոր ոստիկանների աջակցությամբ քաղաքապետարանի հատուկ տեխնիկան ծառերը տապալելով՝ քանդեց տները։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները երկակի ստանդարտներով են առաջնորդվում, մի կողմից ասում են՝ կանաչ գոտի ենք սարքում, որ մայրաքաղաքի բնակիչները մաքուր օդ շնչեն, մյուս կողմից ապօրինի շենքեր կառուցելու թույլտվություն են տալիս, Երեւանն էլ վերածել են շինհրապարակի։

«Այգու աջ հատվածում տեղի էր ունենում ապօրինի շինությունների քանդում, իսկ նույն այգու ձախ կողմում քաղաքապետարանն ապօրինի շինթույլտվություն է տալիս։ Խոսքը գնում է Լվովյան 2/2 եւ 2/1 հասցեների մասին, որտեղ ֆոտոշոփով հասցեները տեղափոխում են, մտնում այգու տարածք ու փորձում են շինություններ կառուցել։ Անհասկանալի է նաեւ նրանց այն պնդումը, թե կանաչապատ տարածք են ուզում ստեղծել, քանի որ վերջին տարիներին Երեւան քաղաքում մեծ ծավալի շինթույլտվություններ են տրվել։ Շինհրապարակների փոշին ու ավազը թափվում են քաղաքացիների գլխին։ Մայրաքաղաքը վերածել են շինհրապարակի՝ առանց գլխավոր հատակագծի»,- ասաց նա։ Մեսրոպ Մանուկյանն օրինակ բերելու համար շատ հեռու չգնաց՝ քաղաքապետարանի կողքի մանկական այգին է մատնանշում, ասում է՝ հատուկենտ ծառ է մնացել, այգում ռեստորաններ ու չգիտեմ ինչեր են սարքում։ «Քաղաքապետարանի քթի տակ է այդ այգին, որտեղ շինարարություններ են արվում՝ առանց քննարկելու՝ օրինակա՞ն են, թե՞ ոչ։ Քաղաքապետարանը եթե ուզում է կանաչապատ այգիներ ու շատ տարածքներ ունենալ, ապա ինչո՞ւ այս այգին հանրային գերակա շահ չի ճանաչում եւ քանդում այդ ռեստորանները»,- նկատեց ավագանու ընդդիմադիր անդամը։ 

Այս թեմայով մի օրինակ էլ մենք բերենք։ Գրել էինք, որ ՀՀ ԳԱԱ-ի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ու աշխատակիցներն ահազանգում են: 16 հարկանի շենք է կառուցվում չորս քիմիական մասնաշենքերի արանքում, սա ռումբ է քաղաքացիների տակ։ Շենքը կառուցվում է գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում, որը կանաչ գոտի է։ Օտարված տարածքը 2014-ին ընդգրկվել է պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Տարիներ առաջ այն օտարվել է մասնավորին, որն էլ այս իշխանության օրոք այնտեղ 16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել։ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն ու նրա աշխատակիցներն օրերս հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ, պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ։ Նշում էին, որ տարիներ շարունակ պայքարել են էկոլոգիական նշանակություն ունեցող ջրավազանը պահելու համար, սակայն այդ պայքարն արդյունք չի տվել։ Թեպետ իշխանավորները խոստացել են ուսումնասիրել խնդիրը՝ մինչ շինթույլտվություն տալը, բայց կենտրոնի աշխատակիցները հանկարծ իմացել են, որ կառուցապատողն արդեն սկսել է շենքի հիմքերը գցել։

Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքն ապօրինի է օրինականացվել։ Գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանն ահազանգում է՝ բազմաբնակարան շենքը կառուցվում է քիմիական 4 մասնաշենքերի մեջտեղում, որտեղ քիմիական գազերի մեծ ծավալ կա։ Իշխանություններին հարցնում է՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու մարդկային կյանքերի համար։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրինակն է բերում, ասում է՝ այս դեպքը չարյաց փոքրագույնն էր։

Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետարանը մի ձեռքով քանդում է մարդկանց տները՝ անունը դնելով կանաչապատում, մյուս կողմից կանաչապատ տարածքները վաճառում է՝ շենք-շինություններ կառուցելու համար։